Փաշինյանը «պատասխանել» է Դավիթ Տոնոյանին
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ է արել հաղթանակ ապահովելու համար:
Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այդ հարցն է տվել իրենց առաջնորդին, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ շեշտեց, թե 2018-ից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ առաջնորդվել է ամեն ինչ բանակի համար սկզբունքով, այնուհետ պատասխանատու հայտարարել.
«Իմ վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ որ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով: Էդքան քննադատված Սու–30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը: Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Մենք պատկերացնում ենք, չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով: Զինված ուժերն ինձ ներկայացրել են ԶՈւ սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար: Ես հիմա չգիտեմ՝ ինչի համար են բերել: Ես ասել եմ՝ ոչ մի խնդիր չկա, կանենք: Բոլորը զարմացել են՝ 12 միլիարդ դոլարի մենք կարանք ներդրում անե՞նք, ես ասել եմ՝ այո, կարող ենք, համոզված եմ, որ կարող ենք: Ինչ եմ արել, մի քանի դրվագի մասին խոսել եմ և փորձել եմ էդ կամքը նաև մեր որոշ բարձրաստիճան զինվորականների մոտ ձևավորել: Բայց հիմա մարդիկ կան, որ պատերազմից հետո, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են՝ բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկի վայրկյաններից նրանց միտքը եղել է՝ ոնց ժամ առաջ ճողոպրեն ռազմի դաշտից: Սա է փաստը: Եվ էսօրվա քրեական գործերով հիմա հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ տպավորությունն է՝ քաղաքական, այլև շատ կոնկրետ փաստերով և փաստարկներով հիմնավորված»:
Այս համատեքստում շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զրահաբաճկոնների խնդրին:
«Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, բանակը դա ստացել է: Ինձ էկել-ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդն ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են՝ հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք: Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ էդ իմ տված 10 միլիոնը տարել են և իրենց գարաժներում պահվող 1973 թվի սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ-ի պահեստ են մտցրել: Եվ այդպես շարունակ, համենայնդեպս, նյութերն այդ մասին են վկայում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով»,- շեշտել է Փաշինյանը:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանը պատասխանել է՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։
«Մյուս կողմից, չեմ կարծում եմ, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել է նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:
Հիշեցնենք, որ փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին, հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.
«ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:
Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:
44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»: