«Երկրի ղեկավարը ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց հասկանալու». Մովսես Հակոբյանը մեկնաբանեց, Արտակ Դավթյանը խուսափեց

Սեպտեմբերի 14–ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե իր վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ինքն այդ խնդիրը չլուծի՝ առնվազն ֆինանսական առումով:

Այս հայտարարությունը Փաշինյանն արել է ի պատասխան իր թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ ի՞նչ է արել հաղթանակ ապահովելու համար:

«Էդքան քննադատված Սու-30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը: Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Մենք պատկերացնում ենք, չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով: Զինված ուժերն ինձ ներկայացրել են ԶՈւ սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար: Ես հիմա չգիտեմ՝ ինչի համար են բերել: Ես ասել եմ՝ ոչ մի խնդիր չկա, կանենք: Բոլորը զարմացել են՝ 12 միլիարդ դոլարի մենք կարանք ներդրում անե՞նք, ես ասել եմ՝ այո, կարող ենք, համոզված եմ, որ կարող ենք: Ինչ եմ արել, մի քանի դրվագի մասին խոսել եմ և փորձել եմ էդ կամքը նաև մեր որոշ բարձրաստիճան զինվորականների մոտ ձևավորել: Բայց հիմա մարդիկ կան, որ պատերազմից հետո, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են՝ բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկի վայրկյաններից նրանց միտքը եղել է՝ ոնց ժամ առաջ ճողոպրեն ռազմի դաշտից: Սա է փաստը: Եվ էսօրվա քրեական գործերով հիմա հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ տպավորությունն է՝ քաղաքական, այլև շատ կոնկրետ փաստերով և փաստարկներով հիմնավորված»:

Այս համատեքստում շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զրահաբաճկոնների խնդրին:

Կարդացեք նաև

«Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, բանակը դա ստացել է: Ինձ էկել-ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդն ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են՝ հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք: Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ էդ իմ տված 10 միլիոնը տարել են և իրենց գարաժներում պահվող 1973 թվի սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ-ի պահեստ են մտցրել: Եվ այդպես շարունակ, համենայնդեպս, նյութերն այդ մասին են վկայում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանի միջոցով պատասխանելով 168.amհարցերին, հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.

«ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման» պետական ծրագրում նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:

Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի: 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որով լիազորել էր իր թիմակից ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:

Նույն՝ 44-օրյա պատերազմի օրերին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, պետբյուջեից, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կանխիկացվել էր շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել էր հայտնի «Շիշ բռնողի»՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով։

Վերադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նախ՝ նկատենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարդար «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման» պետական ծրագիրը, ապա գոնե կիմանար, որ այն տասնամյա չէ:

Երկրորդ՝ անգամ տարրական պայմանագիր կնքելիս, պետք է կարդաս, թե ինչի տակ ես ստորագրում:

168.am-ի հետ զրույցում այս դիտարկումը հաստատեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով 2018 թվականի մայիսի 24-ին Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ:

«Առաջին՝ ծրագիրը եղել է ոչ թե 10 տարվա, այլ 5 տարվա: Երկրորդ՝ շատ վատ է, որ ինքը փաստաթուղթ է ստորագրում և չի կարդում՝ ինչ է ստորագրում: Այսինքն, երկրի ղեկավարը Զինված ուժերի զարգացման պլան է հաստատել՝ առանց հասկանալու, թե ինչ է հաստատել, չընթերցելով այն: Ասեմ, որ այդպիսի մի քանի պլան ես կազմել եմ ժամանակին և դրա վրա ծախսվել է 3-4 ամիս ժամանակ: Մասնագետները ժամանակ են ծախսում այն կազմելու համար, իսկ ղեկավարը հարկ չի համարում այն ընթերցել»,- նշեց գեներալ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ մյուս նախկին պետ Արտակ Դավթյանը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, թե Զինված ուժերն իրեն ինչ ներկայացրել են, մասնավորապես, ԶՈւ սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար, ինքն ասել է՝ խնդիր չկա:

«Կներեք, առանց մեկնաբանման, որովհետև դրա ժամանակը չէ»,- մեր հարցին այսպես պատասխանեց Արտակ Դավթյանը:

Նիկոլ Փաշինյանն իր վերը նշված հայտարարության մեջ, ըստ էության, ակնարկեց նաև հրանոթի արկերի գործի մասին՝ նշելով. «Արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք: Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ էդ իմ տված 10 միլիոնը տարել են և իրենց գարաժներում պահվող 1973 թվի սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ-ի պահեստ են մտցրել: Նյութերն այդ մասին են վկայում»:

Այստեղ ևս մի փոքր ճշտում մտցնենք. այդ արկերը, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, ըստ քրեական գործի՝ եղել են 1977 թվականի չեխական արտադրության, թեպետ պատվերը եղել է 1983-86 թվականների արտադրության:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այս արկերի մատակարարումը ևս տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի օրոք: 

Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ իրեն և Տոնոյանին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանը այս առումով ոչինչ չի ասել:

«Ես չլսեցի, որ դա վերաբերում էր ինձ կամ Տոնոյանին: Այդ հարցը գուցե ոչ ինձ ուղղեք»,- ասաց նա:

Փաշինյանի «ռազմական» մանիպուլյացիան

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի սպառազինության գնումների մասին հայտարարությանը, ապա նրա «ռազմական» մանիպուլյացիաներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տարի առաջ նախընտրական այցի շրջանակում հայտարարել էր՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել: Ակնհայտ այդ սուտը միակը չէր:

Փաշինյանը, ինչպես միշտ, կրկին ստում է՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:

Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

«Кавказский узел» պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում է, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպազինության վրա ծախսված միջոցների առումով:

Օրինակ, արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում, ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- նշվում էր հոդվածում:

Հավելենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ավելին, վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել:

Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, ՊՆ-ից 168.am-ին պատասխանել էին, թե «համաձայն ՀՀ ՊՆ N 9-Ն 09.07.2015 «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ կետի, պարունակում են պետական և/կամ ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»:

Գուցե Արտակ Դավթյանը նմանատիպ ինչ-որ բաներ իմանալով, նպատակահարմար չհամարեց մեկնաբանել, ըստ Փաշինյանի, 12 միլիարդ արժողությամբ ԶՈւ սպառազինության և տեխնիկայի ծրագիրը: Գուցե Դավիթ Տոնոյա՞նը որոշի փաստաբանի միջոցով արձագանքել Փաշինյանի այս և կոնկրետ իրեն վերաբերող ձևակերպումներին:

Տեսանյութեր

Լրահոս