2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի կադրային փոփոխությունները՝ ԱԱԾ-ներում. ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել

168.am-ը շարունակում է 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ և Արցախի ուժային կառույցներում կադրային փոփոխությունների ուսումնասիրությունները. այս անգամ դիտակետում Արցախի և ՀՀ ազգային անվտանգության ծառայություններն են:

Արցախի Ազգային անվտանգության ծառայություն

2018 թվականի հունիսի 6-ին այդ ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել էր Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2014 թվականի հոկտեմբերի 29-ին:

Կարդացեք նաև

Նշենք, որ այդ օրերին մի քանի օր Ստեփանակերտում ցույցեր էին տեղի ունենում, ցուցարարները պահանջում էին Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը՝ բացի ՊԲ-ից:

Ըստ մամուլի հրապարակումների, բողոքի ակցիան սկսվել էր այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև:

Այդ ժամանակ լրատվամիջոցները փոխանցեցին, որ բողոքի ցույցերի պատճառ դարձած ծեծկռտուքի փաստով քրեական գործի շրջանակում անցնողների թվում նաև Արշավիր Ղարամյանի որդու՝ Վարդան Ղարամյանի անունն էր հիշատակվում: Չի բացառվում, որ իրականում դիտավորյալ էին շրջանառում նրա անունը…

Իսկ միջադեպի առիթով հայտարարություն էր տարածել ՊԲ-ն, որում, մասնավորապես, ասվում էր.

«Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Հետաքրքիր է, որ այս միջադեպին արձագանքել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Լավատեսական ահազանգ» վերտառությամբ հոդվածով, որում, մասնավորապես, ասվում էր.

«…Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել:

Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը…»:

Ինչևէ, Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում 2018 թվականի հունիսի 6-ին Արշավիր Ղարամյանին փոխարինեց Սամվել Շահրամանյանը, ով այսօր արցախյան կողմից Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցողն է և Արցախի ԱԽ քարտուղարն է:

2020 թվականի մայիսի 29-ից ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Սամվել Շահրամանյանին փոխարինեց Կամո Աղաջանյանը: 44-օրյա պատերազմի ընթացքում, լինելով ԱԱԾ տնօրեն, շատ ակտիվ և հրապարակային շրջում էր առաջնագծում: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աղաջանյանն այցելել էր մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները:

Սրանից 2 օր հետո Նորայր Միրզոյանը զոհվում է նույն հատվածում՝ Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, նաև այդ ժամանակ առաջնագծում ներկա Աղաջանյանի մեկ այլ տեղակալ՝ Արայիկ Գրիգորյանը:

Ավելին, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն աշխատած Կամո Աղաջանյանի «բացած կամազի ճանապարհով է Հադրութից թշնամին հասել Շուշի»:

Հավելենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:

Ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:

Այսինքն, իմացել են պատերազմի սկսման մասին և ՊԲ-ն պատշաճ և լիարժեք չեն պատրաստել պատերազմի:

Իսկ պատերազմից ավարտից գրեթե անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, Աղաջանյանն ազատվեց ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

2021 թվականի փետրվարի 22-ին Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը:

2023 թվականի հունվարի 16-ին Հակոբջանյանին փոխարինեց գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը (Չոլկա):

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը,  ազատվեց 2019թ. սեպտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Վանեցյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել էր. «Փաշինյանը՝ իմ, Ալիևը՝ իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել»:

Նա նշել էր, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

Նշենք, որ 2018-ի սեպտեմբերի 28- ին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն էին ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, որը հայտնի է՝ որպես «վերելակային հանդիպում»:

Ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ էր ներկայացրել Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին՝ նշելով, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու և օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը, և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ»,– շարունակել էր Փաշինյանը:

2020-ի սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից մի հատված, որը նկարահանվել էր նախքան պատերազմը, սակայն այդպես էլ առ այսօր չի հեռարձակվել: Իսկ հարցազրույցի սեպտեմբերի 28-ին հրապարակված հատվածում Փաշինյանն անդրադառնալով Դուշանբեի «վերելակային» հանդիպմանը՝ նշել էր, որ Իլհամ Ալիևն իրեն խնդրել է ձեռնպահ մնալ Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին խոսելուց:

«Դուշանբեի համաձայնության կետերն ինքս եմ ձեռքով գրել բլոկնոտում, մենք դրանք քննարկել ենք և արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գոհ եմ այդ համաձայնությունից, որովհետև արդյունքում խնայվեցին հայ զինվորների կյանքեր»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ալիևն այդ ժամանակաշրջանում ոչ թե Արցախի հարցով էր մտահոգված, այլ, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի, և, որ Արցախի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե ազգային շահերի հարց է, այլ սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու:

Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում եղած ժամանակ Փաշինյանը Ալիևի հետ այլ հանդիպումներ էլ է ունեցել, որի մասին 168.amը մանրամասն գրել էր:

Ինչևէ, 2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, իսկ 2020թ. մարտի 19-ին նա արդեն նշանակվեց ԱԱԾ տնօրեն, որից նրան ազատեցին 2020 թվականի հունիսի 8-ին:

2020 թվականի հունիսի 8-ին ԱԱԾ տնօրեն դարձավ Արգիշտի Քյարամյանը, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին, մինչ այժմ պատճառը հայտնի չէ:

Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում շարունակել է լինել Արցախում:

«Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրը ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Իսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ, տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր Քյարամյանը:

Ի դեպ, 2021 թվականի հունիսին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով իր ու Օնիկ Գասպարյանի միջև եղած կոնֆլիկտին, հայտարարել էր.

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, իր ասածները երբեք կասկածի տակ չեմ առել: Երբ ինքը նշանակված էր, հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց դրվագ է եղել, ինքը սխալ է զեկուցել, ես ասացի` բացառված է, չեմ հավատում, որ սխալ բան զեկուցած լինի…»:

Այնպես որ, այսօր արդեն ՔԿ նախագահ Քյարամյանը հուլիսյան մարտերի մասին էլ բավականին ինֆորմացիայի է տիրապետում, գուցե նաև՝ ինչ-ինչ մարդկանց մասին կոմպրոմատներ ունի:

44-օրյա պատերազմի օրերին, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Միքայել Համբարձումյանին նշանակեցին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Նրա այս պարտականությունները դադարեցվում են 2020 թվականի նոյեմբերի 8-ին:

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկություն էր արել Փաշինյանին, ինչը մերժվել էր:

Միքայել Համբարձումյանն ավելի ուշ հայտարարել էր, որ ՌԴ նախագահի առաջարկը քննարկման չի ներկայացվել Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում:

Հավելենք, որ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում բոլորը միաձայն համաձայնել են՝ պատերազմը պիտի կանգնեցնել, ինչը չի արվել: Դրանից առաջ՝ պատերազմի 4-րդ օրը, նման առաջարկ է արել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Իսկ 2020 թ. նոյեմբերի 8-ին՝  կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ, ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերյան փաստաթղթում հիշատակում է եղել նաև Տավուշի մասին, որն ավելի ուշ հանվել է՝ ըստ էության, Լաչինի միջանցքի հետ կապված սրբագրումների դիմաց: Նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։

Ավելի ուշ՝ 2021-ի հունիսի 5-ին, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ որակումներին՝ նշել էր.

«Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար: Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Հավելենք, որ 2021թ. հունվարի 9-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել էին գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

2021թ. հունվարի 10-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր հերթին հայտարարություն էր տարածել, որ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափել են հանդիպումից, ինչը խորացրել է իրենց մտահոգություններն ու կասկածները, ԱԳ նախարար Արա Այվազյանը, սակայն, ընդունել է իրենց հետ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու առաջարկը:

Նույն օրը՝ հունվարի 10-ին, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները դարձյալ հանդիպել են, այս անգամ՝ ՀՀ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում:

Իսկ արդեն հունվար 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ ոչ մի անդրադարձ չեղավ գերիներին, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի՝ Ադրբեջանի կողմից խախտումներին, հիմնական թեման ապաշրջափակումն էր:

Թե այսօր ի՞նչ հարաբերությունների մեջ են Օնիկ Գասպարյանը և Արմեն Աբազյանը՝ չենք կարող ասել: Բայց իշխանափոխությունից հետո Արցախում և ՀՀ-ում գրեթե հավասարապես են ԱԱԾ տնօրեն փոխել, և շատ դեպքերում դրանք կապ են ունեցել ինչ-որ գաղտնի կամ ակնհայտ իրադարձության հետ:

Տեսանյութեր

Լրահոս