Մենք պետք է աշխատենք միջազգային ավելի կոշտ արձագանքի ուղղությամբ. Արմեն Պետրոսյան

«Մենք Ադրբեջանի մարտավարության մեջ տեսնում ենք միաժամանակ մի քանի տարբեր գործիքների կիրառում: Այսինքն՝ երբեմն ականատես ենք լինում ուղիղ ուժի՝ ռազմական սցենարի կիրառման, երբեմն՝ պարզապես ուժի սպառնալիքի կիրառման, իսկ վերջին սադրանքն  էլ փափուկ ուժի կիրառման օրինակ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակելու ադրբեջանական հերթական սադրանքին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը. դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում՝ 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։

«Ադրբեջանը քաղաքացիական, էկոլոգիական ակցիայի քողի ներքո փորձում է  հումանիտար ճգնաժամ առաջացնել Արցախում՝ այդ գործողությունը որպես շանտաժի միջոց օգտագործելով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ գործընթացում ներգրավված այլ դերակատարների վրա,- շեշտեց Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Ադրբեջանը դիմում է բազմաշերտ գործիքակազմի իր առջև դրված տարբեր խնդիրներ  լուծելու համար. կոնկրետ Լաչինի միջանցքի շրջափակումը բազմաշերտ կոմբինացիա է, որը հետապնդում է  հոգեբանական, տնտեսական, քաղաքական նպատակներ, և որի վերջնական նպատակը, իհարկե, Արցախի հայաթափումն է:

Իսկ ՀՀ-ին ուղղված ուղերձների ու պահանջների շրջանակում, բնականաբար, առաջնահերթ է Սյունիքում, այսպես կոչված, Զանգեզուրի թուրանական միջանցքի ծրագրի իրականացման պահանջը: Այսինքն, փորձելով նման ճգնաժամ առաջացնել Լաչինի միջանցքում, նրանք կրկին փորձում են իրենց միջանցքային ծրագրի իրականացմանը հասնել՝ Լաչինի և Սյունիքի ճանապարհների միջև դնելով հավասարության նշաններ, որոնք չկան:

Կարդացեք նաև

Մյուս կողմից՝ Ադրբեջանը նորանոր խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար՝ ըստ էության, արդեն իսկ սկիզբ դնելով տարածաշրջանից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերման գործընթացի (փաստացի փակուղային իրավիճակ առաջացնելով՝ Ադրբեջանը դրանով ընդգծում է խաղաղապահ առաքելության ոչ բավարար արդյունավետ գործունեությունը):

Մյուս կողմից էլ՝ սա ուղերձ է Արևմուտքին, որի շահերից է բխում  տարածաշրջանում ՌԴ համար ստեղծված նոր խնդիրները և ՌԴ դիրքերի թուլացման հերթական ենթափուլը»:

Այս իրավիճակում ՀՀ իշխանությունների անելիքների մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝  տարածաշրջանային հարցերով փորձագետը նկատեց, որ  դրանք խիստ սահմանափակ են. այսինքն, բացի ուղիղ կոչերից, դիվանագիտական դաշտում ակտիվացումից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ավելի էֆեկտիվ գործարկելու մեխանիզմներից՝ այլ առարկայական մեխանիզմներ չկան:

«ՀՀ-ն չունի այն հնարավորությունները, որոնց միջոցով տեղում կբացի միջանցքը: Հետևաբար, հիմնական գոծիքակազմը դիվանագիտական դաշտում է: Մենք տեսնում ենք որոշակի քայլեր, որոշակի ակտիվություն՝ ուղղված և՛ միջազգային գործընկեր դերակատարներին, և՛ ոլորտային միջազգային կառույցներին. բայց հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրողությունները՝ միջազգայն արձագանքներն իրենց բովանդակությամբ և ազդեցությամբ բավականին թույլ են, ինչն էլ ավելի է նպաստում Ադրբեջանի ընտրած մարտավարության զարգացմանը»,- նշեց նա:

Արմեն Պետրոսյանը նաև կարևորեց ադրբեջանական շանտաժներին չտրվելու, զիջումների չգնալու քաղաքական կամքի անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ համահայկական գործիքակազմի կիրառումը:

«Մենք պետք է աշխատենք միջազգային ավելի կոշտ արձագանքի ուղղությամբ. այդ հարցում, ՀՀ-ից բացի՝ մեծ անելիք ունի նաև Սփյուռքը: Ցավոք սրտի, սփյուռքի գործունեությունը, ակտիվությունն այնքան էլ նկատելի չէ, ինչը մտահոգիչ է:

ՀՀ-ում տեսնում ենք տարբեր խմբերի ակտիվություն, ինչը գովելի է, բայց, ցավոք սրտի, դրանց ոչ բազմամարդ լինելու հանգամանքը ևս մտահոգիչ է:

Մենք այս պարագայում պետք է գործարկենք համահայկական ներուժը, որի հնարավորությունները բավականին մեծ են, բայց, ցավոք, առայժմ արձանագրած արդյունքները խիստ մտահոգիչ են»,- ամփոփեց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս