
Արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ-ի շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը մեկնում է Վատիկան, որտեղ նա կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լեոն 14-րդ Պապի հանդիսապետությամբ:
Ինչ խոսք, բավականին տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով Արքեպիսկոպոսներին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ, մասնակցելու Կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությանը: Տխուր, ու նաև խորհրդանշական պատկեր է, որն առնվազն առաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է: Սա պարզապես, հռետորական հարցադրում է:
Միայն թե շատ ուշագրավ է, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ նրան հյուր էր եկել մեկ այլ արքեպիսկոս՝ Անթիլիասից, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի բանագնացը, որը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և նրան էր փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը:
Իհարկե, Անթիլիասը տարածեց նաև հաղորդագրություն, որ հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություններն ու դատապարտումը:
Այդուհանդերձ, հաղորդագրությունները թերևս քիչ բան են ասում, թե Շահան Արքեպիսկոպոսի «շուրթերով» Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ է շշնջացել Արամ Վեհափառը, որը նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահն է և բավականին սերտ աշխատանքային հաղորդակցություն ունի Վատիկանի հետ էլ:
Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-16-ին Վատիկանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր այցի ընթացքում հանդիպել էր Լեոն 14-րդ Պապի հետ:
Գուցե ավելորդ չէ նկատել նաև, որ անցնող օրերին Վատիկանում էր նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, որը ծանոթանում էր Վատիկանին պատկանող ժառանգության ռեստավրացիոն աշխատանքներին, որոնց մի մասը հովանավորում է նրա ղեկավարած Հեյդար Ալիև հիմնադրամը:
Հետաքրքիր է, իսկ Մեհրիբան Ալիևան մնալու և մասնակցելու՞ է Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք սրբադասման արարողությանը»: