
Զեկույցում չքննարկված հատվածներ, շրջաններ կան, կարծես 44 օր երկրում, բացի բանակից, զինվորից, սպայից, ԳՇ պետից, այլ կենդանի շունչ չի եղել. Գեղամ Մանուկյան

Վաղը հոկտեմբերի 19-ին է, իսկ 5 տարի առաջ այդ օրն է նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել մտածել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու մասին, ինչի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացի այս, այդ օրը ՀՀ ԱԽ նիստում է ԳՇ ղեկավարության կողմից նման առաջարկ եղել, ինչի հետ, ըստ էության, ներկաներից բոլորը համաձայն են եղել: Մինչ 2020 թվականի հոկտեմբերի 19-ը ևս նմանօրինակ առաջարկներ եղել են, օրինակ, պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կողմից, ինչպես պնդել էր գեներալը, 2020 թ. հոկտեմբերի 7-ին ևս նման առաջարկ-հնարավորություն եղել է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առաջինն է ծանոթացել 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի ավելի քան 200 էջանոց զեկույցին, ուստի փորձեցինք նրանից պարզել՝ արդյոք քննիչ հանձնաժողովի զեկույցում անդրադարձ կա՞ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկին, ինչպես նաև դրանից հետո արված առաջարկներին, հատկապես, երբ հանձնաժողովում բաց հարցաքննության ժամանակ Փաշինյանը որոշ առաջարկների մասին խոսել է:
«Զեկույցում բազում չքննարկված հատվածներ, շրջաններ կան։ Հատուկ շեշտեմ՝ գրեթե ամբողջովին անտեսված, շրջանցված, չքննված են ռազմադիվանագիտական, միջպետական տիրույթում պատերազմի հետ կապված հատվածները։
Կարծես 44 օր երկրում, բացի բանակից, զինվորից, սպայից, ԳՇ պետից, այլ կենդանի շունչ չի եղել՝ վարչապետ, ԱԳ նախարար, ԱԺ նախագահ, պատգամավոր, ոստիկանապետ (ով պիտի իր փախնող ստորաբաժանումներին կարգի հրավիրեր), Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր դատախազ, չեմ ասում՝ ԱԱԾ պետ, քանի որ նրանց օրումեջ փոխում էին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: