Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչ հիմնավորմամբ Մայր աթոռը «մաքրել» անցանկալիներից, ինչպես ժամանակին ՀՀ զինված ուժերը

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է Նիկոլ Փաշինյան-Եկեղեցի կոնֆլիկտին, կամ՝ փաշինյանական քարոզչական-տեղեկատվական արշավին և գործնական քայլերին Մայր աթոռի դեմ, և անգամ «բարեկամական հուշումներ» անում հետագա քայլերի հետ կապված:

Եվ հիմա, երբ Մայր Աթոռի դեմ արշավը նոր թափ է առնում Հայաստանում, կան կալանավորված նոր հոգևորականներ, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը՝ report.az-ը, հոդված է նվիրել Փաշինյան-Մայր աթոռ կոնֆլիկտին, նկատելով, որ այն 4 տարվա պատմություն ունի: Այսինքն, այդ տարաձայնությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո են առաջ եկել, և, որ դրանք կամ դրանց պատճառներն այս տարիներին տարբեր կերպ են մեկնաբանվել:

Ու հենց այստեղ ադրբեջանական քարոզչամեքենան «կողքից հուշում է անում», թե «ամենատրամաբանականն այս պարագայում «5-րդ շարասյան» հարցն է» (թեպետ ՔՊ-ականները Մայր աթոռի և գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրենց «իրավաքաղաքական» պայքարի շրջանակում առանց ադրբեջանական վերը նշված հորդորի էլ այս թեման առաջ բերել են), և հիշեցնում Ուկրաինայում դեռ Պյոտր Պորոշենկոյի նախագահության ժամանակ Կիևի ուղղափառ եկեղեցու անկախության համար զարգացումները, երբ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել էր 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը, ինչը կոշտ քննադատության էր արժանացել Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:

Արդյո՞ք սա տարածելի է Հայ Առաքելական եկեղեցու վրա, և փաշինյանական արշավին ընդդեմ եկեղեցու, պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է:

Կարդացեք նաև

Ինչևէ, ադրբեջանական լրատվամիջոցը շարունակել է և բերել մեկ այլ օրինակ, որ Փաշինյանը «5-րդ շարասյան» դեմ պայքարը 2021 թվականին է սկսել և այն էլ բանակից, ուժայիններից, կատարել բազմաթիվ փոխատեղումներ և կադրային փոփոխություններ ուժային կառույցներում՝ բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ:

«2023 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակում չկա այլևս «5-րդ շարասյուն: Եվ այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը «մաքրվեցին» «5-րդ շարասյան» խմբից, պաշտոնական Երևանը ամրապնդեց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում»,- գրում է ադրբեջանական հոդվածագիրը և հորդորում Փաշինյանին նույնն անել նաև Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ պնդելով, որ «Գարեգին 2-րդը, հայաստանյան ընդդիմությունը «5-րդ շարասյան» ներկայացուցիչներ են»: Ասել կուզեն՝ «ռուսական ազդեցության տակ են»:

Բայց հետո ադրբեջանական լրատվամիջոցն անկեղծանում է և ներկայացնում Փաշինյանին ուղղված իրենց հորդորի իրական պատճառը՝ նշելով. «Այդ «շարասյունը» քարոզում է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ ատելություն, տարածքային պահանջներ է ներկայացնում, «ողբում են» Ցեղասպանության մասին»:

Այսինքն, ադրբեջանական «բարեկամական խորհուրդներում» թաքնված է թուրք-ադրբեջանական պահանջ՝ ազատվել բոլոր նրանցից, որոնք ոչ հայանպաստ խաղաղության օրակարգին կընդդիմանան:

Նշենք, որ մոտ 2 տարի առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր.

«Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»:

Իսկ իրականում Փաշինյանը բանակի դեմ իր պայքարը սկսել է անմիջապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո:

Հավելենք, որ 2023 թվականի մարտին Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր. 

«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»:

Նույն թվականի նոյեմբերին Փաշինյանը վստահեցրել էր, թե բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:

«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,- շեշտել էր նա:

Ի դեպ, երբ այս թեմայի վերաբերյալ լրագրողները 2023 թվականի մարտին հարց էին տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ում փաստորեն իր պաշտոնավարման որոշակի ժամանակահատվածում հաջողվել է «բանակից վերացնել «5-րդ շարասյունը»», պատասխանել էր.

«Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնք երբեմն հօգուտ թշնամու են… Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում, չգիտեմ՝ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։ «5-րդ շարասյունը» կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են»:

Տպավորություն է, որ Սուրեն Պապիկյանը տեղյակ չի եղել, որ իր քաղաքական առաջնորդը պատերազմից առաջ, ընթացքում և հետո գաղտնիք պարունակող տեղեկություններ է պարբերաբար հայտնել, ինչից զերծ չեն մնացել իր քաղաքական թիմի այլ անդամներ:

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցից առաջ Պապիկյանը բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին խոսել էր Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը, կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության: Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։

Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի»:

Հարմար պատճառ է, չէ՞, ազատվելու անցանկալի զինվորականներից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցությանը, ապա նախկինում և՛ ԱՄՆ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ շատ դեպքերում առավել լուրջ համագործակցություն է ունեցել Հայաստանը:

Ի դեպ, «5-րդ շարասյան առկայությունը» ժամանակ առ ժամանակ օգտագործել և օգտագործում է  ինքը՝ Ալիևը, և հիմա այս համատեքստում է նաև ադրբեջանական քարոզչամեքենան մեկնաբանում Ռամիզ Մեհդիևի նկատմամբ իրավաքաղաքական և քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հաճախ «գորշ կարդինալ» անվանվող Ռամիզ Մեհդիևը զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու գրեթե 25 տարիների ընթացքում։ Նա եղել է՝ ինչպես ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ՝ նրա հոր՝ Հեյդար Ալիևի աշխատակազմի ղեկավարը։ Մեհդիևը պաշտոնանկ է արվել նախագահի հրամանագրով 2019 թվականի հոկտեմբերին։ Նույն օրը Ալիևը նրան շնորհել է երկրի բարձրագույն պետական պարգևը՝ առաջարկելով, որ նա «տեղը զիջի երիտասարդ սերնդին»։

Նշենք, որ պրոռուսական է համարվել նաև Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմեդդին Սադիկովը, որին, ինչպես հայտնել ենք, 44-օրյայի ժամանակ մեկուսացրել են թուրք գեներալները:

Ավելին, Middle East Eye-ը  գրել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Անկարան Ադրբեջանին ոչ միայն մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, ՌԷՊ համակարգեր, հետախուզական միջոցներ, այլև թուրք պաշտոնյաները զբաղվել են Ադրբեջանի զինված ուժերից պրոռուսական անձանց և «էլեմենտների» չեզոքացմամբ, որոնցից մեկն էլ համարվել է Նաջմեդդին Սադիկովը:

Տեսանյութեր

Լրահոս