
Որքա՞ն աշխատավարձ է ստացել Մարիա Զախարովան, երբ սկսել է աշխատել ՌԴ ԱԳՆ–ում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե որքան աշխատավարձ է ստացել, երբ նոր է սկսել աշխատել նախարարությունում։
«Երկիրը փլատակների մեջ էր։ Ինձ վճարում էին այնքան, որ հերիքում էր մետրոյով ԱԳՆ–ի շենք հասնելուն։ Նույնիսկ չգիտեմ՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում որևէ մեկը կաշխատե՞ր, եթե նրան հարյուր դոլար վճարեին։ Ինձ ավելի քիչ էին վճարում»,- ըստ ՍպոտնիկԱրմենիայի՝ ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ ինքն ու ԱԳՆ մյուս աշխատակիցները տնից էին ուտելիք բերում իրենց հետ, որովհետև փող չկար։ Զախարովան այդ տարիներին գումար է վաստակել չինացի զբոսաշրջիկների համար թարգմանություններ անելով։
Ընդ որում, ինչպես նշել է դիվանագետը, իր դեպքն առանձնահատուկ չէր. այն ժամանակ ԱԳՆ-ում քիչ չէին մարդիկ, որոնք պետական ծառայության էին գալիս ոչ փողի կամ փառքի համար։
«Մենք եկել էինք ինչ-որ ներքին զգացումով և հավատով, որ դա պետք է անել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այս համատեքստում նա նշել է, որ երբ տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, զգում է, որ նա նույնպես ինչ-որ ներքին հավատով է առաջնորդվում։