
Ինչու է լռում Գևորգ Պապոյանը. ԵՄ գնացող ՔՊ-ի եվրասիական փրկությունը

Կառավարության գործունեության ակտիվ քարոզիչ Գևորգ Պապոյանը մեկ ամիս առաջ մի ոգեշունչ գրառում էր կատարել՝ փորձելով ցույց տալ, թե՝ տեսեք, կառավարության արտահանման աջակցության ծրագրերն ինչպես են արդյունք տալիս, ԵՄ շուկաներ հայկական արտադրության ապրանքների արտահանումը կտրուկ ավելացել է։
«Այս աճերն ապահովվել են կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը։
Այն ժամանակ դեռ Եվրամիության երկրներ Հայաստանից արտահանման ոչ մեծ, բայց որոշ աճ կար։ Այս գրառումից հետո այդ աճն էլ է զրոյացել։
Տարեսկզբի 8 ամիսներին Հայաստանից ավելի քիչ ապրանք է արտահանվել ԵՄ, քան անցած տարի։ Անցած տարի կազմել էր 391 մլն դոլար, այս տարի եղել է 390 միլիոն։
Մեկ միլիոնի տարբերությունը գուցե մեծ չէ, բայց խնդիրը դա չէ. Անցած տարի կառավարությունը սուբսիդավորում չէր տրամադրում Հայաստանից ԵՄ արտահանումների մաքսատուրքերը փոխհատուցելու համար, այս տարվա սկզբից տրամադրում է։ Խոսքը բավական մեծ գումարի մասին է՝ այդ նպատակով շուրջ 40 մլն դոլար է հատկացված բյուջեից։
40 միլիոն են հատկացրել՝ արտահանումը ԵՄ սուբսիդավորելու համար, որպեսզի նպաստեն Եվրամիության երկրների շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը, ավելացնեն մատակարարումները։ Բայց ավելանալու փոխարեն՝ արտահանումը նույնիսկ նվազել է։ Կառավարության սուբսիդավորման ծրագրի արդյունքը զրո է։
Հարկատուների վճարած հարկերից ֆինանսական միջոցների, այն էլ՝ բավական մեծ միջոցների վատնում է տեղի ունենում։ Սրա համար պատասխանատու են Գևորգ Պապոյանն ու կառավարությունը։ Գումարները ծախսում են, բայց անիմաստ։ ԵՄ երկրներ Հայաստանից արտահանումը ոչ մի լումայով չի ավելացել։ Չէր էլ կարող ավելանալ, որովհետև այդ ծրագրի արդյունավետությունն ի սկզբանե կասկածի տակ էր։ Այդպիսի պրիմիտիվ մոտեցումներով ու միջամտություններով անհնարին է խթանել արտահանումը։
Արտահանման սուբսիդավորումից ընդամենը որոշ բիզնեսներ են շահել, որոնք, ինչպես նախկինում՝ իրենց ապրանքները մատակարարում են ԵՄ երկրներ, այն տարբերությամբ, որ հիմա կառավարության տրամադրած սուբսիդիաների հաշվին փող են աշխատում։ Այդ գումարները բյուջեից դուրս են գալիս ու մտնում բիզնեսի գրպանը՝ առանց արդյունք տալու։
Այլ կերպ ուղղակի չէր էլ կարող լինել, երբ որևէ պահանջ չեն դրել բիզնեսի առաջ։
Գոնե այնպես անեին, որ սուբսիդավորումը հավելյալ մատակարարումների վրա կիրառեին, որպեսզի ինչ-որ կերպ շահագրգռեին արտահանողներին։ Դա էլ չեն արել։ Արդյունքում՝ այնպես է ստացվել, որ նախորդ տարի, առանց սուբսիդավորման, իր միջոցներով ու հնարավորություններով բիզնեսն ավելի շատ ապրանք էր կարողանում մատակարարել Եվրամիության շուկաներ, քան այս տարի, երբ բյուջեից օժանդակություն են տրամադրում։
Գուցե՞ էկոնոմիկայի նախարարն ասի, թե ինչո՞ւ են բյուջեից այդքան փող տալիս, եթե Հայաստանից արտահանումները ԵՄ պիտի նվազեն։ Սա ի՞նչ ծրագիր է։ Այդպիսի ծրագրերո՞վ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստվում եվրոպական շուկաները նվաճել։ Մի՞թե 40 մլն դոլարը ծախսելու ավելի կարևոր տեղ չկար։
Օդից վերցրած հիմնավորումներով ծրագրեր են ներկայացնում, կառավարությունում նստածներն էլ, Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, մեկ մարդու նման հավանություն են տալիս, դակում-անցնում են առաջ՝ առանց խորանալու երևույթների մեջ, առանց արդյունքները գնահատելու, հետևանքները հաշվի առնելու։ Զարմանալի չէ, որ վերջում կանգնում են փաստի առաջ։
Քանի՞ այսպիսի ծրագրեր են ֆինանսավորել, բյուջեից փող են հատկացրել, հետո հետողորմյա են արել, որովհետև դրանք ոչ մի արդյունք չեն տվել։ Փողերը վատնել են, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
Այսպիսի անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել պետական միջոցների հանդեպ, որ մինչև հիմա մի կարգին տնտեսական ծրագիր չեն կարողանում իրականացնել։ Այդպես արեցին, որ ԱՆԻՖ-ով 65 մլն դոլար ջուրը գցեցին։ Միայն մեծ-մեծ խոսել գիտեն, վերջում տեսնում ենք արդյունքները։
Վաղը պարզվելու է, որ արտահանման աջակցության ծրագիր կոչվածն էլ լինելու է հերթական ձախողվածներից մեկը։ Մնալու է այն, որ պետությունը տասնյակ-միլիոնների անիմաստ ու անտեղի ծախս է արել, ինչ է թե՝ որոշ պաշտոնյաներ որոշ ժամանակ կարողանան փիառ անել դրա վրա։
Եվրամիության ջատագով Հայաստանի իշխանավորներն այդպես էլ չհասկացան, որ եվրոպական շուկաներ մտնելու համար պետք է կարողանալ առաջին հերթին մրցունակ ապրանք արտադրել, նոր մտածել այն արտահանելու համար պայմաններ ստեղծելու մասին։ Արտահանման այն ծավալները, որոնք ունենք ԵՄ-ի հետ, վկայում է, թե ինչ պոտենցիալ ունի այս պահին Հայաստանի տնտեսությունը եվրոպական շուկայում։ 8 ամսում հազիվ 390 մլն դոլարի ապրանք է արտահանվել ԵՄ երկրներ, որի մեջ բավական մեծ բաժին ունի հանքահումքը։ Եթե դա էլ հանենք, տակը բան չի մնա։
Հայկական արտադրության ապրանքները եվրոպական շուկաներում փոքր տեղ ունեն։ Այսօր նույնիսկ ավելի քիչ, քան տարիներ առաջ։ Տարիներ առաջ Հայաստանից անհամեմատ ավելի մեծ քանակությամբ ապրանքներ էին մատակարարվում եվրոպական երկրների շուկաներ, քան հիմա։
Հեռավոր 2018թ., երբ Նիկոլ Փաշինյանն առաջին քայլերն էր անում իշխանությունը յուրացնելու ուղղությամբ, առաջին 8 ամիսներին ԵՄ երկրներ արտահանումները կազմել էին 485 մլն դոլար։ Այն ժամանակ ո՛չ պետական ֆինանսական աջակցություն կար եվրոպական երկրներ արտահանման համար, ո՛չ էլ մաքսատուրքերի սուբսիդավորում։ Բայց այն ժամանակ Հայաստանի տնտեսությունը շատ ավելի մեծ քանակությամբ ապրանքներ էր մատակարարում ԵՄ երկրներ, քան հիմա։
Պաշտոնական տվյալներով, 2018թ. 8 ամսում ԵՄ էր արտահանվել 485 մլն դոլարի ապրանք, այս տարվա 8 ամսում արտահանվել է 390 մլն դոլարի ապրանք։
8 տարի առաջվա համեմատ՝ արտահանումը 95 մլն դոլարով կրճատվել է։
Այսպես են զարգացրել տնտեսությունն ու բարձրացրել տնտեսության արտահանման պոտենցիալը։ Այժմ արտահանման պոտենցիալն ավելի ցածր է, քան 8 տարի առաջ։ Այս տարվա 8 ամիսներին ԵՄ երկրներ ավելի քիչ արտահանում է իրականացվել Հայաստանից, քան նույնիսկ 2017թ., երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները դեռ իշխանության չէին եկել և այս օրը չէին գցել տնտեսությունը, առավել ևս՝ տնտեսության արտահանելի հատվածը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ