Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- TRIPP-ն աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է՝ ավանտյուրա Հարավային Կովկասի համար, ավանտյուրա մի շարք արտաքին դերակատարների համար, ոչ միայն Իրանի, այլ նախ և առաջ՝ Հայաստանի համար։
Նախ նշեմ, որ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև էսկալացիան հատի որոշակի կարմիր գծեր, ապա, բնականաբար, բոլոր այն ենթակառուցվածքները, որոնցում ներկա կլինի ամերիկյան կապիտալը, դառնալու են լեգիտիմ թիրախներ Իրանի զինված ուժերի համար։ Սա իր հերթին՝ լուրջ ռիսկ է արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ այս հեռանկարը ևս պետք է հաշվի առնենք։
Երկրորդ. Թեև Ռուսաստանը վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել է այն մասին, որ պատրաստ է ինչ-որ ձևաչափով մասնակցել TRIPP-ի շինարարական աշխատանքներին, ինչ-որ մասնակցություն, դերակատարում ունենալ, խորքային մակարդակում, այնուամենայնիվ, ակնհայտ է դառնում, որ TRIPP-ը փաստացի պարալիզացնում է այն տրանսպորտային-լոգիստիկ ճարտարապետությունը, որը տարիներ շարունակ փորձ էր արվում կառուցել։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է։
Մեծ հաշվով՝ տարածաշրջանում այսօր ընթանում է բավականին լուրջ տրանսպորտային մրցակցություն երկու հիմնական տնտեսական պլանավորումների ու տեսլականների միջև՝ «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»: Եվ այս առումով, եթե Հայաստանում կյանքի կոչվի TRIPP-ը, ապա դրանից ելնելով՝ մեր ամբողջ տրանսպորտային կոնֆիգուրացիան պետք է ադապտացվի «Արևելք-Արևմուտք» լոգիստիկային։ Դրանով իսկ ռուսական գործոնն այստեղ գնալով կարող է նվազել, և սրանով են, կարծում եմ, պայմանավորված նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ընթացող զարգացումները։
Երրորդ. Ընդամենը շաբաթներ առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելի սեմինարներից մեկում հանդես գալով՝ հայտարարեց, որ բոլոր այն երկրները, որոնք նպատակ ունեն ինտեգրվելու Եվրոպական միությանը, պետք է վերանայեն իրենց հարաբերությունները MAGA-ի՝ թրամփյան «Make America Great Again» նախաձեռնության և դրա ինստիտուտների հետ։
Պարզ է, չէ՞, որ TRIPP-ը MAGA-ի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կարևոր դրսևորումներից մեկն է, որի ներքո Դոնալդ Թրամփը ձգտում է բավական լուրջ անցում կատարել ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ՝ լիբերալ հեգեմոնից անցնելով պրոտեկցիոնիստական շատ կոշտ խաղացողի դերի։ Եվ TRIPP-ը հենց դրա մասին է. սա մեծ հաշվով այն տնտեսական սուրն է, որը թրամփյան այդ կոշտ պրոտեկցիոնիզմի ներքո ուղղված է հենց Եվրոպական միության դեմ։ Մարթա Կոսի հայտարարությունը հենց դրա մասին է վկայում։

- Ինչի՞ մասին է խոսքը։ Եվրոպական միությունը Խորհրդային Միության փլուզումից ի վեր բավականին ակտիվորեն իրականացնում էր մի նախագիծ, որը պետք է ապահովեր Եվրոպայի տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի և ավելի հեռուն՝ նաև Չինաստանի հետ։ Խոսքը «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է (TRACECA- Transport Corridor Europe-Caucasus-Asia), և հենց այս նախաձեռնության ներքո է, որ այսօր որոշակի զարգացում է ստանում «Միջին միջանցքը»՝ իր բոլոր տեխնիկական և տնտեսական խնդիրներով հանդերձ։
Եվ սրա ներքո է, որ Եվրոպական միությունը մի քանի տարի առաջ սահմանեց մի ծրագիր և այսօր դրա շրջանակներում նաև 2.5 միլիարդ եվրո գումար է խոստանում Հայաստանին։ Խոսքը «Գլոբալ դարպասներ» («Global Gateway») նախաձեռնության մասին է, որը մեծ հաշվով ուղղված է եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունն այնպես ձևավորելուն, որպեսզի Եվրոպան անխափան, նախ և առաջ՝ ցամաքային ելք ունենա դեպի Կենտրոնական Ասիայի ածխաջրածիններով հարուստ տարածաշրջաններ։
2022թ. փետրվարից ի վեր, երբ ռուս-ուկրաինական սրացումներն անցան բոլոր կարմիր գծերը և փաստացի սկսվեցին ռազմական գործողություններ, Եվրոպան գնալով սկսեց կրճատել Ռուսաստանից ներկվող բնական գազի պաշարները։ Սրան զուգահեռ, եթե անդրադառնանք Միացյալ Նահանգների և ԵՄ առևտրատնտեսական դինամիկային, կտեսնենք, որ կտրուկ աճել են ԱՄՆ-ից դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի ծավալները։ Եթե խոսենք հստակ թվերով, ապա մինչև 2022 թ., օրինակ, 2021 թվականի դրությամբ՝ ԱՄՆ բնական գազի կշիռը եվրոպական գազի սպառման մեջ կազմում էր մոտ 20%, իսկ 2025 -ին այն արդեն կազմում էր մոտավորապես 60% (խոսքը հեղուկացված բնական գազի մասին է)։
Որտեղի՞ց է գալիս հակասությունը։ Թրամփն իրականացնում է բավականին կոշտ, ինչպես ասացի, պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն Եվրոպական միության ուղղությամբ։ Սա չի արտահայտվում բացառապես այն մաքսատուրքերով ու սակագներով, որոնք սահմանում է այսօր Վաշինգտոնը, այլ նաև տարբեր դեմպինգային մեխանիզմներով՝ ամերիկյան ածխաջրածինները եվրոպական շուկայում վաճառելու ուղղությամբ։ Չմոռանանք, որ Թրամփն իր առաջին նախագահության տարիներին հայտարարեց ամերիկյան էներգետիկ դոմինանտության գլոբալ դարաշրջանի մասին, և որպես այդ քաղաքականության կարևորագույն թիրախ՝ սահմանված էր Եվրոպան։
Հիմա պատկերացրեք մի իրավիճակ. Եվրոպան հրաժարվում է ռուսական գազից (ի դեպ, 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել գազի ներկրումը):

Դրա հետ մեկտեղ՝ ավելանում է ԱՄՆ-ից ներկրվող բնական գազի տեսակարար կշիռը, որը բավականին թանկ է և թույլ չի տալիս եվրոպացիներին հավուր պատշաճի ապահովել տնտեսական զարգացում ու կայունություն։ Սրա մասին, ի դեպ, դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր նաև Մակրոնը՝ նշելով, որ այն գնային քաղաքականությունը, որն իրականացնում է Միացյալ Նահանգները գազի ոլորտում, չի տեղավորվում ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության և դաշինքի տրամաբանության մեջ։
Բախվելով այսպիսի լուրջ խնդիրների՝ Եվրոպական միությունը, իհարկե, ձգտում է դիվերսիֆիկացնել ներկրումը և որպես կարևորագույն ուղղություն՝ դիտարկում է Կենտրոնական Ասիան, նախ և առաջ՝ Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Հենց սրան է միտված, մեծ հաշվով, նաև «Միջին միջանցքը», որը պետք է ապահովի Հարավային գազային միջանցքի (որն անցնում է Վրաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով) էական ընդլայնումը, որպեսզի հավուր պատշաճի սնուցվի եվրոպական տնտեսությունը։
- Փաստացի ի՞նչ է անում TRIPP-ը։ Այն ձևավորում է մի այնպիսի կոնֆիգուրացիա, որում ԵՄ-ի համար այդքան անհրաժեշտ «Եվրոպա-Կովկաս-Ասիա» կոմունիկացիոն հարթակում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ հանձին ԱՄՆ-ի։ Վերջիններս պարբերաբար հայտարարում են, թե TRIPP-ի միջոցով պետք է դիվերսիֆիկացնել այդ հաղորդակցությունը՝ ապահովելով Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպայի և Ասիայի միջև ընթացող երկխոսության տիրույթում։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, բերելու է մի այնպիսի իրավիճակի, երբ ասիական շուկաների հետ հարաբերվելիս Եվրոպական միության ինքնուրույնությունն ու սուբյեկտայնությունն էապես կարող են նվազել։ Վերջին հաշվով՝ TRIPP-ը միտված է ոչ միայն Իրանի կամ Ռուսաստանի դեմ, այլև էապես սահմանափակում է «Եվրոպա-Ասիա» հաղորդակցությունը։
Հաշվի առնելով «Միջին միջանցքի» թողունակության խնդիրները, որոնք պայմանավորված են Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազմամբ (մակարդակն ամսական 30-40 սանտիմետրով իջնում է), ինչպես նաև Ղազախստանից դեպի Ադրբեջան և այնուհետև եվրոպական շուկա գնացող մուլտիմոդալ ենթակառուցվածքային կապերի խրթինությամբ՝ մենք տեսնում ենք, որ այս միջանցքի շուրջ ավելի շատ տնտեսական միֆոլոգիա է զարգանում, քան իրականում այդ միջանցքը կարող է ապահովել։

Եվ հաշվի առնելով նաև Հարավային գազային միջանցքի (որը նույն Միջին միջանցքի լոգիստիկայի մեջ տեղավորված գազային հաղորդակցություն է) սահմանափակ թողունակությունը՝ Եվրոպային, իհարկե, անհրաժեշտ է էժան ասիական գազ՝ սեփական տնտեսությունն ու արդյունաբերությունը ռեանիմացնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում:

