Ո՞ւմ եք ոչխարի տեղ դրել, խոտը դուք եք ուտում. Աբրահամ Գասպարյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Փաշինյանը քաոտիկ վիճակին ընդառաջ է, և այս ամենը պայմանավորված է արտաքին գործոններով: Հայաստանի ներքաղաքական ճարտարապետությունը պայմանավորված է բացառապես Բաքվից և Անկարայից թելադրված օրակարգերով: Մնացած ամեն ինչը կեղծ է և ֆիկցիա: Ես չեմ հիշում, որ վերջին 6-7 տարվա ընթացքում գնաճի այս ծայրահեղ պայմաններում, բացի 1-2 խորհրդարանական ելույթից և սպառողների հկ-ների հայտարարություններից, որևէ մեկը լուրջ խոսի սրա մասին: Մեր ներքաղաքական օրակարգը պայմանավորված է բացառապես անվտանգային օրակարգերով:
- Պոպուլիզմն ընդհանրապես բնորոշ է եղել Եվրոպային: Պոպուլիստական իշխանությունը քեզ ընտրության հնարավորություն է տալիս ոչ թե լավի ու վատի միջև, այլ վատի ու վատագույնի: Ու մարդիկ ընտրում են վատը:

- Սահմանադրություն փոխելը հենց այնպես չէ, ոովհետև այն լոկ իրավական փաստաթուղթ չէ, այլ քաղաքական. Այն պետության հեռանկարն է առաջիկա տասնամյակների համար: Այն, ինչ պարտադրվում է դրսից, պետության տեսքի փոփոխություն է: Ի՞նչը պիտի փոխի Սահմանադրության մեջ: Չէ՞ որ գործող Սահմանադրությունն էլ է ասում՝ հարգի՛ր մարդու իրավունքները: Իսկ փոխելու է մեկ բան՝ պետք է հանի Անկախության հռչակագիրը, դառնա անատամ պետություն, որ առաջիկա առնվազն 10-15 տարին չմտածի ռևանշի մասին: Թե ինչ տեղի ունեցավ Դուբլինից հետո, մենք տեսանք Խորհրդարանում, լրագրողների հետ շփումներում: Եվ դեռ Մոսկվա պետք է գնա: Ունի սեղմ ժամկետ և արտաքին պարտավորությունների հսկայական բեռ:
- Գործող իշխանությունն այնքան սնանկ է, որ խաղաղության բանալին ոչ թե բանակցությունների մեջ է, այլ մեր Սահմանադրության մեջ: Իրականում Ադրբեջանը շատ հստակ ասել է՝ եթե ուզում ես այդ բաղձալի թուղթը տամ, որի տակ իմ ստորագրությունը կլինի, Սահմանադրությունդ պետք է փոխես:
- Վերջին 9 տարում Հայաստանը ոչինչ չի նշանակում Թուրքիայի համար՝ սկսած 1991թ.-ից, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Մինչև 2018թ. Թուրքիայում Հայաստանի մասին շատ լուրջ կարծիքի էին: Ես դա նաև իմ անձնական շփումներում եմ զգացել: Մեզ դեր էին տալիս, մեզ հարգում էին, վերջին 8 տարում մեզ ծաղրում են: Վերջին հոգեխանգարմունք առաջացնող ելույթների ինտերպրետացիան մամուլում նայե՛ք: Մեզ ծաղրում են, և ես սա որպես անձնական ողբերգություն եմ ասում: Նախկինում թուրքերը սահման չէին անցնում նույնիսկ ամենակոշտ քննադատության ժամանակ, հիմա անցնում են:
- Եվրամիությանը համաշխարհային առաջնորդները դուրս են թողնում լուսանցքից: Պուտինն անձամբ Կայա Կալասի մասին շատ կոշտ խոսեց: Իսկ սրանք դիմում են Եվրոպայի օգնությանը:

- Փաշինյանը ձգտում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հորիզոնական ապաշրջափակման՝ ակնկալիքով, որ Ադրբեջանից գազ ձեռք կբերի ու տոտալ շրջափակման մեջ կհայտնվի, ուզում է Հայաստանը կտրել Իրանից ու Ռուսաստանից, բայց չգիտի՝ ինչ անել: Կրակն է ընկնել, չգիտի՝ ինչ անի: Այն գործարքը, որ նա առաջարկում է ընդդիմությանը, ոչ միայն քաղաքական առևտուր է լինելու, այլև իր անձի, ընտանիքի, գույքի պաշտպանության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություն: Ես գիտեմ, որ նախկինում ևս իր անվտանգության երաշխիքների վերաբերյալ լատենտ, ոչ բացահայտ բանակցություններ ևս եղել են:
- ՔՊ-ի ներսում մի քանի կոմբինացիայից բաղկացած գործողություն է լինելու: Կարող է զոհաբերել Տիգրան Ավինյանին, ԿԳՄՍ նախարարին, Սուրեն Պապիկյանին:
- Փաշինյանը հող է նախապատրաստում հետագա բռնությունների համար: Ընդդիմությանը հայտարարելու է խաղաղությանը դեմ հանդես եկողներ ու չեզոքացնելու է նրանց: Հետո ժողովրդից լեգիտիմ թուղթ է ուզելու, որ մի հատ էլ 2018թ. հոկտեմբերի 2 անի, երբ փողոցում նախարարներին պաշտոնից հանեց, բայց իր համար հավատարիմ անձանց պահեց մինչև օրս: Օրինակ՝ Մհեր Գրիգորյանը: Ռուսաստանի բալանսների մասին են խոսում, Մհեր Գրիգորյանը, մեծ հաշվով, Ռուսաստանի ներկայացուցիչն է, մինչև հիմա ինչի՞ է մնացել Կառավարությունում: Այնպես որ, հարցեր կան: Բայց որ բոլորին իր անվտանգության համար կզոհաբերի, դա անկասկած է:
- Աննա Հակոբյանին նորից ակտիվացնելը, խցանումների մասին նրա եթերներն այն բանի մասին են, որ՝ ժողովուրդ, տեսեք, մենք ուզում ենք աշխատել, մեր ցարը լավն է, բայց այս մարդիկ չեն աշխատում: Սուրեն Պապիկյանի դեմ ո՞վ է խոսում… Աննա Հակոբյանի ընկերուհին: Սուրեն Պապիկյանը Դավիթ Տոնոյանից լա՞վն է: Դավիթ Տոնոյանն էլ էր իրեն հավատարիմ, չձերբակալե՞ց:
- Դուբլինում խոսվեց նաև մի թեմայի մասին, որի շուրջ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն կոնսենսուս կարող է ձևավորվել: Խոսքը վերաբերում է ջրային ռեսուրսներին: Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացումը պետք է դիտարկել սահմանադրական հանրաքվեի հաջողման համատեքստում: Ադրբեջանը հայտարարել է, որ ջրային ռեսուրսների խնդիր ունի, և ձևակերպել են Սևանի նկատմամբ իրենց հավակնությունները: Եթե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունը և որևէ այլ հակակշիռ չունեցավ, որն ուներ նախկինում Արցախի տեսքով, իսկ Սյունիքն էլ էժան ծախեցին, Ադրբեջանը կսկսի խոսել Սևանի նկատմամբ հավակնությունների մասին:

- Նիկոլ Փաշինյանը հիմա ուզում է հեռանալ ժողովրդավարական պլեբիսցիտի՝ հանրաքվեի շղարշի ներքո:
- Այս իշխանության հետ չի կարելի գնալ ընտրության և պատերազմի. Երկուսում էլ նախապես պարտված ես:
- Սահմանադրության թեման Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, գալիս է, բերում Խորհրդարան, բոլորն արձագանքում են: Պետք է, սակայն, անտեսել նրա օրակարգերը: Օրինակ, բազմաթիվ թեմաներ կան, որոնք կարելի է դարձնել օրակարգային. Նույն ջրային ռեսուրսների թեման, կրթության թեման:
- Չի կարելի հայրենադավ և պետության կոլապսն ապահոված իշխանության համար լինել կառուցողական ընդդիմություն: Ո՞ւմ հետ ես կառուցողական խաղում: Դու պետք է ասես՝ չեմ տալիս 6 ձայնը, գնա, ինչ ուզում ես՝ արա: Ի՞նչ կանի՝ բռնաճնշումնե՞ր… Այո՛… Ուրեմն պատրաստ եղիր փողոցին: Փողոց է պետք: Կես միլիոն մարդ Նիկոլ Փաշինյանին ձայն չի տվել, այլ ընդդիմությանը: Ի՞նչ է, նրանք խաղաղության թշնամինե՞ր են: Չէ, այդ կես միլիոնն ամենաշատն են ուզում խաղաղություն:
- Ոչ թե հիմիկվանից «Ո՛չ»-ի շտաբ պետք է ձևավորել, այլ տեր կանգնել սեփական 6 ձայներին: Բա հո մենակ մանդատ վերցնելով չէ՞: Սցենարային պլանավորում պետք է ունենաս: Քո ցուցակն այնքան կուռ պետք է լինի, որ նրանից չկարողանան մարդ տանել: Ձիգ մարդիկ են պետք:
- Իշխանությունն ամեն ինչ է անելու՝ բռնաճնշումներ, ֆիզիկական հաշվեհարդար, AI-ով վարկաբեկող տեսանյութեր, ամեն ինչ՝ 6 ձայնը ստանալու համար: Ընդդիմությանն ի՞նչ է մնում՝ փողոց դուրս գալ: Ի վերջո, ընդդիմությունը կարողացել է 550 000 ձայն տանել, հակաքայլեր էլ կարող են գտնել, օրինակ՝ ընդդիմադիրների էլեկտրոնային օդերը փակելու դեմ: Եթե ընդդիմությունը ճարը չի կարող գտնել, ուրեմն էս երկրի դռները փակենք, գնանք:
- 2018թ.-ի մայիսի 9-ից իմ մոտեցումն օրթոդոքսալ է ու շարունակում է այդպիսին մնալ. Ով 2020թ. մայիսի 9-ից հետո սրանց հետ գործարքի է գնացել, ՎԵ՛ՐՋ: Հանրությունը «համաներման» այլ չափանիշ ունի՝ 2020թ. պատերազմն է այն կարմիր գիծը, որից հետո ՔՊ-ի հետ գործակցողները ներման չեն արժանանում:

- Այս պահի դրությամբ Թուրքիան նախագահի 4 թեկնածու ունի: Էրդողանը, առողջական խնդիրներից ելնելով, չի առաջադրվի: Նրանք են՝ Իբրահիմ Քալըն, Հաքան Ֆիդան, Սելջուկ Բայրաքթար և Բիլալ Էրդողան՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի որդին: Այս 4-ից յուրաքանչյուրն իշխող կուսակցության, պետական ռեսուրսի և բիզնեսի մի դաշտում է հայտնի: Այստեղ վճռորոշ կլինի արտաքին դերակատարի համակրանքը: Կենտրոնական հետախուզական վարչության համակրանքը Հաքան Ֆիդանի կողմն է, Իբրահիմ Քալընը մեծ հեղինակություն ունի կուսակցության ներսում: Բիլալ Էրդողանը չունի որևէ պաշտոն, բայց իր հայրն իրեն ուղարկում է արտասահման՝ այդ բոլոր փաթեթներին ծանոթանալու: Իշխանության ներսում մեծ խմորում կա: Թուրքիան Էրդողանի օրոք Կոռուպցիայի բուն է: Հայաստանը Թուրքիայից է սովորել կոռուպցիան: Բիլալն էրդողանիզմի գծի շարունակողն է, իսկ Ռեջեփ Էրդողանին վերջին տասնամյակներին հաջողվեց ստեղծել գիծ, որը կոչվեց էրդողանիզմ. Դա մեդալի ազգայնամոլական ու կրոնական դարձերեսն է: Այսինքն՝ կա 3 հիմնական խորություն՝ Բալկաններ, նաև Եվրասիական ուղղություն, Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիայի և Միջին Ասիայի ուղղություններ: Այն, ինչ մենք անվանում ենք Կենտրոնական կամ Միջին Ասիա, Թուրքիայում թուրանականությունն է: Այս համատեքստում նրանց համար չկա միջտարածաշրջանային կապ, կա «Զանգեզուրի միջանցք»: Թուրքիայի թիվ մեկ խնդիրն Ադրբեջանի հետ կապը չկորցնելն է: Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը միայն Հայաստանի տարածքի համար է արժևորվում: Թուրքիան թքած ունի քո երկրի ու քո զարգացման վրա: Իրենց տարածքն է պետք: Առաջիկա 10 տարում իրենք բան չեն անում, եթե «Զանգեզուրի միջանցքը» ստանան, իսկ 20 տարի հետո Սյունիքում հայ չի մնալու: Ո՞ւմ եք ոչխարի տեղ դրել, խոտը դուք եք ուտում: Ձեզ թվում է՝ Թուրքիան բավարարվելու է միայն Սահմանադրության փոփոխությա՞մբ: Մի բան էլ… Բիլալը հորից ավելի ծայրահեղ է: Նա կրոնական իսլամիստ է: Բիլալի ձեռքում է եղել ոչ միայն սիրիական պատերազմի ընթացքում ամբողջ նավթային գործարքները, ամենամեծ կոռուպցիոներներից մեկն է, այլև «Մուսուլման եղբայրների» հետ հարաբերությունների կոռուպցիան: Բիլալի ամենամեծ առավելությունը երիտասարդ թուրք սերունդն է, որն ավելի ծայրահեղ իսլամիստ է, քան տիկտոկներով ներկայացվում է: Բիլալին միարժեք չեն ընդունում, բայց նրա հայրն էլ գիտի՝ որդուն ուր ուղարկի: Պատահական չէ, որ Լիբանան վերջին պահին որդուն ուղարկեց, ով այնտեղ արժանացավ հերոսի ընդունելության: Թուրքիան լուծելու է Սիրիայի և Լիբանանի խնդիրը, Իրանին լուրջ հակակշիռ է լինելու և արգելելու է ցանկացած խոչընդոտ դեպի հարավ իր տարածվելուն: Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքին» ինքը հասնելու է, եթե դու այստեղ Սահմանադրություն փոխես, տարբեր գործարքների գնաս: Դու այդ 29743 ք/կմ-ն էլ չես ունենալու: Դրա համար Ադրբեջանին վաղուց Նիկոլ Փաշինյանը պետք չէ: Նրան պետք է հայ ժողովրդի կամավոր-պարտադիր համաձայնությունը:
- Նիկոլ Փաշինյանը սպառել է Ռուսաստանի նախագահի հետ բաց և անկեղծ խոսելու հնարավորությունը, այլապես կուլիսային զրույցները չէին հրապարակայնացվի: Եթե փոխվստահության թելը խաթարվում է, Ռուսաստանը սանկցիաների 2-3 տարբերակ ևս ունի: Մեկը գազն է: Ի՞նչ է անելու, ԵՄ գնա, գազը կդառնա 500 դոլար՝ ներկայիս 177.5-ի փոխարեն, մնա ԵԱՏՄ-ում, բա եվրոպական տերերին ի՞նչ ասի:
- Սամվել Կարապետյանը սովորական մարդ չէ: Նա մեծ նյութական կարողությունների տեր մարդ է: Եթե մարդու կարողությունը 6-7 միլիարդը գերազանցում է, ինչո՞վ ես վախեցնելու նրան՝ մի քանի հարյուր դոլար արժողությամբ հիմնարկ վերցնելով: Նա իր ապրած կյանքը և հեղինակությունը չի վաճառի մի քանի Տաշիր Պիցցայի դիմաց: Նիկոլները կարող են նման մասշտաբի կապիտալի տեր մարդկանց հետ նման էժան զրույցներ վարել: Բայց Սամվել Կարապետյանի վրա կարող է ազդել Կրեմլից կամ անձամբ Պուտինից կամ Վաշինգտոնից եկած հորդորը: Ի՞նչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ը կխլե՞մ: Նիկոլ Փաշինյանի կալիբրն այն կալիբրը չէ: Դու ո՞վ ես, որ հետդ խոսեմ կամ հետդ գործարքի գնամ, տղա՛ ջան: Նիկոլ Փաշինյանի խնդիրը Սամվել Կարապետյանին կոտրելն է, բայց չի ստացվում, դրա համար էլ հիստերիկանում է: Նիկոլ Փաշինյանն այն կալիբրը չէ, որ կորոշի՝ 6 ձայնն ինքը կստանա՞, թե՞ ոչ:

- Ալի Աքբար Վելայաթին իսլամական Իրանում տարբեր ժամանակներում ամենամեծ ազդեցություն ունեցող պաշտոնյաներից է եղել: Ինքը լուրջ ֆիգուր է ու երբեք պատահաբար թուղթ չի մրոտում: Ինքը բացառապես փոխանցում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խոսքը: Իրանն ասում է՝ չփորձեք ԱՄՆ բերես իմ սահմաններին, խփելու եմ: Ու կխփի: Պետք եղավ՝ Բաքվին էլ կխփի: Եթե հարվածեց, սահմանդ էլ փակելու է, չէ՞: Ի՞նչ ես անելու: Լո՞ւրջ, դու որոշել ես Իրանի նման պետության հետ խաղա՞լ: Վելայաթին պարզ ասաց՝ մենք զգուշացնում ենք ձեզ՝ չգնալ արկածախնդրության:
Մանրամասները՝ տեսանյութում։

