Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ես չեմ կարծում, որ հասարակությունը որևէ մեկին պետք է հավատա կամ չհավատա: Հասարակությանը պետք է փաստերով համոզել: Խաղաղություն հաստատելու ձևերը վաղուց հայտնի են. դրա համար անհրաժեշտ է գալ զրոյական վիճակի: «Խաղաղություն» հաստատող Ալիևը մարդկանց, որոնք բազմիցս հանդիպել էին Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին, այսօր որպես հանցագործներ՝ պահում է ադրբեջանական բանտերում: Սա տեռորիստական քայլ է: Տեռորով հաստատ խաղաղություն չեն հաստատում: Եթե ուզում են խաղաղություն հաստատել, որևէ մեկը մյուսի տարածք չի ներխուժում ու մնում այնտեղ, իսկ Հայաստանի տարածքի, պաշտոնական տվյալներով՝ 200 ք/կմ տարածքն ադրբեջանական օկուպացիայի ներքո է: Էլ չեմ խոսում անհեթեթ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին: Խնդիրն այն է, որ 3 տասնամյակ Իլհամ Ալիևը մնացել է անտեսված, և հիմա դուռ է բացվել, և Ալիևն ուզում է, որ իր՝ անգամ ամենաանհեթեթ ցանկությունները կատարվեն: Նա անգամ պահանջում է հետ կանչել միջազգային հայցերն ու այլևս երբեք նորերը չներկայացնել: Սա անհեթեթություն է: Հայաստանի ոչ մի նոր իշխանություն պարտավոր չէ կատարել նախորդի հակասահմանադրական, հակաիրավական որոշումները: 2020թ. նոյեմբերին Հայաստանի՝ այն ժամանակվա ղեկավարը ստորագրել է իրավական ուժ չունեցող կապիտուլյացիոն փաստաթուղթ, և կապիտուլյացիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր իշխանություն չի եկել:

Հիշեցնենք. Արարատ Միրզոյանի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո է։ Այս մասին նա հայտարարել է 2025թ. հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ-ում 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները գտնվում են Հայաստանի մի քանի մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում և Արարատում։
2025թ. հոկտեմբերին հրապարակած հետաքննության համաձայն՝ խորհրդային գլխավոր շտաբի քարտեզների, արբանյակային լուսանկարների և բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի ինքնիշխան տարածքների մակերեսը գնահատվել է առնվազն 241.4 քառակուսի կիլոմետր։ Հետազոտությունը տարածքային վերահսկողության տակ գտնվող հատվածներ է առանձնացրել սահմանի շուրջ 20 ուղղություններով։ Մասնավորապես, Տավուշի մարզում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար և Բարեկամավան գյուղերի հարակից հատվածները։ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական դիրքեր են տեղակայված Խաչակապի, Կուտականի, Կութի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով։ Այս հատվածներում ադրբեջանական ուժերի առաջխաղացումը տեղի է ունեցել հիմնականում 2021թ. մայիսին և 2022թ. սեպտեմբերին։ Վայոց ձորի մարզում Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Ջերմուկի հարակից տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ։ Սյունիքի մարզում ադրբեջանական դիրքեր են տեղակայված Սև լճի, Իշխանասարի, Ծղուկ-Սպանդարյանի, Ներքին Հանդի և Շիկահողի ուղղություններով։ Բացի այդ, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արևիսի և Սալվարդի հարակից որոշ տարածքներ, ինչպես նաև Տեղ-Կոռնիձոր հատվածի մի մասը։ Արարատի մարզում ադրբեջանական վերահսկողության տակ է Պարույր Սևակ գյուղի ուղղությամբ գտնվող սահմանային տարածքի մի հատվածը։
Միևնույն ժամանակ, 2025թ. հոկտեմբերին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնել։ Ըստ նրա՝ հարցը պետք է լուծվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։
- Այս իշխանությունն ի՞նչ իրավունք ուներ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ հայտարարություն ստորագրել, հետագայում էլ քայլեր իրականացնել դրանք կատարելու ուղղությամբ: Խոսքը և՛ Արցախի մասին է, և՛ Քարվաճառի, Լաչինի շրջանի մասին: Ես չեմ ասում՝ Արցախի հարակից տարածքները չպետք է վերադարձվեին Ադրբեջանին, պետք է վերադարձվեին, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև Քարվաճառի և Լաչինի շրջանները հնարավոր էր պահել, որովհետև Ադրբեջանի ազդեցության տակ էին գտնվում Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասը, Գետաշենը… Այստեղ քննարկման տեղ կար: Սրանից հետո խոսել խաղաղության մասին՝ մարդկանց ձեռք առնել է նշանակում…
- Խնդիրը միայն Ալիևը չէ. արվել են բազմաթիվ հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ, ու դրա համար բոլոր մեղավորները պատասխան են տալու:
- Հասարակության սպասելիքները պետք է ընդդիմությունից լինեն. իշխանությունը վաղուց ցույց է տվել՝ ով է ինքը: Ազգային ժողովի նիստերը վերածվել են կրկեսի: Ընդդիմությունն ինչո՞ւ է մասնակցում այդ կրկեսին:
- Պատահական չէ, որ խորհրդարանական ընդդիմության բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին ձերբակալել են: Գողացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները: Մեկուսացրել են առաջնորդներին, որ թիմերում դժվարություններ առաջանան:

- Ընդդիմությունը մեծ անելիք ունի Ազգային ժողովում: Մարդիկ իրենց չեն ընտրել, որ մանդատներից հրաժարվեն. դա կնշանակի դիրքերը լքել: Չի կարելի նման կոչեր անել: Բայց կարող են լինել պահեր, որ, օրինակ, դահլիճից դուրս գալն անհրաժեշտություն լինի: Պետք է կազմակերպվեն, դառնան լիարժեք կուսակցություններ: Անհեթեթություն է, երբ ասում են՝ բոլորը պետք է միավորվեն՝ անկախ իրենց գաղափարներից: Դա անհեթեթություն է: Աշխարհում նման բան չի լինում: Մեր հիմնական խնդիրը կուսակցական համակարգի չկայացվածությունն է:
- Հաճախ բողոքում են, որ Եվրոպան կրկնակի ստանդարտներ ունի, առաջ իրենց ձայնը բարձրացնում էին, հիմա՝ ոչ: Նախ դա հասկանալի է: Աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է, ազդեցության գոտիները հստակորեն բաժանվում են: Դրսի ուժերն օգտագործում են ներսի վիճակը: Դրսի ուժերի հետ աշխատել է պետք, ոչ թե նստել, սպասել, որ իրենք կարծիք ասեն: Պետք է ձայն բարձրացնես, հետաքրքրություն առաջացնես այն խնդիրների նկատմամբ, որոնք կարևորում ես: Եթե մյուսները չեն աշխատում, իշխանությունն էլ հայտնի է՝ ինչ է անում, նրանց արձագանքն ի՞նչ պետք է լինի, մնում է մի բան՝ գնալ իրենց շահերի հետևից: Էդ նույն Ֆրանսիան, նույն Մակրոնն ի՞նչ արեց. նույն բանն արեց: Ճիշտ է, դրանից առաջ Ֆրանսիայի Խորհրդարանի երկու պալատները՝ Սենատը և Ազգային ժողովը, ճանաչեցին Արցախի անկախությունը և դիմեցին կառավարությանը, բայց Մակրոնը եղավ այն 2 հոգուց մեկը, որ այսօրվա իշխանություններին համոզեց, որ Ալմա Աթայի հռչակագիր կոչվող կես էջանոց մի անհեթեթ թուղթ Արցախը հանձնելու հիմք է, և շարունակում են դա կրկնել տգիտորեն: Սա ապուշություն է: Բայց Ֆրանսիան 2 պարտավորություն ուներ՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այս երկու պարտավորությունները պահանջում էին, որ նա, օրինակ, հայտարարեր, որ չի կարելի Մինսկի խումբը լուծարել, որովհետև Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի խնդրի լուծման համար, չի կարելի լուծարել՝ առանց Արցախի ժողովրդին, Արցախում տեղի ունեցող տեռորիստական գործողությունները հաշվի առնելու: Ամեն պետության ղեկավար իր երկրի շահերի հետևից է գնում: Խնդիրը մեր ներսում է: Իրականությունն այն է, որ Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ դա արեցին այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում սկսեց դրսևորել:
- Ընդդիմադիր ուժերը պետք է գնան, մարդկանց, ովքեր դրանից հասկանում են, խնդրեն, որ իրենց օգնեն, դառնան կուսակցություն: Սա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Ամբողջ աշխարհում քաղաքական պայքարի գլխավոր մեխանիզմը կուսակցություններն են: Երբ կուսակցություններն անկատար են, դա լուրջ խնդիրներ է առաջացնում:
- Կուսակցությունը կարող է մի անգամ իշխանություն լինել, մյուս անգամ՝ ընդդիմություն, բայց դա չպետք է փոխի կուսակցության էությունը:

- 2021 թվականին այս իշխանությանն ընդհանուր ընտրողների թվի մոտ 26%-ն է ձայն տվել, 2026թ.՝ մի փոքր ավելի: Սա՛ է իրականությունը: Իրենց շատ մարդ ձայն չի տվել: Իրենք չունեն որևէ հիմք՝ հասարակությամբ սպառնալու: Հանրության 4 մարդուց 3-ը ՔՊ-ին դեմ է, այլ բան է, որ ընդդիմադիր ուժերը նրանց չեն կարողանում համոզել, տանել ընտրատարածք, որ քվեարկեն ընդդիմության օգտին:
- 2005թ., երբ պատրաստվում էր Վենետիկի հանձնաժողովի վերջնական կարծիքը 2005թ. Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, Ադրբեջանը փորձ արեց խմբագրումներ անել մեր Սահմանադրության մեջ: Երբ նիստում կարծիքը պետք է հաստատվեր, Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը Սահմանադրության նախաբանից պետք է հանի Անկախության հռչակագրին հղումը: Վենետիկի հանձնաժողովի նախագահը շատ հստակ ասաց՝ պատմական փաստերն ու հայտարարությունները չի՛ կարելի մի հայտարարությամբ չեղյալ համարել: Հռչակագիրը, ինչ էլ անեք, չի վերանալու: Այդ պահանջը ապօրինի և անհիմն էր, և որևէ մեկը, անգամ Թուրքիայի ներկայացուցիչը չհամարձակվեց կողմ քվեարկել Ադրբեջանի առաջարկին:
- Իրենք ընկել են թակարդի մեջ, ու չդատվելու համար թուլացնում են պետությունը, որ վերացնեն, ու չլինի որևէ տեղ, որտեղ իրենք պատասխանատվության կենթարկվեն: Բայց դրանք սին հույսեր են:
- Ես հոգևոր ոլորտի հետ կապված խորքային գնահատականներ չեմ կարող տալ, ինչպես Միքայել սրբազանը չի կարող տալ խորքային գնահատականներ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի վերաբերյալ: Սա ամենայն հարգանքով եմ ասում:
- Պետությունը չպետք է թույլ տա, որ մի պետություն, որը տասնամյակներ շարունակ միջազգային կառույցներին բողոքում էր, որ իրենց փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը (Ալիևն էր դժգոհում), այսօր ինչ ուզի, պետք է պահանջի, ու մենք էլ գլուխներս կախ՝ անենք նրա այդ պահանջները:
- Նիկոլ Փաշինյանի կողմից 2020թ. ստորագրվել է կապիտուլյացիայի հայտարարագիր: Մնացած ամեն ինչը դրա հետևանքներն են: Եվ ինչքան շատ ես ընդառաջ գնում Ադրբեջանի պահանջներին, այնքան նա լկտիանում է:

- Ռուսաստանի հայտարարություններն էլ իրական ու անկեղծ չեն, որովհետև եթե Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանից դուրս գա, ռազմաբազան էլ հանի, Կովկասյան լեռներից այն կողմ է հայտնվելու, լինելու է այնպիսի իրավիճակում, ինչպիսին եղել է մի քանի հարյուր տարի առաջ՝ իր տարածքով ու ռեսուրսներով: Անհեթեթություն է իրենց կողմից ասելը՝ «Մենք ենք իրենց պետք, ոչ թե Հայաստանն է մեզ պետք»: Ռուսաստանն անում է այն քայլերը, որոնք այս իրավիճակում ճիշտ է համարում՝ ձևավորել մի դիրքորոշում, որը Հայաստանի համար ահազանգ կլինի, այդ թվում՝ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելը: Հանուն իրենց շահերի՝ փորձում են միջանկյալ քայլերով Հայաստանին հետ պահել անկանխատեսելի քայլերից: Այս ամենաթեժ շրջանում անել այնպիսի արկածախնդիր քայլեր, ինչպիսին Հայաստանի գործող իշխանությունն է անում, պետությանը լուրջ վնասներ է հասցվում: Նման բաներ եղել է նաև մոտ 100 տարի առաջ, և, դժբախտաբար, մենք չհասկացանք՝ ինչ է տեղի ունեցել: Այդ մասին նաև Նժդեհն է ասել: Հիմա գրեթե նույն բանն է կատարվում՝ գրեթե նույն դերակատարներով: Ներքին խժդժություններ ունենալ, երբ այդ ժամանակ Մոսկվայում որոշվում էր Նախիջևանի հարցը, որոշվում էր Արցախի հարցը, որոշվում էին Հայաստանի սահմանները, այդ ժամանակ էր, որ Արևելյան Հայաստանի զգալի հատվածը տրվեց Թուրքիային, Արարատն էլ՝ հետը, հենց այդ ժամանակ է տրվել Թուրքիային։ Եվ դրա փոխարեն՝ Ռուսաստանը կամ Խորհրդային Ռուսաստանը ստացավ Բաթումը և իր շրջակայքը։ Մեր հաշվին բոլորն առևտուր էին անում, այսօր էլ են մեր հաշվին առևտուր անում: Հետևություններ չենք անում մեր պատմությունից…
- Սա տգիտության հետևանք է: Այս մարդկանց համար ի՜նչ Արցախ, ի՜նչ Արարատ, ի՜նչ Արևմտյան Հայաստան ու Ցեղասպանություն: Այն, ինչ Հայաստանի իշխանությունն այսօր անում է՝ տալն է, միայն տալիս է: Նույնը՝ TRIPP-ի հետ կապված: Հասկանալի է՝ ինչ են ստանում Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը, բայց մեր տարածքը տալիս են, տեղը մե՞նք ինչ ենք ստանում… Ոչի՛նչ: Անգամ TRIPP-ի սահմանները գծված չեն, որովհետև դա ամբողջ Հայաստանն է: Սա է իրականությունը:
- Եթե մենք մեր պետությունը կարգի բերենք, քիչ թե շատ նորմալ երկրի որևէ դեսպան որևէ պատգամավորի ներկայությամբ չի կարող ասել՝ դուք պարտված եք, Ադրբեջանն ինչ ուզի, պիտի անեք: Եթե նման բան ասի, այնպիսի աղմուկ կբարձրանա, որ հաջորդ օրը նրան հետ կկանչեն իր երկիր:
- Անգամ Հայաստանի ղեկավարները որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից լուրջ չեն ընդունվում, ոչ էլ իրենց հետ որևէ հարց են քննարկում: Իրենց ասում են՝ սա՛ է պետք, գնացե՛ք և արե՛ք, և վե՛րջ: Հայաստանին որպես պետություն չեն էլ դիտարկում: Եթե որևէ մեկը գնում, նստում է Թրամփի կողքի աթոռին, դա չի նշանակում, որ նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում: Հայաստանն իրենից ինչ-որ բան էր ներկայացնում, դերակատարություն ուներ, երբ Արցախը կար:
- Խորհրդային տարիներին Հայաստանը շատ մեծ ձեռքբերումներ է ունեցել: Նախ փրկվել է ցեղասպանությունից, գոյություն է ունեցել որպես երկրորդային պետական միավորում, ունեցել է ձեռքբերումներ գիտության, արդյունաբերության, արվեստի, սպորտի, մշակույթի բնագավառներում: Բայց չի կարելի ասել, որ ինքնուրույն պետական միավորում էր: Իբր Երրորդ Հանրապետությունն ավարտեցինք, հիմա էլ Չորրորդին ենք հասել: Սա ամոթալի բան է:
- Էստեղ-էնտեղ սուտ ասելով, խաբելով, կեղծելով՝ շատ հեռուն չես գնալու: Ի վերջո, հաշիվ են պահանջելու, թե ի՞նչ ես անում, ո՞ւր ես գնում, ու հետևանքներն այդ ժամանակ կարող են լինել շատ վատ:
- Հայաստանը որևէ ազդեցություն, դերակատարություն միջազգային հարաբերություններում չունի, արհամարհված է բոլորի կողմից: Գնալու է Ռուսաստան, ի՞նչ ասի՝ ներողությո՞ւն… Բա հետո՞: Հայաստանը հասցրել է Կռիլովի «Слон и моська» առակի վիճակին: Հայաստանում շատ աղետներ են եղել, ու դեռ կարող են լինել: Հայաստանը սրա մասին պետք է մտածի: Պետության իրական գործառույթն իր շահերն ու արժանապատվությունը պաշտպանելն է:

- Դժբախտաբար, իշխանությունն ինքն իրեն մղել է մի անկյուն, որտեղ այլ բան չի կարող անել, բացի սրան-նրան հաճոյանալու քայլերից: Պատասխանատվությունից խուսափելու միակ ձևն իրենց համար իշխանությունը պահելն է: Բայց դա երկար որևէ մեկի չի հաջողվել, իրենց էլ չի հաջողվելու: Ի վերջո, պատասխանատվության պահը գալու է:
- Ալիևը կոմպլեքսավորված մեկն է, որքան էլ այսօր իր ձեռքբերումների շրջանակում դա կարող է տարօրինակ թվալ: Երբ մարդն անհեթեթ պահանջներ է ներկայացնում, ինքը՝ որպես կոմպլեքսավորված մարդ, անհընդհատ նոր բաներ է ուզելու, որովհետև տասնամյակներ շարունակ իրեն ճզմված է զգացել, ոչինչ չի կարողացել անել, այդ թվում՝ Արցախի հարցում:
- Մենք ներսում պետք է կարողանանք մեր պետությունը պահել:
- Մարդիկ, ովքեր Արցախի իշխանության ներկայացուցիչներ են, անում են իրականությանը համակերպվելու քայլեր: Որևէ քայլ, նպատակ չունեն ու չեն էլ ունեցել 2023-26թթ.: Էդ մարդիկ հանուն Արցախի խնդրի ի՞նչ են արել, ոչի՛նչ, ու այդ մարդիկ իրենց իրավունք են վերապահում Արցախի անունից խոսելու: Արցախը մեր բոլորի հայրենիքն է, բայց ոչ այդ հայրենիքը զոհաբերողների հայրենիքը:
- Պիտի ձևավորվեր այնպիսի էլիտա, որը մարդկանց պետք է տաներ խիզախության, քայլերի ու կարողանար տեր լիներ իր երկրին: Ցավոք, դրա հիմքերն ավելի խորն են, քան այս իշխանության գոյությունն է: Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են քայլեր անել, և ես ինքս փորձում եմ նրանց հետ քայլեր անել: Պետք է այդ մարդկանց խրախուսել, նրանք էլ պետք է փորձեն ինքնակազմակերպվել, իսկ մեր քաղաքացին էլ չպետք է հուսահատվի:

- Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ, խաղաղությունը վեհ գաղափար է, ինքդ քեզ պաշտպանել կարողանալը: Դե թող այն ժամանակ մեզ սպառնային, մտել էին ծակերն ու վնգստում էին: Լինելու են լավ օրեր, բայց դրա համար պետք է տաժանակիր աշխատանք:
- Պետք է կարողանալ ինքնակազմակերպվել: Ի վերջո, փորձեցին գրոհել Եկեղեցու վրա ու չկարողացան: Մարդիկ բաց ձեռքերով կանգնեցին մինչև ատամները զինված մարդկանց առաջ: Որովհետև Եկեղեցին իրենց նման մի քանի օրվա կյանք ունեցող կառույց չէ, որ ինչ ուզենան՝ անեն: Ի վերջո, ազդեցիկ պետություններ կան, որ շատ ավելի փոքր պատմություն ունեն, քան մեր եկեղեցին: Սա բացառիկ բան է, որ մեզ տվել է Աստված, ու մենք պետք է տեր կանգնենք նրան:
Մանրամասները՝ տեսանյութում:

