Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, սահմանում է, թե մարդու և պետության հարաբերություններն ինչպիսին պետք է լինեն, և, թե պետական կառույցն ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի: Սահմանադրությունը տվյալ ժողովրդի կամարտահայտության արդյունքը պետք է լինի, և այլ պետության կողմից ցանկացած միջամտություն նշանակում է, որ դուք այլևս ինքնիշխան պետություն չեք և առաջնորդվում եք օտար պետությունների շահերով: Այս առումով Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը զարմանալի չէր: Ինձ համար զարմանալին այն էր, որ նման տեքստը կարող է համարվել Սահմանադրության նախագիծ: Սա Ալիևի և Փաշինյանի Սահմանադրություն է առնվազն 1-ին հոդվածի և նախաբանի մասով:
  • Նախաբանից Անկախության հռչակագիրը հանելը նշանակում է, որ մենք այլևս համազգային նպատակներ չունենք, իսկ մեր պետության ստեղծումը չունի հիմք: Ըստ Ալիևի և Փաշինյանի Սահմանադրության նախագծի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը նոր է հիմնադրվելու, և մեր պետությունը ոչ մի պատմական արմատ չունի: Սա բացարձակ անընդունելի փաստ է, բայց ինձ համար զարմանալի չէ, որովհետև առնվազն 2020թ. Փաշինյանը տարել է այդ գիծը՝ նախ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ապա կատարելով նաև Ալիևի բոլոր հաջորդ պահանջները:
  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա ասածը շատ խոսուն է, ասում է՝ դուք ընդունեք այս տեքստը, հետո մենք կստորագրենք Խաղաղության պայմանագիրը, որը, դեռ փաստ չէ, որ խաղաղություն է բերելու, քանի որ, երբ դուք օտարի պարտադրանքով փոխում եք Սահմանադրությունը, ավելի եք թուլացնում պետությունը: Մեր խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն անպայման պետք է դեմ քվեարկեն այս նախագծին: Դա ամրագրված է 2015թ. Սահմանադրությամբ. առանց ԱԺ-ի հավանության՝ հարցը հանրաքվեի դրվել չի կարող: Նկատենք, որ այս Սահմանադրության տեքստից 2/3 սահմանադրական մեծամասնության պահանջն իսպառ վերացված է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անմիջապես արձագանքել է Փաշինյանին՝ Բաքուն «բարձր է գնահատում» ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը:

  • Բնականաբար, Սահմանադրության փոփոխության պահանջը կատարելուց հետո Ադրբեջանից հետևելու են բազմաթիվ այլ պահանջներ: Նախկինում ՔՊ-ականներն ասում էին՝ եթե Ադրբեջանը մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում, ապա Ադրբեջանի գործող Սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ի նկատմամբ հավակնություն կա: Եթե մենք մեր գործող Սահմանադրության մեջ Արցախի հետ վերամիավորման մասին էինք խոսում սոսկ, ինչը միջազգային իրավունքով արգելված չէ, ապա իրենց Սահմանադրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-2020թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ իրավահաջորդությունը տարածվում է նաև տարածքների վրա, իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հսկայական տարածքային պահանջներ ուներ Հայաստանից: Քանի դեռ Ադրբեջանի գործող Սահմանադրությունը կա՝ անկախ նրանից, որ Բայրամովն ասում է, որ Սահմանադրության փոփոխության պահանջը միակ պահանջն է, բազմաթիվ այլ պահանջներ են դրան հետևելու:
  • Մենք այսօր առնչվում ենք մի փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային փաստաթուղթ էր: Սա անընդունելի է: Միայն նոր տեքստի նախաբանն ու 1-ին հոդվածը բավական են, որ մարդիկ այս տեքստին «ո՛չ» ասեն:
  • Ադրբեջանին զիջումներն անվերջ են: Դա միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի: Սա մեր կապիտուլյացիայի հաջորդ ակտն է:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր նախագիծը հարցապնդումների հոդվածը հանել է: Ազգային ժողովում պատգամավորների՝ Կառավարությանն ուղղված գրավոր հարցերն այլևս քննարկման առարկա չեն դառնա:
  • 2015թ. Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագիրը հանելու պահանջ չի եղել, քանի որ Ադրբեջանը դա անհեթեթ է համարել, որովհետև եթե նման պահանջ ներկայացներ, ծաղրուծանակի կենթարկվեր: Հիմա Ադրբեջանը կստանա ամեն ինչ, եթե հայ ժողովուրդը դա թույլ տա:

  • Փաշինյանն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջ պահանջ է դրել կողմ քվեարկել այս տեքստը հանրաքվեի դնելուն, այլապես ճնշմամբ նա կստիպի դա անել: Ես չեմ բացառում, որ ցայտնոտային վիճակում գտնվող Փաշինյանը պարզապես առանց ԱԺ համաձայնսւթյան նախագիծը պարզապես կդնի հանրաքվեի, և դա կլինի հակասահմանադրական քայլ, բայց սա միակ հակասահմանադրական քայլը չի լինի: Ինքը բազմաթիվ հակասահմանադրական քայլեր է արել, անգամ Սահմանադրություն է փոխել 6 տարի առաջ հակասահմանադրական քայլերով:
  • Երբ հանրային իշխանությունը ստիպված է լինում Սահմանադրություն խախտել, ինչպես բազմիցս արել է Փաշինյանը, ուրեմն այդ Սահմանադրությունն ինչ-որ կերպ կաշկանդել է նրան:
  • Այս Սահմանադրությունը փոխելու որևէ նախադրյալ չկա: Այդ պահանջը թշնամու կողմից է եկել:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր այս նախագիծը վերացնում է անկախ դատական համակարգը, որը գոնե թե թղթի վրա կար:
  • Մեր գործող Սահմանադրությունը սկսվում է «հայ ժողովուրդը» բառերով, հիմա «հայ ժողովուրդը» վերացրել են, թողել են մի տեղ՝ եկեղեցու մասին դրույթում: Այս Սահմանադրությունը ոչ մի ազգային բան չունի: Հանել են գերբի նկարագրությունը, չի հիշատակվում Արարատ լեռը, չկա Անկախության հռչակագիրը…  Այս տեքստի հեղինակն Իլհամ Ալիևն է: Մնացածն ամրագրում է  ՔՊ-ի դիկտատուրան:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր այս նախագծով՝ բոլոր դատավորները, բացի Սահմանադրական դատարանի դատավորներից, դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և բոլոր դատավորների ճակատագիրը որոշելու է 5 հոգուց բաղկացած մի հանձնաժողով՝ Դատավորների վերագնահատման հանձնաժողովը, որը ձևավորվելու է ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությամբ: ՔՊ-ն որոշելու է, որ կա 5 հոգի, և այդ 5 հոգին որոշելու են ՀՀ անխտիր բոլոր դատավորների ճակատագիրը: Ըստ իրենց քիմքի՝ կասեն՝ ցտեսություն, դուք այլևս դատավոր չեք: Նույնիսկ ՍԴ-ն, որն ամբողջությամբ գրպանային դատարան է, վախեցրել է սրանց, և ապագայի համար ամրագրել են, որ ՍԴ դատավոր 2-րդ փուլում կարող է ընտրվել կրկին պարզ մեծամասնությամբ: Հսկողության տակ են պահել նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմավորման գործընթացը: Դատարանների, Վճռաբեկի Պալատների նախագահների համար նախատեսում են պաշտոնավարման երկար ժամկետներ՝ իրենց դատավորների վրա ազդելու և իշխանության համար հաճո որոշումներ ստանալու համար: Սահմանադրության նախագծից ջնջված է Վարչական դատարան հասկացությունն առհասարակ: Այսինքն՝ մարդու և պետության միջև վեճերը լուծելու տեղ կարող է և չլինել, երբ Վարչական դատարանն այդ առնչությամբ կարևոր գործ էր անում:

  • Մեզ քննադատում են, որ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսել ենք 3/5: Բայց եթե ժողովուրդը ՔՊ-ին 3/5 ունենալու չափ ձայն է տալիս, ու նա կարողանում է այդքան ձայնով կարևոր հարցեր լուծել միանձնյա, այդ դեպքում ո՞վ է մեղավոր՝ 3/5-ի պահա՞նջը, թե՞ այն ժողովուրդը, որը ՔՊ-ին տվել է այդ 3/5-րդը: Մինչ մեր Սահմանադրության մեջ 3/5-ի սահմանաչափի ներառումը, որևէ քաղաքական ուժ մեր Պառլամենտի ընտրություններում 3/5 չի ստացել: Եվ մենք համարեցինք, որ դա շատ բարձր թիվ է, և որպես խորհրդարանական մեծամասնությանը հակակշռելու սահմանաչափ՝ հենց 3/5 ընտրեցինք, որ տվյալ պաշտոնատար անձին ընտրելիս, մեծամասնությունը կոմպրոմիսի գնա ընդդիմության հետ:
  • Գործող Սահմանադրության մեջ ըստ էության կարելի էր մի բան փոխել՝ որ որևէ քաղաքական ուժ չի կարող 3/5 ունենալ Ազգային ժողովում, և 3/5-ը պահել միայն պաշտոնատար անձանց ընտրելու ժամանակ: 
  • Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է. ինքը 2021 և 2026թթ. «վերընտրվեց», և իր հետագա պաշտոնավարումը շարունակելու համար պետք է ստանա Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը: Դրա համար նա մարդկանց պետք է համոզի, որ Սահմանադրության փոփոխությունն է պատերազմից խուսափելու միակ ճանապարհը: Բայց եթե հետո Ադրբեջանն այլ պահանջներ ներկայացնի, ի՞նչ է անելու… Ոչի՛նչ, հնազանդ կատարելու է բոլոր պահանջները: Տարիներ առաջ ասում էին՝ եթե մեզնից պահանջեն փոխել մեր Սահմանադրությունը, մենք էլ կպահանջենք, որ իրենցը փոխեն: Հիմա ինչի՞ չեն պահանջում, դե պահանջե՛ք:
  • Խաղաղությունը երբեք պայմանագրով չի հաստատվում. Նույնիսկ, եթե խաղաղության պայմանագիրը վավերացվի, դա երաշխիք չէ, որ դու խաղաղության մեջ ես ապրելու: Սա հեքիաթ է միամիտների համար:

Միջնադարից սկսած՝ մինչև մեր օրերը, հարյուրավոր խաղաղության պայմանագրեր են կնքվել, բայց հետո պատերազմներ են եղել:

  • Եթե 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը հանում եք, հանում եք նաև Հայաստանի անկախության հիմքը: Հայաստանն անկախ է դարձել այդ հռչակագրի շնորհիվ. Մինչ այդ Հայաստանն անկախ չի եղել: Մեր անկախությունն օդից չի ընկել, այն եղել է մեր ժողովրդի պայքարի արդյունքը: Հիմա եթե դու հանում ես Անկախության հռչակագիրը, քանդում ես տան հիմքը, այն հիմքը, որով Հայաստանը դարձել է անկախ պետություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30