Փաշինյանը կդառնա ԱԺ նախագահ, իր մարդուն կնշանակի վարչապետ, հենց իր ուզածը չանի, 2 օրից կհեռացնի. Հովիկ Աղազարյան
ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետության գոյությանն Անկախության հռչակագիրը որևէ բանով չի խանգարում, Նիկոլ Փաշինյանն է իրերի դրությունն այնպես ներկայացնում, որ Անկախության հռչակագրից հրաժարվում է ոչ թե արտաքին ճնշումների պատճառով, այլ, իբր դա ՀՀ ներքին օրակարգն է։

«Ադրբեջանն աշխարհին ի՞նչ է ասում, ասում է՝ «ես վախենում եմ այս երկրից, վաղը-մյուս օրը կգան ռևանշիստներ, կհարձակվեն մեզ վրա, նորից արյուն, և այլն։ Հիմա, որպեսզի վաղը չէ մյուս օրվա գալն անհնարին դառնա, ուրեմն Սահմանադրությունը պետք է փոխեն»։ Հռչակագիրը ոչ թե պետք է Սահմանադրության նախաբանից հանեն, այլ մի կետ ավելացնեն, որտեղ գրված կլինի, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի հարևաններից, հատկապես՝ Ադրբեջանից։
Հարցը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այսքան բան չի՞ հասկանում, պարոն Աղազարյանն այդքան խելո՞ք է, Նիկոլ Փաշինյանը՝ չէ՞։ Նա լավ է հասկանում, ուղղակի անում է իր նպատակի իրականացման նախաքայլերից մեկը, այսինքն՝ Հռչակագիրը հանի, եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, ապա կդիմի ժողովրդին, կասի՝ «սիրելի՛ ժողովուրդ, փաստորեն դուք դեմ էիք Հռչակագրին»։
Երբ ես և Հակոբ Ասլանյանը դեռ ՔՊ-ի մեջ էինք, Նիկոլ Փաշինյանը փակ նիստում Հռչակագրի հետ կապված հարց բարձրացրեց ու արժանացավ դիմադրության։ Ուզում է ֆռռացնելով Սահմանադրությունն ընդունի, որ հետո Հռչակագիրը հանի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հովիկ Աղազարյանը։
Ըստ նախկին պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը կփոխի Անկախության հռչակագիրը, որը կլինի նրա ցնորական գաղափարի՝ «Չորրորդ Հանրապետության ստեղծման» հիմնաքարերից մեկը։
«Իսկ երբ նա նոր Հռչակագիրն ընդունի, Ալիևն ու Էրդողանը գալու են ու ասեն՝ «Նիկոլ ջան, Չորրորդ Հանրապետության ստեղծմանը մենք պետք է ունենանք մեր մասնակցությունը»։ Թե այս մասնակցությունն ի՞նչ հետևանքներ կունենա՝ սարսափելի է նույնիսկ նկարագրելը։

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին էլ է խաբում, ասում է՝ «Հռչակագիրը թողնում ենք տեղում, ի՞նչ եք ուզում ինձանից, նոր Սահմանադրություն ենք ընդունում»։ Երբ ճնշումներն ուժեղ են լինում, թիմակիցներն իրեն համոզում են, որ Հռչակագիրը չի փոխվելու։ Իմ, պարոն Ասլանյանի և իր միջև հակասություններն ինչպե՞ս առաջացան՝ հենց փախստականների հարցի հետ կապված. մենք ասում էինք, ինքը պատասխանում էր, թե նման բան չկա, բայց հիմա դրա մասին բոլորն են խոսում։ Գուցե Նիկոլ Փաշինյանը հավատում է իր խոսքերին, բայց նրա քայլերի հաջորդականությունը բերելու է հայոց պետականության կործանման, եթե ժամանակին դեմը չառնենք»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը։
Մեր զրուցակիցը նաև վստահ է, որ հանրաքվեի դեպքում նոր Սահմանադրության նախագծին մարդիկ կողմ կքվեարկեն, որովհետև այսօր բոլոր համայնքապետերին ասում են «ՔՊ հպատակներ», նրանց վրա պայման է դրվելու, որ «սիրուն դիմում գրեն ու պահեն, եթե էսքան ձայն չապահովեն՝ կհեռանան»։ Այսինքն՝ ճնշումների միջոցով այդ ձայները կապահովեն։
Նա նաև հիշեցրեց, որ այսօրվա Սահմանադրությանը, որը ժամանակին քննարկվեց ու ընդունվեց, Նիկոլ Փաշինյանը սկզբում չի համաձայնել, հետո համաձայնել է իր այն տեսակետին, որ այն ՀՀ ինքնիշխանության մակարդակը մեկ աստիճանով վերև է բարձրացնում։
«Դրել ու սեղմում է, ասում է՝ չէ, պետք է գաք ու միանաք հանրաքվեին, ընդդիմությունն էլ ասում է՝ «ա՛ռը հա քեզ»։
Հավատում եմ, որ հանրաքվեն անցկացնելուց հետո նա վարչապետի թեկնածու չի առաջադրվի, կդառնա ԱԺ նախագահ։ Իր ուզած մարդուն կնշանակի վարչապետ, հենց իր ուզածը չանի, 2 օր հետո խորհրդարանում նրան պաշտոնից կհեռացնի։ Դե թող ասի, որ քաղաքականությունից առհասարակ կհեռանա։ Եթե հանրաքվե տեղի չունեցավ, ապա միակ սցենարն այն է, որ առաջանում է քաղաքական ճգնաժամ, և այն հաղթահարվում է արտահերթ ընտրություններով։ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ հաղթելու է, որովհետև այս ընտրություններում ավելի քիչ ձայներ է հավաքելու, քան հունիսյան ընտրություններում հավաքեց։
«Ուժեղ Հայաստանին» նա շատ լուրջ հարվածներ կհասցնի, դե, ակտիվին կալանավորել է, այս պայմաններում ուժը թուլանում է։
Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որ խորհրդարանում 1/3-ն ընդդիմություն լինի, հիմա խորհրդարանում այլևս ընդդիմություն չի՞ լինելու, թե՞ միայն Արամ Սարգսյանն է լինելու ընդդիմություն»,- շեշտեց Հ. Աղազարյանը։
Նա լավ գաղափար է համարում «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնությունը՝ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան՝ ասելով, որ եթե նմանատիպ 1-2 բևեռ ստեղծվի, և մեծ ճակատով գնան ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու հաղթել։

Աղազարյանի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ թիմում էին, այդ ժամանակ նրան չի ասել, որ իշխանության մեկ օր ավելի մնալը վտանգում է երկիրը, փոխարենն ասել է՝ «մի օր Ալիևին պետք է «ոչ» ասել, դա ե՞րբ պետք է ասվի»։ Ամեն անգամ հանդիպելիս նաև հարցրել են, թե փախստականների հարց քննարկվո՞ւմ է, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել, սակայն հասկանալի է, որ Ալիևն ամեն ինչ փուլ առ փուլ է անում՝ մի բանը ստանում է, հետո՝ հաջորդը։
Հովիկ Աղազարյանն այլաբանորեն պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ այսօր ՀՀ իշխանությունը պահանջ չի դնում, որպեսզի ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից։
«Ալիևն ասում է՝ «Չէ՛, չէ՛, Նիկոլ ջան, ես վախենում եմ, հանկարծ էն Հովիկը կգա իշխանության, պատերազմ կանի, մենք մնանք այստեղ, երբ խաղաղությունը կամրապնդվի, այն ժամանակ մենք կգնանք»։ Իսկ դա տասնյակ տարիների հարց է։
ԹՐԻՓՓ նախագծի գործարկումից հետո Սյունիքի անվտանգությունը երաշխավորված չէ, որովհետև այնտեղ կետ կա, որն ամենասարսափելին է, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինն օտարել երրորդ կողմին։ Եթե նման հարց կա, որ, օրինակ, Միացյալ Նահանգները ցանկանա օտարել մասնաբաժինը, ո՞ւմ է օտարելու՝ հաստատ ոչ Մոզամբիկին՝ կա՛մ Թուրքիային, կա՛մ Ադրբեջանին։ Իսկ սա նշանակում է՝ լուրջ վնաս ենք հասցնում Իրանի շահերին։ Եթե ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ այս նախագծին մասնակից դարձնել Իրանին, Ռուսաստանին և Ադրբեջանին ու Թուրքիային, ապա սա շատ ուժեղ նախագիծ կլիներ՝ անվտանգային իմաստով»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Հովիկ Աղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակներից մեկը Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է, և այս հարցում նրա, Թուրքիայի ու Եվրոպայի նպատակները համընկնում են, ավելին՝ սա Եվրոպայի գործընկերների պահանջն է, որի համար օգտագործում են Հայաստանին։
«Հիմա Փաշինյանն ասում է՝ «ՀԱՊԿ-ից մեզ հանեցիք, հա՞, դե որ այդպես է, մենք էլ այսպես կանենք, ոչինչ, իմ ժողովուրդը սոված կմնա, գազի գինը կթանկանա, բայց մենք մեր անկախությունը չենք զիջի, դե ռադդ քաշի, բազար էլ հանի»։ Այս խոսքերն ասելու համար ուղղակի հիմքեր է ստեղծում։ Թե ինչ կլինի ժողովրդի վիճակը, այլ հարց է, որովհետև իր քայլերը չեն ենթարկվում առողջ տրամաբանության։

Ինչո՞ւ պետք է Միացյալ Նահանգները, Ֆրանսիան առաջնորդվեն իրենց շահերով, իսկ Ռուսաստանը՝ մե՞ր։ Ամեն պետություն պետք է առաջնորդվի իր շահերով, պետք է փորձես հարմար իրողություններ գտնել ու քո շահն առաջ տանել։ Հիմա Հայաստանին մի մասն ասում է՝ գուբերնիա, մի մասը՝ վիլայեթ։ Եթե գուբերնիա լինենք, իսկապես կլինենք ծայրագավառ, եթե եղանք վիլայեթ՝ մնալու ենք մեջտեղում՝ Թուրքիա-Ադրբեջան, ու այդ դեպքում մեր անկախ պետություն ունենալու գաղափարը վերանալու է։ Խոզ պետք չէ լինել»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

