ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ծովային ականների վրա հերթական անգամ նավթատար երեք լցանավ է պայթել Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
«Այդ լցանավերից մեկն անցնում էր հարավային երթուղով, իսկ մյուս երկուսը՝ Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ գտնվելով ԱՄՆ-ի զինված ուժերի օդային պաշտպանության և ուղեկցող պահակախմբի հսկողության ներքո։ Դրանք պայթել են ծովային ականների վրա, և ուժեղ պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Կորպուսը հավելել է, որ ամերիկացի զինվորականների ուղեկցությունը չի կարողացել «կանխել այդ միջադեպերը»։
ԻՀՊԿ-ն վերջին շաբաթներին շատ հաճախակի է հայտնում Հորմուզի նեղուցի՝ իր կողմից արգելված հատվածով նավարկող լցանավերի պայթյունների մասին։

