ՀՈՒՆԻՍԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ Է. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Իրավապահները փակել էին պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ու ներսում ինչ-որ գործողություններ էին կատարում։ Գործողություններն իրականացնում էին Քննչական կոմիտեի աշխատակիցները։ Գործողություններ են իրականացվել նաև փոխտնօրենի և այլ աշխատակիցների սենյակներում։ Առգրավել են Արմեն Չարչյանին պատկանող համակարգիչը, գումար։ Զավեշտալին այն է, որ նշված քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հոկտեմբերի 9-ին:

Գործում նշված է, իբրև թե «Իզմիրլյան» ԲԿ-ն բժշկական գույք է ձեռք բերել ավելի թանկ արժեքով, քան շուկայականն է, ընկերությունից, որը պատկանում է բարձրաստիճան հոգևորականներին։ Տեղեկությունը ստացել են ԱԱԾ-ի հատուկ գործողությունների շնորհիվ։ Մեղադրանք է առաջադրված հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով: Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը շեշտել է՝ ըստ էության, այս ամենը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Պաշտպանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2025-ի հոկտեմբերի 8-ին հաղորդում է ներկայացվել, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթ է նախաձեռնվել, սակայն դրանից 4 ամիս անց է միայն խուզարկություններ անցկացնելու որոշում կայացվել։

Հիշեցնենք, որ Ավստրիայում փետրվարի 16-19-ը կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը, հետևաբար ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմի այս գործողություններն ուղղված են Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ, որպեսզի խոչընդոտեն նրա մասնակցությունը ժողովին:

Կարդացեք նաև

Վարդան Պողոսյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Զարմանալու ոչինչ չկա. այս իշխանությունը, արդեն երկար տարիներ է՝ նման կերպ է աշխատում, և եկեղեցու դեմ արշավում այս կառավարությունը չի խորշում ոչնչից, Սահմանադրությունը կոպտորեն խախտելով՝ միջամտում է եկեղեցու գործերին: Իրավապահ համակարգը, աչքերը փակ, ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալով հանդերձ, որ այն, ինչ տեղի է ունենում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված՝ Սահմանադրության ու օրենքների կոպտագույն խախտումներ են, ընդհուպ` քրեական պատասխանատվություն ենթադրող: Ոստիկանական համակարգն ու ԱԱԾ-ն աջակցում են այս հակասահմանադրական գործընթացներին: Պետք է հստակ հասկանանք՝ Փաշինյանն իր առաջ դրել է Հայ Առաքելական եկեղեցին ոչնչացնելու նպատակ, ստեղծել մի կառույց, որը ծառայելու է իր նպատակներին: Ունենք մի համակարգ, երբ մի մարդը և՛ վարչապետ է, և՛ ոստիկան, և՛ դատախազ, ամեն ինչ:
  • Ես կարծում եմ՝ Արմեն Չարչյանի հետ կապված այսօրվա գործընթացը կապ ունի Վեհափառի հետ, և այդ ռեպրեսիվ մեխանիզմը շարունակելու է գործել: Ես չգիտեմ՝ կգնան իրեն ձերբակալելո՞ւ, թե՞ ՀՀ տարածքից դուրս գալն արգելելու ճանապարհով: Այսօր կարևոր է, որպեսզի եկեղեցին մնա իր բարձր դիրքերում ու չընկրկի այս ռեպրեսիաների առաջ, բայց միայն եկեղեցին իրեն չի կարող պաշտպանել: Բոլորս պետք է ոտքի կանգնենք՝ պաշտպանելու մեր եկեղեցին: Հիմա մեր եկեղեցու նկատմամբ այնպիսի գործընթացներ են, որպիսիք չեն եղել օտար նվաճողների ժամանակ: Քաղաքական ուժերը, ցավոք, հանդես չեն գալիս միասնական օրակարգով, բայց գոնե եկեղեցին պաշտպանելու հարցում պետք է գործեն միակամ: Եթե չկա փողոցը, չկա Փաշինյանի համար որևէ արգելք: Իսկ փողոցը չի կարող ձևավորվել առանց կազմակերպման: Կազմակերպողները պետք է լինեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համոզված են, որ առանց եկեղեցու մենք չենք կարող ունենալ հայի ինքնություն:
  • Հունիսի այս ընտրություններն իրականում կառավարության փոփոխության մասին չեն, այլ այն մասին՝ լինելո՞ւ է արդյոք Հայաստան, թե՞ չի լինելու: Ընտրությունը Հայաստանի և Չհայաստանի միջև է: Հայոց ինքնության հիմքը կազմող ամեն ինչ այս իշխանությունները ոչնչացրել են կամ փորձում են վերացնել: Արցախը չկա, Անկախության հռչակագիրն՝ իր մեջ ներառված համազգային նպատակներով, ուզում են վերացնել Սահմանադրությունից, ամեն ինչ անում են, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իր դերը չունենա հայ ինքնության ու հայ հոգևոր կյանքի զարգացման գործում, հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները հարևան պետությանը, մեր տարածքները հետ բերելու մտադրություն ընդհանրապես չունի, բայց խոսում է ինքնիշխանության բարձրացման մասին: Մենք ունեինք սահմաններ, երբ թշնամին մեզնից հեռու էր հարյուրավոր կիլոմետրերով, բայց հիմա ունենք իրավիճակ, երբ թշնամին բառացիորեն մեր քթի տակ է: Եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, վիճակն ավելի վատ է լինելու, ունենալու ենք ավելի թույլ Հայաստան: Մենք հանձնվել ենք մեր թշնամիների ողորմածությանը: Հայաստանը չունի դիվանագիտություն, հանձնում է ամեն ինչ: Այս ընտրությունները ճակատագրական են երկրի համար, և սա ես ասում եմ դեռևս 2022թ.-ից, երբ դեռ Արցախ կար: Եթե Փաշինյանը վերարտադրվեց, հանձնելու են նաև Հայաստանը:

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը մեզ ոչինչ չտվեց. միայն մենք տվեցինք: Նրա այցի հետ կապված՝ սպասելիքներ էին ձևավորվել, մասնավորապես, Բաքվի բանտում գտնվող հայ պատանդների վերադարձման հարցով, բայց մեծ հաշվով ոչինչ տեղի չունեցավ: Ասացին՝ իբր Հայաստանում ԱՄՆ-ի կողմից 9 միլիարդ դոլարի ներդրումներ են լինելու, բայց պարզվեց՝ 9 միլիարդը ոչ թե Ամերիկան է տալիս, այլ մենք ենք տալու՝ չեղած մոդուլային էլեկտրակայանների էքսպերիմենտի համար:
  • Վենսը գնաց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նրա սոցիալական էջում եղավ հաղորդագրություն, սակայն մի քանի ժամ հետո այն հեռացվեց: Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելու Վենսի և իր քարտուղարության բացատրությունը հայ ազգի արժանապատվությունը նսեմացնող էր: Առավել ևս, որ ասաց՝ իրեն խնդրել են, որ ինքը գնա Ծիծեռնակաբերդ: Նման բան երբեք չի եղել հայ-ամերիկյան հարաբերություններում: Սա մարդկային տարրական կուլտուրայից էլ ցածր արարք էր, որն իրեն թույլ տվեց ԱՄՆ փոխնախագահը, և այս ամենը ՀՀ գործող իշխանությունը գնահատում է շատ նորմալ: Եթե որևէ մեկը Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին որևէ թթու խոսք է ասում, համար առաջին պաշտպանը ՀՀ արտաքին գործերի նախարարն է, հետո՝ ԱԺ նախագահը: Եթե դու չունես արժանապատվություն, ուրեմն կուլ պետք է տաս ամեն ինչ, որովհետև քո միակ նպատակն իշխանություն պահելն է:
  • TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որի կառավարումը ստանձնել է ԱՄՆ կառավարությունը: Վենսի այցը խայտառակ մի պատմություն էր հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ, բայց այդ խայտառակությունը շարունակվելու է ապագայում:
  • 1995թ. երբ Ցեղասպանության մասին դրույթն ամրագրվեց ՀՀ Սահմանադրության նախաբանում, Թուրքիան և Ադրբեջանն այդ ժամանակ նույնպես պահանջներ էին ներկայացնում, Վենետիկի հանձնաժողովում և Եվրոպայի խորհրդում բարձրացրել են այդ հարցը, բայց եվրոպացիները նույնիսկ այդ հարցը քննության առարկա դարձնել չեն համարձակվել, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունները հստակ կեցվածք են ունեցել: Հիմա Փաշինյանն ուզում է փոխել Սահմանադրությունը թուրքերի ու ադրբեջանցիների պահանջով, որ այդ դրույթը՝ Անկախության հռչակագրի հետ միասին, դուրս գա: Եթե Սահմանադրության փոխելու հարցն իշխանությունները դնեն սեղանին, քաղաքացու համար միակ ինդիկատորը քվեարկելիս դա պետք է լինի՝ կա՞ արդյոք Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչ: 
  • Եթե Փաշինյանն ասի՝ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, նա այլևս Փաշինյանը չի լինի: Փաշինյանը հիմա փորձ է անում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ու 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» հարցը տեղավորել արցախահայերի վերադարձի իրավունքի շրջանակում: Հետո էլ ասելու է՝ հա, ի՞նչ է եղել, որ: Ադրբեջանցիներն այստեղ ապրել են, թող հետ գան:

  • Խաղաղությունը չարչրկված թեզ է: Եթե չեն կրակում, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է: Քանի դեռ դու չես կնքել «Խաղաղության պայմանագիրը» քեզ համար ընդունելի պայմաններով, դու դե ֆակտո խաղաղություն չես ունենալու, որովհետև Ադրբեջանն իր հռետորիկան չի փոխում ու քեզ հավելյալ պահանջներ է ներկայացնում:
  • Իրավական առումով TRIPP գոյություն չունի: Ընդամենը եղել են օգոստոսի 8-ի ու հունվարի վաշինգտոնյան հայտարարություններ: TRIPP կլինի այն ժամանակ, երբ կլինի պայմանագիր: Այն պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, նոր դրանից հետո այն Հայաստանի համար պարտավորություններ կառաջացնի: TRIPP անվան տակ Հայաստանին են վաճառում «Զանգեզուրի միջանցքը», որտեղ Հայաստանը չունի ոչ մի շահ ու առավելություն: Շահում են Ամերիկան, Թուրքիան ու Ադրբեջանը, կորցնում են Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, նաև Չինաստանն ու Հնդկաստանը: Եթե մարդիկ անկեղծորեն հավատում են TRIPP-ի միֆին, միամտության բարձրագույն աստիճանն է: Երբ բոլոր կոմունիկացիաները համընդհանուր կերպով կբացվեն, կխոսենք մեզ համար դրա առավելությունների մասին, հակառակ դեպքում այն սոսկ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը միտված է Ռուսաստանն այս տարածաշրջանից հանելուն:
  • Կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ապաշրջափակումից, որը ձեռնտու է Հայաստանին, բայց նաև Թուրքիային ու Ադրբեջանին, և պահպանում է իր ինքնիշխանությունը, կա՛մ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որում Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար գնում է ամեն ինչի՝ մարդկանց խաբելով, մանիպուլացնելով ու ցույց տալով, որ ինքը լավ գործարք է կնքել:
  • Վենսն ուղղակիորեն առանց այլևայլության ասաց՝ իրենք ուզում են՝ Փաշինյանը մնա իշխանության: Նույն բանն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Կայա Կալասն ասաց՝ Հայաստանը խնդրել է աջակցել իրենց հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար: Արևմտաֆիլնե՛ր, հիմա հարց՝ ո՞վ է միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը: Որ նույն բանն ասեին Պուտինը կամ Միշուստինը, կփոթորկվեիք, բայց եթե նույն բանն ասում են Վենսը կամ թուրք նախարարը, ձեզ համար նորմալ է:
  • Արևմուտքի երաշխավորությունը նշանակում է Թուրքիայի և Ադրբեջանի դոմինացիա այս տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի վրա: Եթե դու գնում ես այդ ճանապարհով, Հայաստանից կարող է ոչինչ չմնալ: Այլընտրանքն ուժեղ Հայաստանն է՝ հզոր բանակով ու պատմական դաշնակիցներով: Այսօր որևէ գերտերություն, Ռուսաստանից բացի, շահագրգռված չէ պաշտպանել մեր շահերը, որովհետև դա են պահանջում իրենց շահերը: Ոչ թե Ռուսաստանը մեր սիրուն աչքերի համար է մեր շահերը պաշտպանում, այլ, որովհետև իր շահերից է բխում մեր շահերը պաշտպանելը:

  • Ի՞նչ է միջանցքը, ինչո՞վ է այն վտանգավոր: Միջանցքը վտանգավոր է նրանով, որ դու այդ տարածքի վրա որևէ վերահսկողություն չունես, չես տիրապետում նրան. տիրապետում է նա, ով այն կառավարում է: Եթե քո տարածք է մտնում այլ երկրի քաղաքացի ու բեռ, Միջանցքի դեպքում դու չես կարողանալու դրանք ստուգել, վերահսկել:
  • Ավելի մեծ նվեր Նիկոլ Փաշինյանին, քան Սահմանադրության փոփոխության մասին խոսելն է, ընդդիմադիր որոշ ուժեր չէին կարող մատուցել: Բացարձակապես անընդունելի է, երբ ընդդիմադիր ուժերը հիմա փոխանակ անդրադառնան այն հարցին, որ այսօրվա Սահմանադրությունը Փաշինյանի համար դարձել է խոչընդոտ իր տարբեր նպատակներն իրականացնելու համար, փոխանակ անդրադառնան այն հարցին, որ ունենք իշխանություն, որը թշնամու օրակարգն է սպասարկում, խոսում են Սահմանադրության փոփոխությունից՝ ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին: Սահմանադրությունն ընդամենը թուղթ է, և երբ դու ասում ես՝ թուղթն է մեղավոր մեր այս վիճակի համար, գլխիվայր շրջում ես ամեն ինչ՝ մարդկային գործոնն անտեսելով ու արդարացնելով Փաշինյանի գործելակերպը: Այս ամենը չհասկանալն ինձ համար անհասկանալի է:
  • Երբ ՀԱԿ-ը խոսում է կիսանախագահական մոդելի մասին, կարող եմ հասկանալ նրանց անձնական մոտիվը: Լևոն Տեր-Պետրոսյանը կիսանախագահական կառավարման մոդելի օրոք է նախագահել, ու իրենց համար դա լավ է: Օրինակ՝ այդ Սահմանադրության մեջ ՀՀ նախագահը կարող էր լուծարել ԱԺ-ն՝ ընդամենը ԱԺ նախագահի հետ խորհրդակցելով, ով, սակայն, ոչինչ չէր որոշում: Դատական իշխանության դրույթներն ավելի գրոտեսկային էին: Եթե սա էր կիսանախագահական համակարգը, փառք Աստծո, որ մենք դա փոխել ենք:
  • Կատարյալ Սահմանադրություն գոյություն չունի, բայց կա լավ ու վատ Սահմանադրություն: Լավ է այն Սահմանադրությունը, երբ կա իշխանության թևերի հակակշռում, վատ է այն Սահմանադրությունը, որն ամեն ինչ կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում: Երբ ասում են՝ ներկայիս Սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգ է, ես չեմ հասկանում՝ որտե՞ղ են նրանք նման բան կարդացել Սահմանադրության մեջ:
  • Մեր դատական իշխանությունը եղել է կախյալ, բայց դա էլ իր աստիճանն է ունեցել: Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի օրոք դատավորներն այս աստիճանի կախյալ չեն եղել: Որևէ դատավորի մտքով չէր անցնի քննության առարկա դարձնել Կաթողիկոսի որոշումը, որևէ դատավոր չէր կարող չնկարագրել ենթադրյալ մեղադրյալի արարքն ու նրան դատապարտել, ինչպես եղավ Հրայր Թովմասյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
  • Գործող Սահմանադրության մեջ գրված է՝ դատավորներն ընտրվում են ԱԺ-ի 3/5-ի առաջարկությամբ այն պարզ նախապայմանով, որ պետք է լինի որոշակի կոնսենսուս քաղաքական ուժերի միջև: Հիմա դա չկա, որովհետև ՔՊ-ն իր 2/3-ով չեզոքացնում է դա: Այս առումով Ռոբերտ Քոչարյանը ճիշտ դիտարկում է անում, բայց իր առաջարկն ավելի վատն է: Եթե, ինչպես ինքն է ասում, ԱԺ ֆրակցիաների մեծամասնությունը կողմ չլինի որևէ դատավորի նշանակմանը, մենք դատավոր չենք ունենա: Չկա որևէ սահմանադրական լուծում, որ նշանակված դատավորը գործելու է Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան: Դատավորը ներքին զսպվածություն պիտի ունենա ու կամք՝ դիմակայելու զանազան արտաքին ճնշումների:

  • Որպեսզի Սահմանադրությունը գործի, պետք է լինեն մարդիկ, ովքեր մտածում են, որ Սահմանադրությունը պահպանելն ինքնին արժեք է: Մենք այդպիսի հասարակություն ու էլիտա այսօր չունենք:
  • Փաշինյանն ու իր կառավարության անդամները երդում են տվել գործող Սահմանադրության վրա. հիմա իրենք երդմնազանց են:
  • Եթե որևէ քաղաքական ուժ ունենա այնպիսի մեծամասնություն, ինչպիսին այսօր ունի ՔՊ-ն, լինի նախագահական, թե կիսանախագահական համակարգ, երբ այդ մեծամասնությունը հլու-հնազանդ լսում է իր ղեկավարին, ոչ մի մեխանիզմ չի գործելու: Միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրություններ չեն եղել, չկան ու ապագայում էլ չեն լինելու, որովհետև ամեն բան կախված է մարդկանցից, ովքեր իրացնում են այդ իշխանությունը:
  • Կառավարման կիսանախագահական համակարգն ամենաանտրամաբանական համակարգն է, որովհետև պատասխան չի տալիս՝ ով է երկրում իրականացվող քաղաքականության պատասխանատուն, որովհետև թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն ընտրվում են ժողովրդի կողմից: Կիսանախագահական համակարգը կա՛մ հանգեցնում է անարխիկ կառավարման, կա՛մ բացարձակ միապետության: Այսօրվա Ֆրանսիան դրա լավ օրինակն է: Մակրոնը քանի՞ կառավարություն փոխեց:
  • Ո՞ր համակարգն է լավ, այն, որով խորհրդարանը կարող է փոխել վարչապետի՞ն, թե՞ այն համակարգը, երբ նախագահը նշանակում է վարչապետ, ով իր կառավարության կազմով հլու-հնազանդ է նախագահին, և միայն նա կարող է փոխել վարչապետին:
  • Եթե ունենք քաղաքական մեծամասնություն, ովքեր իրենք իրենց են անվանում ուսապարկ, բնականաբար, իրենց համար Սահմանադրության մեջ գրված դրույթները դատարկ խոսքեր են:
  • Ընդդիմության մեղքն այն է, որ 2021թ.-ից հետո չկարողացան միասնական օրակարգ ձևավորել, որպեսզի օգտվեն Սահմանադրության 115-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից ու փողոցի ճնշման ներքո վարչապետ փոխել: Իսկ չկարողացան, որովհետև այդպես էլ համաձայնության չեկան, թե ով պետք է լինի այդ վարչապետի թեկնածուն: Անվստահության գործընթացի գաղափարը լավն էր, ու 2021թ. կարող էր հաջողության հասնել, բայց մենք նույն այդ անհամաձայնությունների պատճառով հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ:
  • Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն աջակցող «մեր ձևով» արտահայտության մեջ քրեական հանցակազմ տեսնելու համար պետք է ունենալ շատ մեծ երևակայություն: Նույն կերպ չկա որևէ փաստ, որ Բագրատ սրբազանը բռնության կոչ է արել: Իրավապահ համակարգում արդյո՞ք կան մարդիկ, ովքեր կհավատան, որ այս մարդկանց գործողություններում հանցակազմ կա:
  • Սահմանադրության փոփոխության 2 ձև գոյություն ունի՝ հանրաքվե և ԱԺ-ի միջոցով փոփոխություն: 202-րդ հոդվածի 1-ին մասում չներառված բոլոր հոդվածները կարող են փոխվել ԱԺ-ով: 148-րդ հոդվածն այն շարքին է պատկանում, որի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ-ի որակյալ մեծամասնության՝ 2/3-ի ձայները: 148-րդ հոդվածը վարչապետին, փոխվարչապետերին ու կառավարության անդամներին ներկայացվող պահանջներին է վերաբերում: Այն, ինչ երեկ առաջարկվել է «Ուժեղ Հայաստանի» կողմից, ամբողջովին Սահմանադրության տեքստի շրջանակներում է: 

Ի դեպ, երբ 2020թ. Սահմանադրության խախտմամբ ՔՊ-ն Սահմանադրություն փոխեց, փոխեց 16-րդ գլխի հոդվածը, որը ո՛չ հանրաքվեով, ո՛չ ԱԺ-ով փոխվել չէր կարող, բայց իրենց պետք էր՝ արեցին ինչ ուզեցին՝ հաշվի չառնելով Սահմանադրությունը: Բայց երբ «Ուժեղ Հայաստանն» ասում է՝ փոփոխելի հոդվածն ենք փոխելու, իշխանությունները վայնասուն են բարձրացնում… Մինչդեռ ՔՊ-ն ժամանակին այդ ապօրինությանը գնաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին իր պաշտոնից հեռացնելու, ՍԴ 3 դատավորների՝ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին ու Հրանտ Նազարյանին պաշտոնազրկելու համար:

  • Ինձ համար միանշանակ է՝ լինելով անվտանգային զգայուն գոտում՝ Հայաստանն իրեն չպետք է թույլ տա երկքաղաքացուն վարչապետի պաշտոն տալու շռայլություն: Հայաստանի համար դա սխալ ճանապարհ է: Կարծում եմ՝ պետք է թողնել միայն Հայաստանի քաղաքացի լինելու պահանջը, և դա լիովին բավարար է, որ Սահմանադրության հիմնարար սկզբունքները բավարարվեն:
  • Բոլոր այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իրապես ուզում են իշխանափոխություն, պետք է ռեալիստորեն գնահատեն իրենց շանսերը: Բոլոր այն քաղաքական ընդդիմադիր ուժերը պետք է ֆորմալ առումով մտնեն ընտրապայքարի մեջ, ովքեր գտնում են, որ իրենց ընտրազանգվածը տարբերվում է այլ ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածներից: Առնվազն 3-4 ընդդիմադիր ուժեր են մտնելու ընտրապայքարի մեջ: Շատ կարևոր է, որպեսզի ընդդիմադիր այդ ուժերն ունենան գրավոր համաձայնություն, որ Խորհրդարան անցնելուց հետո որևէ համաձայնության Նիկոլ Փաշինյանի հետ չեն գնալու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս