«Ռուբիոյի այցը և ստորագրված հուշագիրը քաղաքական սատարում են հայտնում իշխանություններին. Փաստաթղթով Հայաստանը կարող է դառնալ «ոտքի տակի» ճանապարհ». Նարինե Կիրակոսյան
Մայիսի 26-ին 1 ժամով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա օդանավակայանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մի քանի փաստաթուղթ ստորագրեց և անմիջապես մեկնեց Հայաստանից։
Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի ստորագրած փաստաթղթերից մեկը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրն էր։
Ինչպես նշված է հուշագրում՝ մասնակիցների նպատակն աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում։ Նաև մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրկակոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդքան կարևորում ստորագրված հուշագիրը։
«Կարող եմ ասել, որ սա հերթական փուչիկն է, ինչպես «Թրամփի ուղին» էր, սա էլ դրա մի ճյուղն է։ Կարդում եմ արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված այդ հուշագիրը, նախ ասեմ՝ շրջանակային հուշագիր է, այսինքն՝ այս փաստաթուղթն այն մասին է, որ կարող է պատահել, որ ինչ-որ համագործակցության այլ փաստաթուղթ ստորագրեն։ Բայց սա դեռևս շրջանակային հուշագիր է՝ ՀՀ-ի և Միացյալ Նահանգների միջև, նշվում է, որ համագործակցելու են «կարևորագույն նյութերի և հանքանյութերի արդյունահանման և մշակման մատակարման ոլորտում, այսինքն՝ մատակարման մասին են միայն խոսում, սա կարող է լինել ուրանի հետ կապված։ Այստեղ ոչ մի նորություն չկա, այդ հուշագրի մեջ մի քանի անգամ նշված է «քանի որ» արտահայտությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում կրկնել իր վանկարկումները, այստեղ սյունակով ևս այդ արտահայտությունը կրկնվում է ու ինչ-որ նախադասություններ են գրված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Կիրակոսյանը։
Ըստ նրա, ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հուշագրում նշված է կարևորագույն հանքանյութեր, կարդացել է ու փորձել հասկանալ, թե այդ ինչ կարևորագույն հանքանյութերի մասին է խոսքը, քանի որ գեթ մեկ հանքանյութի մասին գրված չէ։ Ներկայացված է միայն մատակարման մասին, որը լինելու է «Թրամփի ուղիով»։
«Այստեղ պարզ է դառնում, որ Հայաստանն այս փաստաթղթով կարող է դառնալ «ոտքի տակի» ճանապարհ։
Մյուս կողմից էլ եթե հետհայաց նայեք դարերի պատմությանը, Հայաստանը միշտ էլ եղել է «մետաքսի ճանապարհ», իսկ եթե եղել է ու սա Ասիայի հետ կապող ինչ-որ հերթական հուշագիր է, կարող ենք ասել, որ հիմա էլ հանքանյութերի համար է տարանցիկ ճանապարհ դառնալու, բայց ի՞նչ հանքանյութերի մասին է խոսքը, պարզ չէ՝ ուրանի՞, մոլիբդենի՞, չգիտենք։
Խոսվում է նաև թափոների վերամշակման և վերարտադրման մասին, որը կարող է լինել ատոմակայանի օգտագործած ուրանի մասին։ Ըստ իրենց, Միացյալ Նահանգները մեզ համար կարող է կառուցել մոդուլային ատոմակայաններ և դրա հետ կարող է կապվել թափոնների վերամշակումը։ Սակայն մենք դեռ ամբողջ աշխարհում այդ փոքր մոդուլային ատոմակայանները չունենք, նույնիսկ լիցենզավորում չենք անցել։ Հիմա Չինաստանն է փոքր ատոմակայան փորձարկում, իսկ մյուս երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, դեռ աշխատանքային փուլում են, որպեսզի լիցենզիա ստանան։
Պատահական չէ, որ գիտական լեզվով չեմ ամեն ինչ ասում, ուզում եմ, որպեսզի մարդկանց համար ամեն ինչ պարզ լինի, որ սա հերթական փուչիկ փաստաթուղթն է։ Եթե իշխանությունը ՀՀ-ում փոխվի, հաջորդ իշխանությունը կգա ու կասի՝ «Եղբար, դավայ դոսվիդանիե», մենք չենք ստորագրում, սա չի նշանակում, որ մենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ վատթարացնում ենք»,- հավելեց Նարինե Կաիրակոսյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ այս փաստաթղթի մեջ ոչինչ չկա Ամուլսարի մասին։
«Այստեղ Ռուբիոյի այցը և ստորագրված հուշագիրն ընդամենը քաղաքական սատարում են հայտնում օրվա իշխանություններին։
Մեկ հանգամանք էլ՝ ամերիկյան քաղաքականությունը որևէ աղերս չունի բնապահպանության հետ, իրենք միջազգային որևէ կոնվենցիայի չեն միանում, տանում են սեփական քաղաքականությունը։ Լավն է, թե վատը, սա իրենց խնդիրն է, սակայն այստեղ նրանց միակ խնդիրն այն է, որ կարևորն՝ իրենց երկրի համար լավ լինի, մյուսների հերն էլ անիծած։
Օրինակ, չեն մտածում, որ ռմբակոծելով հարևան Իրանին, բնապահպանական ինչ վնաս են տալիս։ Կամ գալիս՝ Ջերմուկում ոսկու հանք են բացում, սա իրենց համար կարևոր է, ոչ թե ոսկի հանելու համար, այլ, որ ներկայություն ունենան այստեղ ու Ռուսաստանին դուրս մղեն։ Սոթքում էլ հանք ունեինք, վերցրեցին ու թշնամուն տվեցին, կարծեմ այնտեղ հիմա անգլիացիներն օգտահանում են, կամ մյուս հանքերն Արցախում։
Կարծում եմ՝ սա տարբեր մեծ երկրների շահերի բախման ևս մեկ հուշագիր է, որը և՛ Չինաստանի, և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի քաղաքականության հետ չեն խոսում։ Ու ևս մեկ փաստաթուղթ է, որով այս իշխանությունը ներքաշում է մեզ աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ»,- ընդգծեց Նարինե Կիրակոսյանը։



