«Ծաղրվում են հենց ծաղրողները, ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է». տեղի ունեցավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման առաջնախաղը
Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական պրեմիերան էր։ Այս անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։
Ներկայացման սյուժեի հիմքում հարուստների զվարճալիքներն են, երբ զվարճանալու համար կարող են դիմել ցանկացած քայլի և վերջում հայտնվել իրենց իսկ լարած թակարդում։
Այսպիսով՝ հարուստ հրատարակիչը զվարճանքի համար իր տուն ընթրիքի է հրավիրում մեկին, ում համարում է հիմար, հրավիրյալը՝ Ֆրանսուա Պինյոնը, իր անկեղծությամբ և անկանխատեսելի վարքով փոխում է ընթրիքի ընթացքը՝ խաթարելով տանտերերի ծրագրերը։

Ըստ ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի՝ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի խաղացանկում կատակերգությունը կարևոր տեղ ունի, սակայն իր համար սկզբունքային է եղել ընտրել այնպիսի ստեղծագործություն, որը միայն ծիծաղ առաջացնելու նպատակ չի հետապնդում։
«Ներկայացման հիմնական ուղերձը բարության և մարդկայնության կարևորության մասին է։
Մտածել եմ՝ ինչ կարելի է անել, որ թատրոնի ժանրին համապատասխանի և հետաքրքիր կոմեդիա լինի, դերասանների հետ աշխատանքի հնարավորություն տա։ Սովորաբար խուսափում եմ շատ մակերեսային կոմեդիաներից, որովհետև ինձ համար դա հետաքրքիր չէ։ Չեմ սիրում գործեր, որոնք միայն ծիծաղեցնելու համար են, պետք է ծիծաղի հետ միասին՝ ասելիք ունենա։
Ծանոթ էի Վեբերի այս գործին, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կարելի է փորձել, մենք թիմային աշխատանքով կարողացանք հասնել լավ ներկայացման՝ հուսամ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց բեմադրիչը։

Ռեժիսորը վստահեցնում է, որ կատակերգություն բեմադրելն առավել բարդ է, քանի որ հումորի ընկալումը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է։ Իսկ դրամայի դեպքում գուցե ավելի հեշտ է ազդել հանդիսատեսի վրա, քան կատակերգությամբ վարակել նրան։
«Այսօր մեր իրականությունն այնպիսին է դարձել, որ բարին հաճախ ծիծաղելի է ընկալվում։ Բարության վրա ծիծաղելն ու մեծամտությունը որպես առավելություն ներկայացնելը՝ սովորական երևույթ են դարձել։ Այստեղ փորձել եմ ցույց տալ, որ բարի մարդուն հիմար համարելը շատ հարաբերական է։ Ներկայացման միջոցով ցանկացել ենք հանդիսատեսին հասցնել այն միտքը, որ բարությունը մարդու և մարդկության համար ամենակարևոր արժեքներից է, անկախ ամեն ինչից, վերջում հենց բարությունն է հաղթում»,- ընդգծեց բեմադրիչը։

Բեմում հանդես եկան Հովակ Գալոյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Կուղյանոսյանը, Սիփան Զադոյանը, Կարապետ Քարաջյանը, Հասմիկ Մխիթարյանը, Արև Հակոբյանը և Հարություն Մելիք-Բեկյանը։
Դերասանուհի Արև Հակոբյանը, որ ներկայանում էր Մարլենի կերպարում, նշեց, որ կատակերգությունն ավելի բարդ է, որովհետև մարդկանց ծիծաղեցնելը դժվար է։
«Ինձ համար մեծ պատիվ և նաև համարձակություն էր գտնվել բեմում վաստակ ունեցող դերասանների հետ, ինչը, կարծում եմ, հաղթահարեցի։
Մարլենը շատ հետաքրքիր կերպար է։ Առաջին հայացքից թվում է՝ պարզապես կրակոտ ու կատակերգական կին է, բայց իրականում ունի խորքային ենթատեքստ։ Նա հավատում է հոգու գոյությանը, վերամարմնավորմանը։ Այդ կերպարի մեջ նաև ինձնից կա, որովհետև ես նույնպես հավատում եմ այդ երևույթներին»,- ասաց դերասանուհին։

Ֆրանսուա Պինյոնի դերակատար Հովակ Գալոյանը խոստովանեց, որ երկար դադարից հետո կրկին հարազատ թատրոնի բեմում է, ինչն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։
«Իհարկե, կատակերգություն խաղալն ավելի դժվար է։ Դա հանդիսատեսի համար միայն թեթև, ուրախ ու ծիծաղելի է թվում, բայց դերասանի համար շատ բարդ աշխատանք է։ Պետք է կարողանաս համոզել, օրգանական լինել բեմում։ Իհարկե, դրամատիկական կերպարներն էլ ունեն իրենց դժվարությունները, բայց, կարծում եմ, կատակերգություն խաղալն ավելի բարդ է։
Ֆրանսուա Պինյոնը ազնիվ և մաքուր մարդ է, ում հաճախ սխալ են ընկալում, նա ազնիվ է իր էությամբ, իր բնույթով։ Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ազնիվ մարդկանց խաբում են, ծաղրում, բայց, վերջիվերջո, ծաղրվում են հենց ծաղրողները՝ ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է»,- նշեց Հովակ Գալոյանը։



