Մենք չենք ասում, Նիկոլի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևն է ասում՝ 300 000 ադրբեջանցիները գալու են. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Սուրեն Սուրենյանցն, ի թիվս այլ հարցերի, խոսեց 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու, «Արևմտյան Ադրբեջանի» թեման Ալիևը փորձում է դարձնել միջազգային օրակարգի մաս:
«Փաշինյանի կիրթ և կառուցողական ընկեր Ալիևն ասում է՝ խաղաղությունը դատարկ թուղթ չէ, որ ստորագրես, ու այն հաստատվի: Բաքվում իշխանության ղեկին նստած է մեկը, ով շատ լավ է հասկանում միջազգային հարաբերություններից:

Իշխանամերձ շրջանակները գեներացնում են այն միտքը, որ քրեական հետապնդման գործիք ստեղծվի այն ընդդիմադիրների դեմ, ովքեր կխոսեն 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին: Սպառնում են գործ հարուցել 297 հոդվածով: Դա Քրեական օրենսգրքի այն հոդվածն է, որով կալանավորվեց ու հետո դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը՝ ներազգային ատելություն տարածելու համար:
Եթե Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխվի, դրանից հետո առաջ են գալու անկլավների, ադրբեջանցիներին այստեղ բնակեցնելու, նրանց իրավունքներն օրենսդրական մեխանիզմներով ամրապնդելու՝ ադրբեջանական պահանջները: Ես վերջերս եղել եմ Տիգրանաշենում, որը Փաշինյանը հանձնելու է: Դպրոցը փակում են այդ գյուղի, բնակչությունն էլ հեռանում է: Արծվաշենի մասին են խոսում: Դա այն ստրատեգիական նշանակությունը չունի մեզ համար, ինչ Տիգրանաշենն ու Տավուշի 3 գյուղերը, որոնք կորցնելով՝ մենք շրջափակման մեջ կհայտնվենք»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում:



