ՀԱՅԵՐ, ՊԱՏԿԵՐԱՑՐԵ՛Ք՝ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՄՏՆՈՒՄ ՄԻ ՄԻԼԻՈՆ ԹՈՒՐՔԱԽՈՍ ՓԱԽՍՏԱԿԱՆ, Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ. ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եկեղեցին՝ թշնամի, իսկ Ալիևը՝ բարեկամ այս իշխանությունների համար դարձավ այն օրվանից, երբ խճճվեց տեղեկատվական դաշտը, որով մանիպուլացնում էին մարդկանց գիտակցությունը՝ կեղծ ինֆորմացիաներ տարածելով, ատելություն գեներացնելով.. Իշխանության հետ ամեն բան պարզ է, բայց եթե ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում ժողովրդի հետ, հիշենք 1933թ., երբ Գերմանիան 6 տարում դեմոկրատական երկրից դարձավ մարդու կաշվից լամպի աբաժուր սարքողների հասարակություն…  Հիշենք նաև Գեբելսի խոսքերը, ով ասում էր՝ տվե՛ք ինձ տեղեկատվական միջոցներ, ու ես մարդուց խոզ կսարքեմ:

Գանք մեր երկիր, մեր իրականություն: 2011-15թթ. տեղեկատվական դաշտը լուրջ հարվածներ էր հասցնում Հայ Առաքելական եկեղեցուն: Դա լուրջ չընդունվեց, դեմը չառան, բայց մեծացավ սերունդ, ում համար Եկեղեցին մոմ վաճառողների կառույց էր ընդամենը:

Կարդացեք նաև

Հիշենք, որ Եկեղեցու դեմ այս իշխանությունների պայքարը սկսվեց հենց 2018թ.-ին, հեղափոխություն կոչվածի առաջին իսկ օրից՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կողմից, ու դրա մասնակիցները սկսեցին խրախուսվել, պաշտոններ ստացան Փաշինյանի կողմից և հիմա էլ մասնակցում են հակաեկեղեցական արշավներին: Քայլ առ քայլ սկսեցին ստուգել մեր արձագանքը, և երբ համոզվեցին, որ մարդկանց զայրույթն իրենց խոհանոցներից դուրս չի գալիս, անցան առավել ակտիվ փուլին: Սա իդենտիկ է այն իրավիճակին, ինչը ես տեսել եմ Ուկրաինայում:

Բայց կա մի փոքր նյուանս, որը սրանք հաշվի չեն առել. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ Բուլղարիայում, ո՛չ այլ երկրներում հոգևոր վերնախավը երբեք չի եղել ազգային իդենտիֆիկացիայի կարևոր ֆունդամենտ, ինչպես Հայ Առաքելական եկեղեցու դեպքում է: Եվ երբ Հայաստանի իշխանությունները մեր ազգային դիմանկարը փորձեցին տարանջատել Եկեղեցուց, կանգնեցին անհաղթահարելի պատնեշի առջև: Հայաստանում կան բավականին շատ աթեիստներ: Նրանց 90%-ը պաշտպանում է Եկեղեցուն, որովհետև հասկանում է՝ արշավը մեր ազգային ինքնության, հայկականության դեմ է:

Հիշեցումներ 168.am-ի կողմից. Նիկոլ Փաշինյանը 2018-ի գունավոր հեղափոխության առաջին իսկ օրից է օտար ուժերի թելադրանքով հարձակվել Հայ եկեղեցու դեմ՝ խրախուսելով աղանդները, վարկաբեկելով Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին և այլ հոգևորականների: 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով: «Այդ օրը փորձեցին գլխատել Հայ Առաքելական եկեղեցին, փորձեցին սղոցել Մայր տաճարի գմբեթի խաչը և տեղը երկաթե վարդ դնել։ Բարեբախտաբար, չհաջողվեց: Այս տարիների ընթացքում նման բան չի եղել։ Սա մեզ գլխատելու մի կարևոր դրվագ էր։ Սա նշան էր՝ ցույց տալու, թե մեզ հետ ինչ են անելու»,- երկաթե վարդի տեղադրման փորձի մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։

Հիշեցնենք նաև, Փաշինյանը և իր կինը՝ Աննա Հակոբյանը, Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ մեծ արշավ են սկսել. ատելության խոսքի տարածում, ակցիաների կազմակերպում, կաթողիկոսի դեմ ճանապարհների փակում (հիշեք՝ ինչպես էին Փաշինյանի հրահանգով Վեհափառ Հայրապետի և մյուս հոգևորականների դեմ կարմիր և այլ գույնի բերետավորները Սարդարապատում փակել ճանապարհը):  Տևական ժամանակ մարդ ու կին Ֆեյսբուքում գռեհիկ, փողոցային անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարով գրառումներ էին կատարում կաթողիկոսի և եպիսկոպոսների, առհասարակ՝ Եկեղեցու դեմ: Գրառումներից մեկով Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»:

Հիշեցնենք նաև Փաշինյանի անբարոյական և սկանդալային գրառումը՝ Գարեգին Բ կաթողիկոսին ապացուցելու իր թլպատված չլինելու հանգամանքը, որը գրավել էր ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը։ Euronews-ը հրապարակել էր մի հոդված, որը սկզբում վերնագրված էր՝ «ՀՀ վարչապետը շարունակվող վեճի ժամանակ Առաքելական եկեղեցու ղեկավարին առաջարկել է առնանդամը ցույց տալ» (Armenian PM offers to show penis to church head in ongoing squabble), սակայն հետագայում վերնագիրը փոխվել և խմբագրվել էր, ինչպես նշված էր հոդվածի վերջում՝ «հաշվի առնելով Euronews-ին ՀՀ վարչապետի գրասենյակի տրամադրած պարզաբանումները»։

Մասնավորապես, հոդվածի սկզբնական տարբերակում պնդվում էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանները Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ ապացուցելու համար, որ թլպատված է՝ նրա՝ իսկական քրիստոնյա չլինելու մասին հոգևորականության մեղադրանքների ֆոնին»։ Ըստ երևույթին, Euronews-ը չի հասկացել հայոց լեզվի կառուցվածքը և որոշել է, որ Փաշինյանը, «որպես ճշմարիտ քրիստոնյա», թլպատված է, և միաժամանակ հավելել է, որ «դա կրոնական ծես է, որը լայնորեն տարածված է հայ քրիստոնյաների շրջանում», չմոռանալով Փաշինյանի հայտարարությունը գնահատել՝ որպես տարօրինակ։

 Եվս մեկ կարևոր հիշեցում. Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական թիմակից, պետության փողերը՝ միլիոնավոր դոլարներ, Քովիդի ժամանակաշրջանում մսխած Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը 2020թ. հուլիսին Ֆեյսբուքում մի գրառման մեկնաբանություններում Աստվածաշնչի մասին գրել էր. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»:

Սա այն է, որ երբեք չպետք է մոռանալ, այլ միշտ պետք է հակաեկեղեցական արշավներ անողներին հիշեցնել:

  • Մի շատ լավ արտահայտություն կա, որը մինչ օրս օգտագործում են՝ «Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ կարելի է»: Այս իշխանությունը շարժվում է այդ սկզբունքով. իրենց ամեն ինչ կարելի է, և հենց այդ նարատիվն են գցում մարդկանց մեջ: Իսկ Քրիստոնեությունը հստակ կարմիր գծեր ունի՝ բարոյականության գծեր… 
  • Ալիևը շատ լավ հասկանում է՝ առանց Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդման հնարավոր չի լինի Հայաստանի Հանրապետության տեղում ձևավորել իրենց ցանկալի Արևմտյան Ադրբեջանը:

  • Ֆիքսենք հետևյալը. այն պահից, երբ Հայաստանը պաշտոնապես դադարեց Արցախյան հիմնախնդրից խոսել, Փաշինյանն Արցախը անվանեց թոկ, ասաց՝ չի պայքարելու արցախցիների վերադարձի համար, զուգահեռաբար առաջ եկավ ՀՀ տարածքն ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։ Ժողովուրդ ջան, ես չեմ, դուք եք, չե՞ք զգում, որ զուգահեռ պրոցես է գնում Ադրբեջանում և Հայաստանում:
  • Անիմաստ է պայքարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որովհետև այն ոչ մի արդյունքի չի բերելու: Փորձելու են զուգահեռ կառույց ձևավորել, ասենք՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցի, իրենք իրենցով կաթողիկոս ընտրեն, բայց դա առոչինչ է: Դա ոչ թե սոսկ իմ ցանկությունն է, այլ հստակ քաղաքագիտական ֆունդամենտ ունեցող վերլուծության արդյունք:
  • Նույնիսկ ամենախայտառակ աղանդները, որոնք խժռել ու խժռում էին մեր երկիրը տարիներ շարունակ, այսօր պաշտոնական հայտարարություններով չեզոքություն են պահպանում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի նկատմամբ, որովհետև գիտեն՝ վերջում այս ամենը պայթելու է: Իրենք իրենց ապահովագրում են բացասական գործընթացներից:
  • Այսօր իշխանությունն՝ իր ամբողջ շրջանակով, չի պաշտպանում ՀՀ շահերը, այլ սոսկ իրենց իշխանության շահերը:
  • Երբ սրանք առավոտից իրիկուն ասում են՝ խաղաղություն, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը մեր ուզելով չէ: Խաղաղության տարբեր տեսլականներ կան: Այս իշխանության համար խաղաղությունն այն է, որ մի օր Թուրքիան ու Ադրբեջանը կարթնանան ու կասեն՝ վերջ, էլ հայերին ձեռք չենք տալիս, որովհետև հայերն ուզում են խաղաղություն: Բայց ժողովուրդ ջան, իսկ ո՞վ է ձեզ ասել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղության տեսլականը համապատասխանում է խաղաղության ձեր տեսլականին: Ավելին, Ալիևը, Էրդողանը և այլ պաշտոնյաներ ասում են՝ Ղարաբաղում խաղաղություն է: Այո, խաղաղություն է, բայց այնտեղ հայեր չկան: Այսինքն՝ իրենց խաղաղության տեսլականը չի ենթադրում հայերի ֆիզիկական գոյություն: Մնացածը Հոռոմ տատի հեքիաթներն են:

  • Եթե դու դասեր չես քաղում, չես առերեսվում իականության հետ, այդ իրականությունը գալիս ու դուռդ ջարդում է: Ձեզ հրամցնում են իբր խաղաղության մոդել, որն իրականում գոյություն չունի: Մինչև հունիսի 7-ը միանշանակ սպասեք 3-4 քայլեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք համապատասխանելու են իշխանության կողմից գովերգվող սուտ խաղաղության նարատիվին: Ընդ որում, մայիսին այդ աջակցությունը կուժեղանա: Հնարավոր է՝ Թուրքիան սահման բացի: Հենց զգացին, որ այս իշխանության վիճակը կրիտիկական է, ոչինչ չի փրկում ու չեն ընտրվելու, հնարավոր է՝ անգամ Խաղաղության պայմանագիրը ստորագրեն:
  • Ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու գործընթացը կփորձեն գործարկել հունիսի 7-ից հետո, որպեսզի ռուսական ու եվրասիական վեկտորի համար լարվածություն չստեղծեն: Բայց այն, որ այս պրոցեսի ավարտը Թուրքիայի մաքսիմալ դոմինանտությունն է տարածաշրջանում, անկասկած է: Իսկ դա հնարավոր չէ, քանի դեռ կա ռուսական ռազմական ներկայություն տարածաշրջանում: Իսկ այդ ներկայությունը լուծում է գլոբալ հարցեր: Հետո Թուրքիան այլևս ոչ մի պատնեշ չի ունենալու ու վերադառնալով «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտին՝ նվազագույնը չի լինի ՀՀ-ն այն տեսքով, որով հիմա կա: Հայաստանի ապամոնտաժման ներքո լուծվում է գլոբալ հարց, ու դրա էլեմենտներից մեկը Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզումն է: Այստեղ ռուսի հարցը չէ, դո՛ւրս եկեք այդ ռուսաֆոբիայից: Այստեղ ուրիշ պրոցես է գնում: Այսօրվա ուտելիքի դիմաց մեզ ռազմավարական առումով մատաղ են անում: Մատաղացու կենդանուն քացով չեն ծեծում, կերակրում են, հետո մորթում են: Նույնը հիմա մեզ հետ են անում:
  • Ժողովուրդ, հիշո՞ւմ եք՝ երբ հանձնվում էին Տավուշի ռազմավարական դիրքերը, ձեզ ասում էին՝ սա հանձնում չէ, տեղի է ունենում փոխանակում: Ռազմավարական դիրքերը հանձնվեցին, բայց ոչ մի փոխանակում տեղի չունեցավ: Սրանք ինչ անում են, հույսը սուտն է ու ձեր հիշողությունը: Գլուխները պատով են տվել, իրե՛նք են մտավոր պակաս:
  • Չզարմանաք, որ Հայաստանում ընտրություններից առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարի, որ վերականգնում է Արցախի ինչ-որ հայկական եկեղեցի, երբ իրականում ամեն բան ավերում են, ջնջում են հայկական հետքը: Ու դա կանեն ուղիղ եթերում:
  • 6 օր Իրանի դեսպանատան դիմաց վիրավորում էին Իրանի իշխանություններին: Իրանի նորանշանակ դեսպանի արձագանքը հասկանալի էր: Չպետք է մոռանալ, որ Իրանում խռովությունները խրախուսվում էին ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Իսրայելի կողմից: Բայց այն ընթացքում, երբ Իրանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, Հայաստանի արտգործնախարարը գնում է ԱՄՆ ու ստորագրում TRIPP-ի փաստաթուղթը: Իրանը TRIPP պրոյեկտը դիտարկում է՝ որպես թշնամական քայլ: Հայկական կողմը բազմիցս հավաստիացրել է, որ դա այդպես չէ, բայց ռեալ պոլիտիկը գետնի վրա տեղի ունեցողի մասին է: 
  • Իրանի փոխարտգործնախարարն ինչի՞ եկավ Հայաստան, որ զգուշացնի՝ չխառնվել Իրանի ներսում տեղի ունեցող պրոցեսներին, չաջակցել Իրանի դեմ գործողություններին, այլապես դա կդիտարկվի որպես թշնամական քայլ: Եվ այո՛, ՀՀ-ն այս խառը իրավիճակում միանշանակ իրավունք չուներ ԱՄՆ-ում ստորագրել մի փաստաթուղթ, որը տարակուսանք է առաջացնում Իրանի մոտ: Մի ամիս հետո գնայիք, ոչինչ չէր լինելու:
  • Մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանում տեղի կունենան լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ իրավիճակում Հայաստանի իշխանությունը կանի այն, ինչ իրենց կասեն թուրքերը: Իրանում մինչև 20 միլիոն կամ ավելի թրքալեզու իրանցի է ապրում: Պատկերացրե՛ք՝ Հայաստան է մտնում մի միլիոն փախստական, ի՞նչ եք անելու: Իսկ դա լիովին ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային: Լավ, գնացիք, դիմավորեցիք, կերակրեցիք, բա հետո՞…Էդ մարդիկ մնացին: Ենթադրենք՝ իրավիճակը շտկվեց, 800 000-ը հետ գնացին, 200 000 մնացողների հետ ի՞նչ եք անելու:

  • Այս իշխանությունն իր լեգիտիմությունը փնտրում է դրսում: Երբ ներսում քո լեգիտիմությունը կորցնում ես, այն փնտրում ես դրսում, իսկ դա գին ունի՝ սկսում ես սպասարկել դրսի շահերը: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտպանի ԱՄՆ-ի և Եվրոպայի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Ադրբեջանը Եվրոպայի համար ստրատեգիական գործընկեր է: Մե՞զ պետք է պաշտպանեն, թե՞ Թուրքիային:
  • Փաշինյանին աջակցող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ուսումնասիրում էի թուրքական մամուլը, հետաքրքիր բան ֆիքսեցի: Ասում էին՝ ընտրություններում թուրքական փափուկ ուժը պետք է աշխատի 70-80% իբր անտարբերների ուղղությամբ: Եվս մեկ անգամ շեշտենք՝ Թուրքիան և Ադրբեջանն ընտրությունների ժամանակ միանշանակ պաշտպանելու են Փաշինյանին, և դա չեն էլ թաքցնում, որովհետև սա իրենց համար պատմական շանս է Հայաստանը լուծարելու համար:
  • Ընդդիմությունը պետք է մարդկանց լսի: Կա խնդիրը, ՀՀ քաղաքացի, տեսնո՞ւմ ես հարցի լուծման տարբերակը, արի՛ քննարկենք: Եթե «Բարգավաճ Հայաստանը» մասնակցի ընտրություններին, ապա միայն Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ՝ Հայաստանին» կոնցեպտի ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս