Այն ուժերը, որոնք իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը, նրանք էլ ծրագրել են մեր երկրում այսօր տեղի ունեցողը. Միքայել Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Հիմա ես անգործ եմ, նույնիսկ ժամանակավոր պաշտոնակատար չնշանակեցին, ավելին, անգամ չտեղեկացրեցին ինձ, որ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, շնորհակալություն չհայտնեցին այս 5 տարիների հսկայական աշխատանքի համար։ Ինձ հանեցին, որովհետև ես քննադատեցի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, բացի դրանից՝թույլ չեմ տվել շատ բաներանեն Էրեբունիում՝ պահելով այն՝ որպես մեր պատմության ամրոց։ Դա ևս չներվեց ինձ, և փոխարենը՝ տարբեր պիտակավորումներ արեցին՝ ռուսական գործակալ, և այլն։
Ընթերցողին հիշեցնենք, որ Միքայել Բադալյանի պաշտոնավարման ընթացքում և նրա ջանքերով Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի Հին Մերձավոր Արևելքի դեպարտամենտի աջացությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի Էրեբունին ունենա բոլորովին նոր ցուցադրություն: Համագործակցային կապեր են հաստատել Էրմիտաժի, Լուվրի, Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի, այլ արգելոց-թանգարանների հետ։
2023թ. հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցավ «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրությանը ներկայացված էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսաստանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:
• Դեպքեր էին լինում, երբ մարդիկ Երևանի քաղաքապետարանում ինքնագլուխ որոշումներ էին կայացնում, նույնիսկ՝առանց ԿԳՄՍ նախարարության թույլտվության: Մի անգամ էլ, օրինակ, արգելեցի կապույտ լույս գցել արձանի կամ թանգարանի ֆասադի վրա։ Դա ևս չներվեց։ Կամ աբսուրդ բաներ էին հարցնում՝Էրմիտաժում Էրեբունի թանգարանի անկյունը բացելու վերաբերյալ:
• Աբսուրդ միջադեպեր էին լինում. Երևանի քաղաքապետարանի վարչության պետն ասում էր՝Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն ասեք, որ Տիգրան Ավինյանը զբաղված է՝ չի կարող մասնակցել Էրմիտաժում նախատեսված միջոցառմանը, և առաջարկում էր ցուցադրության բացումը հետաձգել։
• Պատմության դասագրքի շուրջ ծավալված բանավեճից ու իմ քննադատությունից հետո Էրեբունի թանգարանում սկսեցին ստուգումնր անցկացնել։ Առ այսօր այդ ստուգումների եզրակացությունը չեն տվել։
• Լավ էի արել, որ քննադատել էի7-րդ դասարանի դասագիրքը, որովհետև դա իմ մասնագիտական պարտքն է, երբ տեսնում ես, որ դասագրքում մեկ տող անգամ չկա Էրեբունիի մասին։ Գրքում ներկայացված քարտեզին նայելիս կեղծ պատկերացում ես կազմում, թե իբր այսօրվա Հայաստանն Ուրարտուի հետ կապ չունի:
• Եղել է հստակ ցուցում, որ այս մարդը մեզ խանգարում է, իսկ Էրեբունին առաջին հերթին խանգարում է Ադրբեջանին։ Այսօր էլ փորձում են տարբեր ձևերով խոչընդոտել և զրպարտել։
• Ինձ հարցնում են՝Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի մրցույթին մասնակցելո՞ւ եմ. դեռ չեմ որոշել։
• 7-րդ դասարանի դասագիրքը եղել է հստակ ծրագրով, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, որը եղել է Բաց հասարակության հիմնադրամից (Սորոսի հիմնադրամ) դրամաշնորհստացող, շահել է 5 դասագիրք կազմելու մրցույթը։ Այդ դասագրքում առկա թեզերով մեր ինքնությունը խեղաթյուրել են, իբր մենք եկվոր ենք,Էրեբունին Երևանից կտրել են, Տիգրան Մեծի և Հայ Առաքելական եկեղեցու մասին տեղեկություններըխեղաթյուրել են։
Ի դեպ, Ադրբեջանում ցնծում էին, որ Հայաստանում իրենց սրտով հայոց պատմության դասագիրք է գրվել:
• Այդ դասագիրքը մի ծրագրի, մի համակարգի մաս է՝ մեզ ազգային կարծրատիպերից կտրելու համար։ Հայաստանում գործում են դրսից սնվող ցանցեր, որոնց համար ես ցանկալի անձ չէի, և նրանց համար շատ կարևոր էր, որ ես Էրեբունի թանգարանում չլինեի։
• Ես հակված եմ կարծելու, որՀայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում եղած, այսպես կոչված, վրիպակները դիտավորություններ են։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վրիպակներ էին, ստացվում է, որ մենք վրիպակաշատ կրթությո՞ւն ենք մատուցում մատաղ սերնդին։
• Իմ նկատմամբ հետապնդումները շարունակվում են և շարունակվելու են, ես նույնիսկ կնոջս զգուշացրել եմ, որ պատրաստ լինի, որ ինձ հետ կարող է ամեն ինչ պատահել։
• Սա վաղուց ծրագրված և մեծ ծրագիր է, այն ուժերը, որոնք իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը, նրանք էլ ծրագրել ենմեր երկրում այսօր տեղի ունեցողը։
• Մենք՝ հայերս, ունենք առաքելություն։Այն ուժերը, որոնք ինչ-որ ծրագրեր են իրականացնում, թող վախենան Աստծո լույսից և Աստծո պատժից։
• Էրեբունին սիմվոլ է, համացանցում տարածված պոռնո կադրերի հրապարակումը մեր սիմվոլի դեմ էր, փորձում էին պղծել մեր սրբավայրը։ Եվ դա դիտավորյալ արվեց: Դա հարված էր ոչ միայն Էրեբունիին, այլև ընդհանրապես բոլորիս դեմ։ Էրեբունի թանգարանի պղծման գործողությունները տեղի ունեցան, իմ հիշելով, Լաչինի միջանցքի հանձնման ժամանակ, հավանաբար մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով էր։
2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։
Ընթերցողին հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 30-ին «Էրեբունի» ամրոցում օտարերկրացի զբոսաշրջիկները պոռնկագրական բնույթի տեսանյութ էին նկարահանել և այն տարածել համացանցում: Զույգը տեսանյութը տարածել էր միջազգային հայտնի պոռնո կայքում, աղմուկից հետո այն արագ հեռացվեց: Թանգարանի տարածքի հսկողությունն իրականացնում էր ոստիկանությունը, այդ իսկ պատճառով շատերը չէին հասկանում՝ ինչպե՞ս էր ստացվել, որ զբոսաշրջիկներին հաջողվել էր նման տեսանյութ նկարահանել: Այդ օրերին թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը դեպքի կապակցությամբ ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել.
«Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք, և մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին՝ բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանալու համար»:
• Այո, այդ օրը փորձեցին գլխատել Հայ Առաքելական եկեղեցին, փորձեցին սղոցել Մայր տաճարի գմբեթի խաչը և տեղը երկաթե վարդ դնել։ Բարեբախտաբար, չհաջողվեց: Այս տարիների ընթացքում նման բան չի եղել։ Սա մեզ գլխատելու մի կարևոր դրվագ էր։ Սա նշան էր՝ ցույց տալու, թե մեզ հետ ինչ են անելու։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:
• Մեր հայրենակիցները պետք է մտածեն սրա մասին, չար ուժերը գործում են՝ ընդդեմ մեր պետության, ընդդեմ եկեղեցու։
• Վրաստանում վարդերի հեղափոխություն անողները հետագայում հայտարարեցին, որ իրենք մի հարցում թերացել են՝ ջնջել վրացական եկեղեցին։ Հիմա Հայաստանում դա՞ են անում։ Մենք գործ ունենք համակարգի հետ, որը մեր դեմ է աշխատում և կարող է վաղը մեզ վերացնել։ Կան ցանցեր, որոնք սարդի պես աշխատում են։ Դրա դեմ պայքարելու համար պետք է ստեղծել համակարգ:Միակ կառույցը, որն ունի համակարգ, ցանց՝ Հայ Առաքելական եկեղեցին է. ավելի քան 1700 տարվա պատմություն, ավանդություն, Հայաստանում և Սփյուռքում ունի կառույցներ։ Եվ այս ցանցերով փորձում են վերացնել Հայ Առաքելական եկեղեցին։
Մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է:
«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն՝ կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,- ասել էր նա։
Ըստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։
• Փաշինյանն ի՞նչ գիտի Պապ թագավորի մասին, որ խոսում է. Պապ թագավորը չէր երազի 29.7 հազար քկմ Հայաստանի մասին, Պապ թագավորը պատերազմում է հաղթել, երկիր է ազատագրել, Արցախ չէր հանձնի: Բայց Պապ թագավորնէլ խաղաց արտաքին քաղաքական երկու լարի վրա, համագործակցեց իր հորը սպանող Շապուհ Երկարակյացի հետ։ Պապ թագավորն իր իշխանությունը բարձրացնելու համար հակադրվել է Եկեղեցու և կաթողիկոս Ներսես Մեծի հետ, արդյունքում՝ Պապին սպանեցին իբր դաշնակից հռոմեացիները, տարիներ անց Հայոց պետությունը երկու մասի բաժանվեց։ Պապ թագավորի մասին խոսելիս պետք է գոնե պատմությունն ամբողջությամբ իմանալ։ Հիմա Փաշինյանի կողմից փորձ է արվում անկախ լինելու պատրանք ստեղծել՝ վերցնելով Պապ թագավորի կերպարը, փորձ է արվում դեմոնիզացնել Հայ Առաքելական եկեղեցին, որը միակ կառույցն է, որ համակարգ ունի։
• Նրանք, ովքեր ուրիշներին են մեղադրումռուսական գործակալ լինելու մեջ, հենց իրենք են ռուսական գործակալներ լինում։
• Էրատոն Արտաշեսյանների տոհմի վերջին թագուհին էր, նրանով ավարտվեց այդ տոհմը։
• Մենք այսօր 1918-1920,1921 թվականների իրավիճակում ենք, եթե այսպես շարունակվի՝շատ վատ է լինելու։
• Այն ժամանակ՝ 1918 թվականին,Գևորգ կաթողիկոսն ասաց, որ Էջմիածնից դուրս չի գա. «Ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում»,-ասաց նա, և տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը:
• Մենք բոլորս պետք է ապրենք հայեցի կյանքով, պահպանենք մեր ինքնությունը, մեզ այդ դեմքով են աշխարհում ճանաչում։
• Հիմա փորձ է արվում մեզանից պոկել էթնիկությունը և Հայաստանը դարձնել պարզապես տարածք: Ամեն ինչ արվում է, որ մենք չմտածենք։ Մեզ թմբիրի մեջ են գցել։
• Քաղաքացին պետք է լսի և վերլուծի։
• Մտավորականներն ահռելի դեր ունեն, մարդկանց արթնացնողը մտավորականը պետք է լինի, եկեղեցու կողքին մտավորականը պետք է լինի, և նրանք պետք է հիշեն, որ 1915 թվականին առաջինը ոչնչացրեցին հենց մտավորականությանը։
• Այս իշխանությունները վախենում են բոլոր նրանցից, ովքեր գիտելիք ունեն։
• Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ կլինի, մենք ենք որոշողը, եթե ուզում ենք խավարում ապրել, թուրքական արժեքներով՝ խնդրեմ…
• Հայի գլխավոր առաքելություննարարելն է, հոգևորը պահպանելն է, Աստծուց չկտրվելն ու Աստծո լույսը պահելն է, բայց մեզ փորձում են շեղել:
Մանրամասները՝ տեսանյութում.