Ադրբեջանից Հայաստան մտնող մի գնացքի համար է, որ պիտի ուրախանանք՝ մեր ռազմագերիների գնացքն է. Չի՛ կարելի ադրբեջանական բենզինից այդպես հրճվել․ Շարմազանով

168 TV-ի՝ «Զառան հարցեր ունի» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարո՛ն Շարմազանով, քանի որ տարեվերջին ենք հանդիպում, նախ՝ մի փոքր ամփոփենք տարին։ Գրառում էիք կատարել «ներընդդիմադիր կրակոցները սառեցնելու» ակնկալիքի մասին հետհայաց նայելով՝ ինչո՞ւ չստացվեց կոնսոլիդացիան 2025 թվականին և դրանից առաջ, ըստ Ձեզ, ի՞նչն է պառակտման պատճառը և ի՞նչը կմիավորի ընդդիմությանը։

– Ես օրիգինալ չեմ լինի և չեմ էլ հավակնում վերջին ճշմարտություններն ասելու, ես կասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը՝ չեղավ կոնսոլիդացիա, որովհետև որոշ գործիչներ կամ ուժեր, առանցքում և առաջնային համարեցին ոչ թե իշխանափոխությունը, այլ, միգուցե, ընդդիմափոխությունը կամ իշխանություն դառնալը։

Կարդացեք նաև

Մեկ անգամ չէ, որ մենք մեր համեստ կարծիքն ասել ենք, մեր բանաձևը՝ նիկոլիզմին կարելի է հաղթել համազգային կոնսոլիդացիայի և 0 ամբիցիա սկզբունքով։

Երբ Հանրապետականն ասում է՝ 0 ամբիցիա, չի նշանակում, որ Հանրապետականը չունի քաղաքական թիմ, չունի ռեսուրս, չունի ծրագիր հակառակը՝ Հանրապետականից ավելի շատ, կներեք, չկան, ըստ իս, թիմեր, որոնք ունեն նման մեծ խաղացողների նստարան, նաև պահեստահենների նստարան, փորձ ունեցող պետական քաղաքական գործիչներ, սկզբունքային գործիչներ, որոնք նաև արդեն վերջին 7 տարիների ընթացքում թրծվել են՝ որպես սկզբունքային ազգային ընդդիմադիրներ։

Խոսքն այն մասին է, որ մենք պետք է բոլորս մեր ամբիցիաները մի կողմ դնենք և գլխավոր նպատակ հռչակենք Հայաստանի ազգային պետության պահպանումը, իսկ դա կարող է լինել մենակ մի դեպքում, երբ 3-րդ հանրապետության գերեզմանափորը՝ նիկոլիզմը, հեռանա։ Եվ 2-րդ պատճառը․ էս ներկա-նախկինը որ անում են․․․ Նախ ուզում եմ խնդրել, հորդորել ընդդիմադիր իմ բոլոր գործընկերներին, ժողովո՛ւրդ ջան, այդ ներկա-նախկինը նիկոլական թեզ է, և բոլոր նրանք, ովքեր որ ներկա-նախկինի տակ են մնացել, նրանք, կամա թե ակամա, սպասարկում են նիկոլիզմի շահերը։

Ինձ համար կա բնական բաժանում․ կա ազգային-ապազգային, հաղթող-պարտվող, հաղթանակի խորհրդանիշ, պարտության խորհրդանիշ, և այդ բոլոր թերություններով հանդերձ՝ Հանրապետականը և իր ղեկավարը և՛ հաղթանակի, և՛ ազգային Հայաստանի խորհրդանիշն են, և մեր մյուս 2 նախագահները՝ իրենց թիմերով։

– Ամեն դեպքում, այդ շրջանակները նշում են, որ Ձեր մատնանշած նիկոլական թեզերը տարիներ շարունակ աշխատել են, և հանրության ինչ-որ մի շերտ դրանով կոռոզիայի է ենթարկվել, հետևաբար՝ չեն ուզում նույնանալ, փորձում են այլընտրանքներ առաջարկել։

– Իրենց իրավունքն է․ ես որևէ մեկին չեմ պարտադրում նույնանալ Հանրապետականի հետ, ավելին՝ այնպես չէ, որ ես Գիքորն եմ, մի հատ էլ ասում եմ՝ էստի համեցեք․ Հանրապետականը բաց բաժնետիրական ընկերություն չէ, որ բոլորին ասի՝ էստի համեցեք, ու մեր աչքերն էլ ուռել են բոլորի հետ շփվելու համար։

Ֆիքսենք՝ ո՞րն է մեր գլխավոր նպատակը. նպատակը պետության պահպանումն է, այսինքն՝ Անկախության հռչակագրի հիման վրա։ Պետություն պահպանելը և Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն անհամատեղելի են։ Սա է իմ կարծիքը։ Իսկ ո՞նց է հնարավոր նիկոլիզմին հաղթելը՝ համազգային, ազգային ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայով։

Երբ ընդդիմադիր ուժերի մի հատվածը մյուսին անվանարկում է, կամ՝ մեկն ասում է՝ դուք մի մասնակցեք ընտրությունների, դուք մասնակցում եք, Նիկոլի վերարտադրությանը օգնում եք․․․ երբ քաղաքական կոնսոլիդացիայի քաղաքական խոսքը սկսվում է նախապայմաններով, դա անհաջողության գրավականն է։

– Հասարակ քաղաքացիներն ի՞նչ են ասում դուք լինում եք մարզերում, քայլում եք քաղաքում, ի՞նչ են ասում, երբ ձեզ են տեսնում, ափսոսո՞ւմ են, գուցե ասում են՝ չենք ուզում ձեզ այլևս տեսնել, թե՞ ասում են՝ երանի դուք նորից հետ գաք։

– Դժվար է` ես ասեմ․ ինձ հետ շփվում են մարդիկ, ովքեր հիմնականում իմ գաղափարները կիսում են… Տարբեր կարծիքներ կան․ ես այդ վարկանիշի ցավով չեմ տառապում, բայց մի բան կարող եմ ասել՝ նպատակը պիտի ֆիքսենք, նպատակը ո՞րն է՝ հեռացնե՞լ էս մարդուն, այս իշխանությանը։ Եթե մեկը մյուսի վրա քար նետեց, այս մարդը մնալու է։ Եթե նախապայմաններով խոսեցին, էլի մնալու է։

Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ինձ Նիկո՞լն է մերժում, թե՞ մեկ ուրիշը, կամ ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը նախկին նախագահների և Նիկոլի միջև ընտրում է Նիկոլին, դրա համար թող նախկինները չլինեն․ Ժողովուրդը Բարաբայի ու Հիսուսի միջև Բարաբային է ընտրել, հետո՞, ասենք՝ ճի՞շտ է արել։ Մեր նպատակը Նիկոլին փոխելն է Նիկոլո՞վ, թե՞ Նիկոլին փոխել ազգային արժեքներ ունեցող և անկախության հռչակագիր ունեցող մարդկանցով։ Ես կրկնում եմ՝ շատ ուրախ կլինեմ, որ նոր ուժերը կարողանան իրենց ծրագրին հասնել, բայց իրենց ծրագրին հասնելը ճիշտ չեմ համարում, որ ուրիշի հաշվին լինի։ Եվ, ի վերջո, միայն հարցազրույց տալով՝ քաղաքական գործիչ չեն դառնալու։

– Պարո՛ն Շարմազանով, վերադառնալով նախընտրական շրջանին, նախապատրաստություններին, տեսնում ենք՝ Փաշինյանը նոր տեխնոլոգիաներ է որդեգրել առավոտյան, երեկոյան պարտադիր սրտիկ է ցույց տալիս տարբեր երգերի ներքո, իսկ դուք լուրջ ու բարդ գրառումներ եք կատարում չե՞ք փորձել նոր տեխնոլոգիաներ որդեգրել, օրինակ, մի սրտիկ էլ դուք ցույց տաք։

– Եթե Փաշինյանը նոր է այդ երգերը հայտնաբերել, մենք այդ երգերը տարիներ առաջ ենք լսել․ ասենք՝ Զեմֆիրան ես 10 տարի առաջ էի լսում, Էլվինա Մակարյան էլ՝ ամենաերիտասարդ տարիներիս․․․ Փաշինյանի հետ չեմ կարող մրցել պոպուլիզմի մեջ․ ես այլ ոճի գործիչ եմ՝ լավ, թե վատ, ինքն՝ այլ ոճի։

Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ պիտի արհեստական բաներ չանես․ այնպես չէ, որ մենք կաղապարների մեջ ենք եղել, մենք էլ՝ երգել էլ ենք, պարել էլ ենք, անկաշկանդ շփվել էլ ենք: Ես էլ չեմ մերժում այդ ձևերը, իհարկե, 21-րդ դարում դրանք շատ մեծ նշանակություն ունեն, շատ մեծ, և դժվար է դա անտեսելը, բայց ես միշտ բովանդակային քաղաքականության կողմնակից եմ եղել, ասելիքի կողմնակից։

Ինձ համար ամեն գնով հասարակությանը դուր գալը կամ ամեն գնով հասարակության համակրանքը շահելը գերնպատակ չէ։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե հասարակության կարծիքը կարևոր չէ մեզ համար, մենք հանրության մեջ ենք ապրում, բայց ամեն գնով, քեզ կեղծելով՝ փորձել դուր գալ հանրությանը, իմը չէ։

Նույնիսկ հարցազրույցի ժամանակ կամերան ամեն ինչ ֆիքսում է, չէ՞․ իմ դեմքից երևում է՝ տրամադրությունս երբ է լավ, երբ է վատ, երբ եմ հիասթափված, երբ եմ հոգնած․․․ Ես չեմ կեղծում:

Փաշինյանի զենքով Փաշինյանին հաղթելն անհնար։ Հետո ես կրկնում եմ՝ ամեն գնով Փաշինյանին հաղթելն ինձ համար գերնպատակ չէ, եթե միավորումները գաղափարական չեն լինում, դատապարտված են ֆիասկոյի։

– 7 տարիների ֆիասկոները դրանո՞վ եք պայմանավորում։

– 7 տարիների ֆիասկոն պայմանավորում եմ առաջին հերթին արտաքին աշխարհաքաղաքական զարգացումներով։ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի պետություն է (առհասարակ մեր տարածաշրջանը), որի վրա արտաքին քաղաքական քամիները շատ մեծ նշանակություն ունեն։

Այսօր Հայաստանում չի որոշվում Հայաստանի ապագան, դժբախտաբար․․․։

– Այդ դեպքում պայքարն ի՞նչ իմաստ ունի։

– Պայքարը նրա համար է, որ ազգային արժեքները վառ մնան, ու եթե այդ քամին նոր հնարավորություն տա, մենք պատրաստ լինենք՝ դարձյալ այդ անկախ պետականությունն ամրապնդելու։

428 թ․-ին Արշակունիների թագավորությունը կործանվեց, բայց այնքան ապստամբություններ եղան, այնքան ազգային պայքարը վառ մնաց, որ 885 թ․-ին Բագրատունյաց թագավորությունը կանգնեց։

– Հուսանք՝ մեզ այդ 100-ամյակները չեն սպառնում:

– Պատմության համար այդ 100-ամյակն էլ կարող է ակնթարթ լինել․ մենք շատ ենք սիրում ամեն ինչ հիմա ուզել։

Ֆիասկոյի երկրորդ պատճառն այն է, որ մեր ընդդիմադիրներից շատերը կամ ոմանք, այդ թվում՝ միգուցե նաև ես, ճիշտ չեն գնահատում իրական վիճակը։ Մենք պետք է իրավիճակի գնահատական տանք, մենք մինչև 2018 թվականի բառապաշարով ենք հիմա խոսում, հիմա 2018 թվականի Հայաստանը չէ, ոչ էլ՝ 2017-ի, ու նույնիսկ՝ 2020-ի։

2020 թվականին ռուս-ուկրաինական պատերազմ չկար, հայաթափված Արցախ չկար, Մինսկի խմբի համանախագահությունը լուծարված չէր, TRIPP-ի թեմա չկար, եկեղեցու 4 սրբազանները կալանավորված չէին․․․

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի թիվ 1 խնդիրը, բացի նիկոլիզմից ազատվելը, եղածը պահելն է, եղածը պահելն էլ հնարավոր է միայն նիկոլիզմից ազատվելու դեպքում, սա է իմ համոզմունքը։

Եղածը պահելու մասին եկեղեցու շուրջ կատարվող զարգացումների ելքն, ըստ Ձեզ, ո՞րն է։ Ու երբ ՀՀԿ առաջնորդը՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ սպասում ենք Վեհափառի խոսքին, ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է ասի, արդյոք ուշացած չե՞ն լինի քաղաքական ուժերի քայլերը, չպիտի՞ լինի գոնե միասնական ծրագիր գոնե այս հարցի շուրջ, և այլն։

– Նախ՝ այս թեման նոր չի սկսվել, տարիներ առաջ է սկսվել՝ դեռևս 2018թ․ Հանրապետականն իր սատարումն է հայտնել եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։ Եթե հիշում եք՝ Հանրապետական խմբակցությունը, իմ գլխավորությամբ, նախ 2 օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, Հանրապետական մի քանի այլ պատգամավորներ ևս օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեցին:

«Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ Հանրապետականը եզակի կուսակցություններից է եղել, որ հստակ սատարել է Վեհափառ Հայրապետին և եկեղեցուն։ Երբ Փաշազադեի հայտարարությունից և Վեհափառի՝ Շվեյցարիայի ելույթից հետո սկսվեց հարձակման վերջին փուլը, Հանրապետական կուսակցությունը մայիս ամսին հանդես է եկել հայտարարությամբ, և իր սատարում հայտնեց Վեհափառին և եկեղեցուն, Հանրապետական կուսակցությունը ամենաբազմամարդ երթն է կազմակերպել՝ Զվարթնոց տաճարից դեպի Էջմիածին՝ ի սատարում Վեհափառի և եկեղեցու։

Սա կուսակցական պայքար չէ․ միգուցե Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ այն է, որ Վեհափառի, եկեղեցու դեմ իր պայքարը ներկայացնի ընդդիմության և իշխանության պայքար։ Բայց այնտեղ եկեղեցու շուրջ հավաքված են հազարավոր, հարյուր-հազարավոր մարդիկ, որոնք ո՛չ ընդդիմությանն են սատարում, ո՛չ Նիկոլին, բայց պայքարում են։ Ես Նիկոլի խայծը ուտեմ, Մայր Աթոռը սարքեմ իշխանության և ընդդիմության պայքա՞ր։ Ես ունեմ շատ ընկերներ, իրենք այլ ձևով են մտածում, ես հարգում եմ իրենց, բայց ես այդ կարծիքին չեմ։

Ես, միանշանակ, մերժում եմ և՛ այս կողմից, երբ գնում են շվշվացնելով, ծափահարելով, և՛ մեր կողմից, եթե կա նման բան․․․ Պատարագի գնալու համար դու պիտի պատրաստ լինես, դու պիտի հոգով մաքրված լինես, դա Հիսուս Քրիստոսի հետ հանդիպում է։

Եվ, ամենակարևորը, Ավետարանն ասում է, չէ՞, եթե եղբորդ հետ հաշտ չես, մի՛ գնա եկեղեցի։ Մինչև չհաշտվես, մի՛ գնա։ Ամենամեծ սրբապղծությունը նա է, որ եկեղեցին սարքում են ներքաղաքական երկպառակության տեղ, Նիկոլ Փաշինյանի նպատակը, միգուցե, դա է։ Այդ պատճառով, այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է ասել, որ մենք սպասում ենք Վեհափառի խոսքին, սա հոգևոր խնդիր է նաև։

Իսկ Վեհափառ Հայրապետի պահվածքը շատ բարձր եմ գնահատում։ Ես չէ, որ պիտի իրեն գնահատական տամ, բայց որպես քաղաքացի՝ շատ բարձր եմ գնահատում իր իրական, քրիստոնեական, ազգի հոր, առաքելական պահվածքը․ անշեղորեն չտրվել սադրանքների, աղոթել, աղոթել և այդ զղջման պատուհանը միշտ բաց պահել։

– Հանգուցալուծումը ո՞րն է։

– Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, արդեն հասել է իր նպատակին, եկեղեցին պառակտել է։ Որպես պատմաբան՝ ես չեմ մտաբերում մի դեպք, որ եկեղեցու եպիսկոպոսները Վեհափառի հրաժարականը պահանջեն։ Շատ են եղել դեպքեր, երբ աշխարհիկ իշխանությունը հոգևոր իշխանության վրա է հարձակվել. Տիրան թագավորը՝ Հուսիկ Վեհափառի դեմ, Պապի և Ներսես Մեծի հակամարտությունը։

Նիկոլ Փաշինյանը կարողացել է այս փուլում պառակտել հայ եկեղեցին, իսկ նրա նպատակը գուցե հակաթոռություն ստեղծելն է, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին դարձնի Հայաստանի Առաքելական եկեղեցի։ Հայ Առաքելական եկեղեցին աշխարհի բոլոր առաքելական հայերինն է, համահայկական, աշխարհասփյուռ կառույց և միջազգային կառույց է։ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ստեղծել Հայաստանի եկեղեցի, Հայաստանի Առաքելական եկեղեցի, որը կլինի հակաթոռությունով, որ ասի՝ ախպեր ջան, մո՞մ եք ուզում վաճառել, վաճառեք, հարկ չեք տալիս, անձնական կյանքով ապրում եք՝ լավ եք անում, Ղարաբաղից չխոսեք, Ցեղասպանությունից չխոսեք, ազգային թեմաներից չխոսեք։

Իսկ մեր եկեղեցին, բացի հոգևոր տաճարից, նաև ազգային տաճար է ու դարերի ընթացքում փոխարինել է նաև պետական ինստիտուտները։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող չխոսել ազգային հարցերից։ Երբ 150.000 հայեր Արցախից բռնագաղթվել են, չի կարող Վեհափառ Հայրապետը դրա մասին չխոսել։

Ես այստեղ տեսնում եմ նաև արտաքին քաղաքական հետք․ իհարկե, թուրք-ադրբեջանական, բայց նաև՝ արևմտյան։

– Պարո՛ն Շարմազանով, մի քանի թագավորների հիշեցիք, որպես պատմաբան և որպես քաղաքացի՝ ունե՞ք հերոսներ, որոնց նման, ըստ Ձեզ, պետք է գործեն իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, կա՞ն այդպիսի անհատներ, որոնց վրա կուզեիք այսօր ուշադրություն դարձներ հանրությունը։

– Անհատներին իրենց ժամանակի մեջ պիտի նայենք։ Դժբախտաբար, մեր իրական մեծ հերոսները միշտ իրենց ժամանակի մեջ չեն գնահատվել։ Եթե նույնիսկ վերցնում ենք կենդանի աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, ինքն իր ժամանակի մեջ չի գնահատվել, խաչվել է, չէ՞․․․ Վարդան Մամիկոնյանը, Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Գագիկ Առաջինը, Զաքարե Զաքարյանը։

Ինձ համար Զաքարե Զաքարյանն է ազգային հերոս մի քանի պատճառով․ նախ՝ իր եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ կարողացավ վերականգնել Հայոց ինքնիշխանությունը (իհարկե, վրաց թագավորության գերակայության տակ, բայց դե, փաստացի անկախ պետություն էր), վերակառուցեց բազմաթիվ եկեղեցիներ, հիմնադրեց բազմաթիվ եկեղեցիներ, ազատագրեց Անի մայրաքաղաքը:

Մի պատմություն շատ կարճ պատմեմ․ 703 թ․-ին արաբները, մահմեդականները Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցում հայ նախարարների կանչեցին, խաբեությամբ մտցրին եկեղեցի և այրեցին բոլորին։ 500 տարի հետո Զաքարե Զաքարյանը գրավեց Արդեբիլն ու այնտեղի էմիրին, նրա շրջապատին առանց խաբեության, մտցրեց մզկիթ և այրեց։ 500 տարի անց Զաքարե Զաքարյանը լուծեց մեր ազգի վրեժը։

Ինձ համար սա ևս շատ ուսուցողական է, այսինքն՝ հատուցումը միշտ լինում է:

– Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորին է հաճախ հիշում։

– Պապ թագավորը 4 տարի է կառավարել: Ինքը Պապ թագավորին էլ է հատվածային հիշում․ հիշում է ոչ թե Ձիրավի ճակատամարտ տալու համար, որ հաղթել է, այլ նրա համար, որ հալածել է եկեղեցին, Ներսես Մեծի հետ ունեցել է հակասություն, Կեսարիա չի ուղարկել, ինքն ինքնիշխան է, ես էլ եմ ինքնիշխան, ինքն էլ էր եկեղեցու դեմ պայքարում, տե՛ս, ինքն էլ էր եկեղեցու կալվածքները խլում, հիմա այս վերջերս կառավարությունը որոշում ընդունեց եկեղեցու սեփականության մասին։

Պապ թագավորին չգերագնահատենք, նա ունեցել է շատ դրական կողմեր, բայց ունեցել ենք Մուշեղ Մամիկոնյան սպարապետ, Արշակ 2-րդ, բա ինչո՞ւ Արշակ Երկրորդին չի հիշում, Խոսրով Կոտակին չի հիշում, Տրդատ Մեծին չի հիշում։

Տրդատ Մեծին հիշելուց էլ՝ հիշում է սխալ կոնտեքստով, ասում է՝ Տրդատ Մեծը ստեղծել է մեր եկեղեցին․ Տրդատ Մեծն ի՞նչ կապ ունի մեր եկեղեցու ստեղծման հետ, մեր եկեղեցին դեռևս Տրդատ Մեծից 250 տարի առաջ ստեղծել են Թադևոս և Բարդուղիմոս առաքյալները։ Իսկ եթե ոչ ղեկավարներից նայեք, ես ազդվել եմ Գարեգին Նժդեհից, նա ինձ համար մարգարե է, ինչ գրել է, ստացել է Աստծուց։

Նույն խորհրդային շրջանում ենք ունեցել ֆանտաստիկ ազգային գործիչներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, ազգային, պետականաստեղծ մարդ, որը Հայաստան բերեց է՛լ Թամանյանին, է՛լ Սարյանին․․․, ունեցել ենք Գրիգորի Արութինով, շատերը չգիտեն էդ մարդու մասին, բայց դեռ էն ժամանակ Ստալինի առջև նա է դրել Լեռնային Ղարաբաղի Հայաստանին վերամիավորելու հարցը, Անտոն Քոչինյան ենք ունեցել…

Նիկոլ Փաշինյանը հիմա ի՞նչ է ուզում անել. ուզում է ասի՝ 2-րդ հանրապետությունը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը, ԿԳԲ որջ է եղել․․․ 2-րդ հանրապետությունում դաստիարակված մարդիկ չե՞ն անկախ Հայաստանը ստեղծել, Արցախն ազատագրել, 43 թ․-ին այդ ակադեմիան ո՞վ է ստեղծել, Խորհրդային Հայաստանում ավելի շատ հայագիտական գրականություն է տպվել, պատմագիտություն զարգացել, քան հիմա։ Ծիծեռնակաբերդն ո՞ւմ օրոք է ստեղծվել, 1968 թ․-ին Սարդարապատի հուշահամալիրն ո՞ւմ օրոք է ստեղծվել։

Այսինքն՝ իր խնդիրը մեկն է՝ պատմության հերոսական էջերը զրոյացնել: Մենք իրավունք չունենք մեր պատմությունը մոռանալ և մեր ազգային ինստիտուտները քանդել։ Տեսեք՝ մեր հակառակորդները ո՞նց են ապրում, Թուրքիայում ազգային մտածողությունն ինչ բարձր մակարդակի վրա է, նույնիսկ հիվանդագին է, չեմ ասում՝ Ադրբեջանում, մենք, ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների, այլ ազգերի նկատմամբ թշնամանք չենք սերմանում, բայց չի կարելի ադրբեջանական բենզինից այդպես հրճվել:

Ադրբեջանից Հայաստան մտնող մի գնացքի համար է, որ մենք պիտի ուրախանանք՝ մեր ռազմագերիների, որ նրանք առողջ, անփորձանք վերադառնան Հայաստան։ Միակ բանը, որ մենք կարող ենք ողջունել, որ Ադրբեջանից կարող է գալ, դա գնացքն է, որտեղ մեր հայ ռազմագերիներն են վերադառնում Բաքվից՝ առանց բացառության։

Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում։

– Աստված կա, և ես ամեն ինչ հնարավոր եմ համարում։ Հավատացյալ, քրիստոնյա մարդը չպիտի հուսահատության տրվի և չպիտի ինքնախաբեության մեջ էլ մնա։ Մենք պիտի մեր գործն անենք ու հայացքներս միշտ դեպի Աստծուն լինի, ու ոչ թե փողին, շահին։

– Ամփոփելով զրույցը, նայելով 2026 թվականին՝ ի՞նչ անել, որ այս անգամ հաջողի ընդդիմությունը։ Տեսնում ենք արդեն՝ նոր վհուկների որս է սկսվում՝ հիբրիդային գործակալների դեմ պայքարի անվան տակ, տեսալսողական մեդիային առնչվող նոր որոշումներ եղան կառավարությունում՝ պիտի զտեն, այսպես կոչված, «արտաքին ազդեցություններին վերագրվող բովանդակությունները և այլն։

– Դա խմբերի պայքարը չէ, այլ Հայաստանի անկախ մնալու պայքարն է։ Պետք է կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ իշխանափոխության, ոչ թե ընդդիմափոխության վրա։ Այսինքն՝ բոլոր ընդդիմադիր, ազգային ուժերը՝ իրար չհարվածելու ջենտլմենական համաձայնության պիտի գան։ Դրա մասին խոսել է նաև նախագահ Սարգսյանը․ գիտեք, շատ բարդ է մի ձեռքով համերաշխությունը ողջունել, մյուս ձեռքով՝ Հանրապետականի վրա քար նետելը, այդպես չի՛ լինում։

Համակարգված աշխատանք ու այլընտրանքային ծրագիր է պետք․․․

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս