Իրանը փորձում է Հարավային Կովկասում հանդես գալ ոչ միայն՝ որպես անվտանգային, այլև՝ տրանսպորտային և տնտեսական դերակատար. Արամ Շահնազարյան
Օրեր առաջ Իրանի դեմ ամերիկյան հարվածների մասին տեղեկություններ դարձյալ եղան, իսկ այսօր արդեն իրանական աղբյուրները գրել են, որ Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը:
Mehr-ի հաղորդմամբ, փաստաթուղթը ներառում է հետևյալ դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։ Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ը 60 օրվա ընթացքում պետք է անցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։
Թե ինչ զարգացումներ կլինեն, արդյո՞ք ռազմական լուրջ բախման նոր ալիք կլինի, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ:
– Իրան-ԱՄՆ և Իսրայել հնարավոր հաջորդ ռազմական բախումը, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն կտարբերվի 12-օրյա և 40-օրյա պատերազմներից, քանի որ բոլոր կողմերն արդեն ունեն նախորդ երկու պատերազմների ընթացքում ստուգված կարողությունների և խոցելիությունների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում։ Հնարավոր հաջորդ բախման դեպքում կողմերը կգործեն արդեն կուտակված փորձի և վերանայված ռազմական հաշվարկների հիման վրա։ Սա նշանակում է, որ գործողություններն ավելի նպատակային, տեխնոլոգիական և ռազմավարական բնույթ կկրեն։
Հնարավոր հաջորդ պատերազմի հիմնական առանձնահատկությունը կարող է լինել այն, որ կողմերը կփորձեն ոչ թե պարզապես մեծացնել հարվածների քանակը, այլ առավել արդյունավետ կերպով թիրախավորել հակառակորդի որոշումների կայացման, հրամանատարական կառավարման, հակաօդային պաշտպանության, կապի և հետախուզական համակարգերն ու ռազմավարական նշանակության տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
40-օրյա պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ նույնիսկ ամենազարգացած պաշտպանական համակարգերը չեն կարող լիովին կանխել Իրանի հրթիռային և ԱԹՍ սպառնալիքները, իսկ զանգվածային հարվածները զգալի տնտեսական և հոգեբանական ազդեցություն են ունենում։ Հետևաբար, ապագա հակամարտությունում առաջնահերթություն կստանան այն գործողությունները, որոնք կթուլացնեն հակառակորդի կառավարման և արձագանքման, ինչպես նաև թիկունքի կարողությունները։
Միևնույն ժամանակ հնարավոր պատերազմը, ամենայն հավանականությամբ, ավելի շեշտակի կկրի բազմադոմեն և բազմաշերտ հակամարտության բնույթ՝ ընդգրկելով ռազմական, կիբեռ, ծովային, տնտեսական և էներգետիկ ուղղությունները, դրանք կդառնան հակամարտության առանցքային տարրերը։ 40-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ կիբեռհարձակումները, արբանյակային և հետախուզական համակարգերի դեմ գործողությունները, ծովային հաղորդակցությունների վերահսկման փորձերը և էներգետիկ շուկաների վրա ազդեցությունը կարող են ունենալ նույնքան կարևոր նշանակություն, որքան անմիջական ռազմական գործողությունները։
Գլոբալ տեսանկյունից հաջորդ բախման գլխավոր տարբերությունը կլինի այն, որ կընթանա արդեն ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում։ 40-օրյա պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանային հակամարտությունը կարող է շատ արագ վերածվել միջազգային անվտանգության և համաշխարհային տնտեսության համար մարտահրավերի։ Այսինքն, ապագա հնարավոր պատերազմում առանցքային հարցը կլինի ոչ միայն ռազմական արդյունքը, այլև, թե արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի՞ կանխել հակամարտության վերաճումն ավելի լայն տարածաշրջանային կամ միջազգային ճգնաժամի, թե՞ ոչ։
– Մի կողմից՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է Նեթանյահուի վարչակազմը ցեղասպան համարել, մյուս կողմից՝ Թուրքիան սկսել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը չբացառել, իհարկե, կոնկրետ պայմաններ դնելով, այդ թվում՝ Գազայում Իսրայելի գործողությունների դադարեցում պահանջելով: Այս հարցը ցանկանում եմ դիտարկենք նաև Իրանի դեմ գործողությունների համատեքստում և այս հարցում Թուրքիայի մինչ այս ունեցած դիրքորոշման:
– Այդ հանգամանքը կարևոր է հաշվի առնել, քանի որ այն փոխում է տարածաշրջանային ուժային հավասարման տրամաբանությունը։
Եթե Թուրքիան և Իսրայելը շարժվեն հարաբերությունների մասնակի կամ աստիճանական կարգավորման ուղղությամբ, ապա Իրան-ԱՄՆ և Իսրայել հնարավոր հաջորդ բախումը կընթանա էապես փոխված աշխարհաքաղաքական միջավայրում։ 40-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումները կարող են ոչ պակաս կարևոր լինել, քան անմիջական ռազմական գործողությունները։ Այդ իմաստով Անկարայի քաղաքականությունը կարող է դառնալ հակամարտության զարգացման վրա ազդող կարևոր գործոն, հատկապես, եթե Թուրքիան փորձի միաժամանակ պահպանել իր ազդեցությունը՝ ինչպես արևմտյան, այնպես էլ՝ տարածաշրջանային ուղղություններում։
Իրանի տեսանկյունից Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը կարող է ընկալվել որպես տարածաշրջանային ուժային նոր դասավորության տարր։ Թեհրանում ավանդաբար զգայուն են վերաբերվում այնպիսի գործընթացներին, որոնք կարող են մեծացնել Իսրայելի քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ներկայությունն Իրանի անմիջական հարևանությամբ։ Հետևաբար, եթե Անկարա-Թել Ավիվ երկխոսությունը վերականգնվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ակտիվացնել իր հարաբերություններն այլ տարածաշրջանային գործընկերների հետ և ամրապնդել սեփական զսպման մեխանիզմները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը պարտադիր չէ, որ վերածվի հակաիրանական դաշինքի։
Անկարան սովորաբար ձգտում է պահպանել ռազմավարական ինքնուրույնությունը և արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունը։ Ուստի առավել հավանական է, որ Թուրքիան փորձի օգտագործել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը՝ որպես լրացուցիչ դիվանագիտական և տնտեսական ռեսուրս, այլ ոչ թե ներքաշվել Իրանի դեմ ուղղված բաց հակամարտային ճարտարապետության մեջ։ Այդուհանդերձ, նույնիսկ նման սահմանափակ կարգավորումը կարող է ազդել Իրանի ռազմավարական հաշվարկների վրա և դառնալ ապագա բախումների կարևոր արտաքին գործոն։
– ԱԺ ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրվեց։ Այսօր, երբ Իրան-ԱՄՆ չկարգավորված հարցեր կան, և ռազմական բախման էջը փակված չէ, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում, արդյո՞ք իրանական դիրքորոշման մեջ կա փոփոխություն կամ կարող է լինել:
– TRIPP-ի՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» ճակատագիրը մեծապես կախված է նրանից, թե որքանով այն կընկալվի տարածաշրջանի պետությունների կողմից՝ որպես տնտեսական համագործակցության հարթակ կամ որպես նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների գործիք։ Իրանի տեսանկյունից նախաձեռնության նկատմամբ հիմնական վերապահումները պահպանվում են, քանի որ Թեհրանում այն դիտարկում են ոչ միայն՝ որպես տնտեսական և տրանսպորտային նախագիծ, այլև հիմնականում՝ որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա գործընկերների ազդեցության ամրապնդման մեխանիզմ։ Հատկապես կարևորվում են նախագծից բխող անվտանգային բնույթի մարտահրավերները, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ նման նախագծերն ընդհանրապես կարող են շրջանցել Իրանի տարածքը և էապես թուլացնել նրա ավանդական դերը՝ որպես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ հաղորդակցային հանգույց։ Միևնույն ժամանակ, 40-օրյա պատերազմը որոշակիորեն փոխել է իրանական հաշվարկները։
Պատերազմը ցույց տվեց, որ միայն ռազմական և անվտանգային գործոնների վրա հիմնված տարածաշրջանային ռազմավարությունը բավարար չէ երկարաժամկետ ազդեցություն պահպանելու համար։ Տնտեսական կապերը, լոգիստիկ միջանցքները, տեխնոլոգիական համագործակցությունը և տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերը նույնպես վերածվում են ուժի կարևոր գործիքների։ Այդ պատճառով Թեհրանը, հավանաբար, դեռևս չի ձգտի բացահայտ կերպով խոչընդոտել բոլոր նման նախաձեռնությունները, այլ կփորձի ապահովել, որ դրանք չհանգեցնեն Իրանի մեկուսացման կամ տարածաշրջանային դերակատարության նվազեցման։
Իրանի համար հիմնական մարտահրավերը կապված է անվտանգային բաղադրիչի հետ։ Թեհրանում մտավախություն կա, որ տնտեսական և տրանսպորտային համագործակցության որոշ նախագծեր ժամանակի ընթացքում կարող են վերածվել քաղաքական և անվտանգային համագործակցության հարթակների, որտեղ Իսրայելի ներկայությունը կամ ազդեցությունը կընդլայնվի Իրանի անմիջական հարևանությամբ։
40-օրյա պատերազմից հետո այս մտահոգություններն առավել սրվել են, քանի որ Իրանը տարածաշրջանային ենթակառուցվածքների և հաղորդակցային ցանցերի հարցերը սկսել է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։
Հետևաբար, Իրանի դիրքորոշման մեջ արմատական փոփոխություն առայժմ չի նկատվում։ Թեհրանը շարունակում է վերապահումներով վերաբերվել TRIPP-ին, սակայն պատերազմի փորձից հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնում ոչ թե նախաձեռնության ամբողջական մերժմանը, այլ, թե ինչպիսի տեղ և դեր կարող է ունենալ այդ գործընթացներում։
Իրանի ռազմավարական նպատակը, ամենայն հավանականությամբ, կմնա նույնը՝ կանխել տարածաշրջանային այնպիսի տնտեսական և անվտանգային ճարտարապետության ձևավորումը, որը կթիրախավորի իր անվտանգությունը, կնվազեցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը կամ կուժեղացնի մրցակիցների դիրքերն իր սահմանների անմիջական հարևանությամբ։

– Իրանն այսօր ի՞նչ դիրքավորում ունի տարածաշրջանում։
– Իրանը Հարավային Կովկասում ձգտում է պահպանել ազդեցիկ և հավասարակշռող դերակատարի դիրքը՝ տարածաշրջանը դիտարկելով՝ որպես սեփական ազգային անվտանգության մթնոլորտի կարևոր և առանցքային բաղադրիչ։ Թեհրանի համար Հարավային Կովկասը վաղուց դադարել է լինել միայն հարևան տարածաշրջան. այն դարձել է Իրանի հյուսիսային անվտանգային գոտու կարևոր բաղադրիչ, որտեղ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններն անմիջական ազդեցություն են ունենում երկրի ռազմավարական շահերի վրա։
Հատկապես վերջին տարիներին Իրանը հետևողականորեն ընդգծում է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխելիության և տարածաշրջանային գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի քաղաքական, ռազմական և անվտանգային ներգրավման բացառման անհրաժեշտությունը։
40-օրյա պատերազմից հետո Իրանի դիրքավորումն ավելի հստակ անվտանգային բնույթ է ստացել։ Թեհրանում մտահոգությամբ են հետևում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը, Իսրայելի աճող ներկայությանն ու ազդեցությանն Ադրբեջանում, ինչպես նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքականության արևելյան փոփոխությանն ուղղված ՀՀ գործող իշխանությունների քայլերը։
Իրանի գնահատմամբ, տարածաշրջանում հնարավոր ուժային նոր հավասարակշռության ձևավորումը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որտեղ իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ կձևավորվեն հակաիրանական անվտանգության համակարգեր կամ կուժեղանա մրցակից դերակատարների ազդեցությունը։
Միևնույն ժամանակ Իրանը փորձում է Հարավային Կովկասում հանդես գալ ոչ միայն՝ որպես անվտանգային, այլև՝ որպես տրանսպորտային և տնտեսական դերակատար։
Թեհրանի ռազմավարական առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը և տարածաշրջանային հաղորդակցային նախագծերում սեփական մասնակցության ապահովումը։
Այս համատեքստում Իրանը շահագրգռված է այնպիսի հաղորդակցային լուծումներով, որոնք չեն հանգեցնի տարածաշրջանային սահմանների կամ ուժային հավասարակշռության փոփոխության և չեն նվազեցնի Իրանի տարանցիկ նշանակությունը։
Ընդհանուր առմամբ, Իրանի ներկայիս դիրքավորումը Հարավային Կովկասում կարելի է բնութագրել՝ որպես «ակտիվ պաշտպանական ռազմավարություն»։ Թեհրանը ձգտում է կանխել իր համար անբարենպաստ աշխարհաքաղաքական փոփոխությունները, պահպանել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և միաժամանակ ամրապնդել սեփական տնտեսական ու տրանսպորտային դերակատարությունը։ Այդ պատճառով Հարավային Կովկասն Իրանի արտաքին քաղաքականության մեջ շարունակում է դիտարկվել ոչ թե երկրորդական ուղղություն, այլ ազգային անվտանգության և տարածաշրջանային ազդեցության առանցքային տարածք։
– Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունների ի՞նչ պատկեր ունենք ներկայում:
– Իրան-Ադրբեջան հարաբերությունները ներկայումս գտնվում են բարդ և լարված հավասարակշռության փուլում, որտեղ համադրվում են՝ ինչպես համագործակցության անհրաժեշտությունը, այնպես էլ՝ խորացող ռազմավարական անվստահությունը։ Թեհրանի տեսանկյունից Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերջին տարիների զարգացումները, հատկապես Իսրայելի հետ բարձր մակարդակի ռազմավարական բնույթի հարաբերությունները և ընդլայնվող անվտանգային և ռազմական համագործակցությունը, դիտարկվում են՝ որպես անմիջական մարտահրավեր Իրանի հյուսիս-արևմտյան անվտանգային գոտուն։
40-օրյա պատերազմի փորձն այս մտահոգությունները միայն ուժեղացրել է՝ ցույց տալով, որ տարածաշրջանային հակամարտությունները կարող են արագ ներգրավել արտաքին դերակատարների և ստեղծել նոր սպառնալիքների շղթա Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ։
Միևնույն ժամանակ Իրանը փորձում է խուսափել բաց ռազմական կամ քաղաքական էսկալացիայից Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային փոխկախվածությունները։ Նման համատեքստում Իրանի դիրքորոշումը միաժամանակ կոշտ է անվտանգության հարցերում, բայց զգուշավոր՝ գործնական հարաբերությունների պահպանման տեսանկյունից։
Իրան-Թուրքիա հարաբերությունները համեմատաբար ավելի կայուն և համակարգված բնույթ ունեն, սակայն այստեղ նույնպես առկա է ռազմավարական մրցակցություն։ Երկու երկրներն էլ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը՝ հաճախ տարբեր մոտեցումներով։
Թուրքիան ավելի ակտիվ է ռազմական և դաշնակցային գործիքակազմերի կիրառման հարցում, մինչդեռ Իրանը նախընտրում է զսպման, հավասարակշռման և բազմակողմ դիվանագիտության մեթոդները։ Չնայած այս մրցակցությանը՝ երկու կողմերը պահպանում են բարձր մակարդակի տնտեսական կապեր և ընդհանուր շահեր էներգետիկ ու առևտրային ոլորտներում, ինչը թույլ չի տալիս հարաբերություններին վերածվել բաց հակամարտության։
40-օրյա պատերազմի փորձը նաև այստեղ է ազդել ընկալումների վրա․ Իրանը ավելի հստակ է սկսել դիտարկել Թուրքիային որպես տարածաշրջանային ուժ, որի գործողությունները կարող են արագ փոխել ուժերի բալանսը, մինչդեռ Թուրքիան, իր հերթին, զգուշանում է Իրանի անմիջական կամ անուղղակի ազդեցության ընդլայնումից սահմանամերձ գոտիներում։ Այսպիսով, Իրան-Թուրքիա հարաբերությունները կարելի է բնութագրել՝ որպես «կառավարվող մրցակցություն», որտեղ համագործակցությունն ու մրցակցությունը գոյակցում են միաժամանակ։
Ընդհանուր առմամբ, թե՛ Իրան-Ադրբեջան, թե՛ Իրան-Թուրքիա հարաբերություններում գերակշռող տրամաբանությունը ոչ թե բաց հակամարտությունն է, այլ ռազմավարական հաշվարկներով պայմանավորված հավասարակշռումը։ Սակայն տարածաշրջանային ցանկացած նոր էսկալացիա կարող է արագ փոխել այս հավասարակշռությունը՝ հատկապես, եթե այն կապված լինի արտաքին ուժերի ներգրավման, հաղորդակցային ուղիների վերաձևման կամ անվտանգության նոր ճարտարապետությունների ձևավորման հետ։

