Պուտինի սպասողական տակտիկան. ե՞րբ կհնչի Կրեմլի զանգը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անցել է մի քանի օր, սակայն Կրեմլից դեռևս չի հնչել ավանդական շնորհավորական ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սա՝ այն դեպքում, երբ նախնական տվյալներով Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ձայների գրեթե կեսը (49,81%), թեև հայաստանյան ընդդիմությունը, քաղաքական գործիչները, հանրային գործիչներն ըստ էության չեն ընդունում ընտրությունների արդյունքները, խոսում վարչական ռեսուրսի, անհավասար նախընտրական քարոզարշավի և այլ խախտումների մասին։

Հայաստանյան ներքաղաքական դիսկուրսն այս թեմայով մի առանձին վերլուծության թեմա է, անդրադառնալով Ռուսաստանի դիրքավորմանը, նշենք՝ Մոսկվայի այս ընդգծված լռությունը, զուգորդված տնտեսական կոշտ ազդակներով, դառնում է հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ ճգնաժամի ամենախոսուն ցուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հայաստանյան ընտրությունների արդյունքները, փորձեց հասկացնել՝ Մոսկվան չի շտապելու։ Նա նշեց, որ Կրեմլը կսպասի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական ու պաշտոնական արդյունքների ամփոփմանը, որից հետո միայն կարվեն համապատասխան հայտարարություններ։ Նմանատիպ սպասողական և զուսպ տոնայնություն է որդեգրել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ակնարկելով ընտրական գործընթացում առկա «անհասկանալի պահերի» և ընդդիմադիր բլոկների («Ուժեղ Հայաստան» և «Հայաստան») կողմից արդյունքների բողոքարկման իրավական փուլի մասին։ Սակայն, սրանից բացի, հունիսի 8-ին ՌԴ ԱԳՆ-ն բավական սուր հայտարարություն տարածեց ընտրությունների մասին, խոսելով ռեպրեսիաների, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և այլնի մասին։

Սակայն Ռուսաստանի կողմից ԿԸՀ պաշտոնական տվյալներին սպասելը միայն իրավական նրբանկատություն չէ։ Սա քաղաքական դիրքորոշում է. Մոսկվան ցույց է տալիս, որ Երևանի գործող վարչակազմի հաղթանակը չի ընդունում՝ որպես բացարձակ ու անվերապահ իրողություն, և, որ հարաբերությունների նոր մակարդակը դեռևս պետք է «վաստակել» բանակցությունների սեղանի շուրջ։

Կարդացեք նաև

Դիվանագիտական դադարին զուգահեռ, Մոսկվան անցել է գործնական «մտրակի» տակտիկային։ Հունիսի 11-12-ին Ռուսաստանը նոր, բավականին ցավոտ առևտրային սահմանափակումներ կիրառեց Հայաստանի նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Սա դասական ռուսական գործիքակազմ է, որը կիրառվում է քաղաքականապես լարված փուլերում։ Այսպիսով, Մոսկվան Երևանին հիշեցնում է տնտեսական կախվածության իրական չափը հենց այն պահին, երբ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր ներքաղաքական լեգիտիմությունը։

Երևանում կարծես  հիանալի հասկանում են իրավիճակի լրջությունը և փորձում մեղմել մթնոլորտը։ Այսօր՝ հունիսի 12-ին, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  հղեց Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ուղերձի տեքստում շեշտադրվել է «ինքնիշխանության և պետական շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության պատրաստակամությունը»։ Իսկ հունիսի 11-ին  Փաշինյանը բացահայտ նշեց, որ եթե Ռուսաստանից հրավեր լինի, ինքը պատրաստ է մեկնել ՌԴ՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին։ Նա նաև հիշեցրեց, որ հունիսի 1-ին (իր ծննդյան օրը) Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նման հանդիպման նախնական պայմանավորվածություն արդեն եղել է։

Նմանատիպ կրիզիսային փուլերում ՌԴ նախագահն ունի հստակ վարքագծային մոդել. նա  օգտագործում է ժամանակը՝ որպես քաղաքական ճնշման միջոց։ Ռուսական կողմը ստիպում է  մնալ անորոշության մեջ, զգալ տնտեսական ու քաղաքական դիսկոմֆորտը, որպեսզի հանդիպման պահին մյուս կողմից բանակցային դիրքերը լինեն առավելագույնս թուլացած։

Աշխարհաքաղաքական տրամաբանությունը հուշում է, որ իրադարձությունները կզարգանան հետևյալ սցենարով․ հունիսի 14-ից հետո, երբ ՀՀ ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական տվյալները և կավարտվի բողոքարկումների առաջին ալիքը, գուցե ՌԴ նախագահից լինի զանգ Փաշինյանին։ Ինչպես ենթադրում է ընթացակարգը նման դեպքերում, այդ զանգի ընթացքում  կձևակերպվի պաշտոնական շնորհավորանքը (որը կլինի արձանագրային) և կլինի հրավեր Մոսկվա։ Մոսկովյան այդ հանդիպումը հայկական կողմի համար հեշտ չի լինելու։ Դա լինելու է «կարմիր գծերի» հստակեցման և հաշվետվության հանդիպում։ Պուտինը, կրկին, ինչպես նման դեպքերում, բանակցությունների սեղանին կարող է  դնել մի քանի առանցքային հարց, որոնցից գլխավորը՝ արտաքին քաղաքական վեկտորի սահմանափակում, «ԵՄ, թե ԵԱՏՄ» ընտրության հստակեցում։ Թե ինչպես կվարվի հայկական կողմը, ինչ մեխանիզմով կփորձի պայմանավորվել ռուսական կողմի հետ, բարդ է ասել, սակայն դատելով ՀՀ իշխանությունների հետընտրական հռետորաբանությունից, կա պայմանավորվելու ցանկություն։

Սակայն  կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու ընտրություններում ստացած քվեով, ըստ փորձագետների,  թուլացած լեգիտիմությամբ,  տնտեսապես շրջափակված։ Կրեմլում նրան սպասվում է պրագմատիկ, բայց ուժային դիրքերից տարվող երկխոսություն, որի շրջանակում պայմանավորվածությունը ենթադրելու է որոշակի գին։ Իսկ թե որն է լինելու այդ գինը Հայաստանի կամ գուցե ՝ Ռուսաստանի համար, թերևս պարզ կդառնա արդեն այդ հնարավոր հանդիպումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930