Ալիևի՝ «միջին ուժի» հայեցակարգը՝ ընդդեմ փաշինյանական «իրական Հայաստանի», արդյո՞ք ռազմական բաղադրիչը լիովին բացառված է

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պատերազմի հավանականությանը, նշել է.

«Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:

Իսկ Բաքուն շարունակում է հիշեցնել, որ վերջնական խաղաղության համար պաշտոնական Երևանը և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ անելիքներ ունեն, մասնավորապես, խոսքը գործող Սահմանադրության փոփոխության և այնտեղից Անկախության հռչակագիրը դուրս մղելու մասին է, քանի որ, ըստ Ալիևի, այն տարածքային պահանջներ է ներկայացնում:

Նույն ժամանակում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Տրանսկասպյան ֆորումի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է.

Կարդացեք նաև

«Հայաստանի հետ հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանն անցել է «միջին ուժի» հայեցակարգին»:

Հաջիևը շարունակել է, որ «միջին ուժի» (Middle power) հայեցակարգն իրենց համար չի չափվում միայն մասշտաբով, տնտեսությամբ և բնակչությամբ, այլ դա ենթադրում է երկրների գործընկերության ցանց:

«Ադրբեջանը Հարավային Կովկասի երկիր է։ Միևնույն ժամանակ, մենք պատկանում ենք Կենտրոնական Ասիայի ընտանիքին (Թուրքիայի դասագրքերում պատմական և աշխարհագրական տերմինների էական փոփոխություններ են լինելու և, մասնավորապես, հրահանգվել է «Կենտրոնական Ասիա»-ն անվանել «Թուրքեստան») և Կասպից ծովի տարածաշրջանին։ Ադրբեջանն ունի, այսպես ասած, ինքնություններ՝ կապված Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հետ։ Այս բոլոր արժեքները չեն հակասում միմյանց, այլ համադրվում են»,- ընդգծել է Ալիևի օգնականը:

Ավելի վաղ՝ մայիսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Ադրբեջանն աշխարհում ընկալվում է՝ որպես միջին տերություն:

Սա, ըստ էության, նշանակում է, որ Ադրբեջանն իրեն համարում է կամ ընկալվում է մի երկիր, որն ունի բավարար դիվանագիտական կշիռ, ռեսուրսներ և ինքնուրույնություն՝ ազդելու գլոբալ կամ տարածաշրջանային գործընթացների վրա։

Այսինքն, Ադրբեջանն այս պահին գտնում է, որ չլուծված արտաքին քաղաքական հարցերը պետք է լուծել դիվանագիտության միջոցով, ակտիվ լինել միջազգային հարթակներում, ինչո՞ւ չէ՝ միջազգային կոալիցիաներում ներգրավվել: Չմոռանանք այստեղ նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) մասին, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են խոսակցությունները միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու շուրջ:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստան-Ադրբեջան չլուծված խնդիրների համատեքստում մեր երկրի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կարող են միջազգային և արտաքին քաղաքական ճնշումներ գործադրվել, նաև՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային:

Իհարկե, այո, և դա շատ ակնհայտ է:

Եթե վերցնենք զուտ դիվանագիտական մասը, ապա ոչ մեկ անգամ գրել ենք, որ Բաքուն ավելացրել է հատկացումները դիվանագիտության ոլորտում, ակտիվացրել է «իրավաքաղաքական» աշխատանքները, որոնք երբեմն տեղավորում է նաև մարդու միջազգային իրավունքների տրամաբանության մեջ, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում:

Այսինքն, ամեն ինչ այնքան էլ «անմեղ» չէ, հատկապես, երբ Հայաստանը նույնիսկ «միջին ուժի» հայեցակարգից բխող Ադրբեջանի քայլերին ու «փափուկ» ճնշումների զսպման կամ հակազդման մեխանիզմներ չի մշակում, այնպես, ինչպես պիտի, ոչ այն, ինչ մատուցվում է:

Պետք է նշել, որ, ըստ տարբեր մասնագետների, ամեն դեպքում, «միջին ուժի» համատեքստում ռազմական ուժը չի անտեսվում, և այս հայեցակարգը որդեգրած երկիրը պետք է ունենա բավարար կարողություններ սեփական տարածաշրջանում կայունություն ապահովելու համար՝ զսպման մարտավարությունից և պաշտպանական կողմնորոշումից ելնելով:

168.am-ը վերջերս գրել էր, որ ալիևյան քարոզչամեքենան խոստովանել է, որ Բաքվի համար Ղարաբաղի անվտանգության հարցը պակաս կարևոր չէ, քան տարածաշրջանի տնտեսական վերականգնումը, քանի որ գլխավոր առաջնահերթությունը ազատագրված տարածքներ վերադարձող մարդկանց բնականոն և անվտանգ կյանքի ապահովումն է։

«Այդ իսկ պատճառով քաղաքացիական ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ՝ ձևավորվում է նաև անվտանգության ժամանակակից համակարգ։ Եվ տարածաշրջանի ամրությունը ստուգելու կամ ձևավորված իրողությունները կասկածի տակ դնելու հերթական փորձերը, ում կողմից էլ այն լինի, խստորեն կասեցվելու են»,- զգուշացրել էր ադրբեջանական քարոզչամեքենան:

Մյուս կողմից, Արցախում և նրա շուրջ «անվտանգային համակարգի» ստեղծումը վկայում է Ալիևի մտավախությունների մասին, որ արագ փոփոխվող աշխարհում այսօրվա իրողությունները կարող են փոխվել: Սա՝ գլոբալ: Իսկ Հայաստանում դեպքում, քանի դեռ Հայաստանը զոհ է գնում ադրբեջանական պահանջներին, իհարկե, պատերազմ չի լինի, սա նաև Փաշինյանն է խոստանում:

Եվ այստեղ հարց է՝ Փաշինյանի «իրական Հայաստան» տեղական արտադրության հայեցակարգը որքանո՞վ է համարժեք միջազգային օրենքների վրա հիմնված «Բաքվի որդեգրած «միջին ուժի» հայեցակարգին, որը ենթադրում է նաև որոշակի կսրգավիճակ: Պատասխանը, թերևս, ակնհայտ է: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը ոգևորված ընդունում է այն երկրների շնորհավորանքները, որոնք իրենց լուման ունեն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակում՝ Թուրքիա, Պակիստան, ՔՊ-ի հաղթանակով ուրախ է նաև, բնականաբար, Բաքուն և ԱՄՆ նախագահ Թրամփը, ում նախագահության օրոք է տեղի ունեցել 44-օրյա պատերազմը, իսկ Մակրոնն էլ իր ներդրումն ունի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գործընթացում:

Այսինքն, ըստ էության, սրանք այն երկրներն են, որոնք Բաքվին «նվիրել» են «միջին տերության» կարգավիճակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930