Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամը կկենտրոնանա նոր և առկա ժողովրդական նախագծերի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք ներառում են երիտասարդական խմբեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կանանց։
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեք երկրները Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հետ միասին այս շաբաթվա սկզբին հայտարարել էին օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի նորաբնակների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրող և ֆինանսավորող ցանցերի դեմ համակարգված պատժամիջոցների մասին։
Արևմտյան երկրների արձագանքը հնչել է Արևմտյան ափին իսրայելցիների կողմից անօրինական բնակավայրերի ընդլայնման և բռնության աճի ֆոնին։
«Մերձավոր Արևելքում խաղաղությունը, արդարությունն ու անվտանգությունը կախված են երկու պետության սկզբունքով կարգավորումից, և այդ պատճառով էլ մեր երկրները ճանաչել են Պաղեստինի Պետությունը՝ Իսրայելի Պետության հետ միասին», – հայտարարության մեջ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։
Հաղորդվում է, որ պաղեստինցիներին մարդասիրական աջակցություն տրամադրելուց բացի, նախաձեռնությունը նաև նպատակ ունի ճնշել իսրայելցի նորաբնակներին և աջակցել Գազայում խաղաղություն հաստատելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագրին։

