Հարկ են բարձրացնում, որովհետև Հայաստանի տնտեսությունը չի աճում․ Տնտեսագետ

Ընտրություններից 3 օր անց Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկերը, ինչը ենթադրում է ծխախոտի, ալկոհոլի և վառելիքի թանկացում։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերը։ Գործադիրի հիմնավորմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ, ներդաշնակեցնել ակցիզային հարկերը ԵԱՏՄ երկրների հետ, ինչպես նաև հաշվի առնել առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճը։

«Երբ օրենքը մտնի ուժի մեջ, հանրությունն անմիջապես զգալու է հետևանքները, որովհետև անմիջապես սակագների վրա ազդեցություն է ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում դրույքաչափերի վերանայմանն անդրադառնալով՝ նշեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Խոսելով կառավարության ներկայացրած հիմնավորումների մասին՝ Նաիրի Սարգսյանը հիշեցրեց, որ դեռ ընտրություններից առաջ պարբերաբար խոսվել է ապագայի հարկերի հաշվին կատարվող նախընտրական ակցիաների մասին։

Կարդացեք նաև

«Երբ կառավարությունը շտապողականություն էր դրսևորում, Առողջության ապահովագրական համակարգ էր ներդնում, կենսաթոշակներ էր բարձրացնում և այլն, դբյուջեով դրանք պլանավորած չէին և եթե պլանավորած չէին, բնականաբար, բյուջետային ծախսերը չեն բավարարելու, իսկ եկամուտների մասին ընդհանրապես լռեմ։ Նման դեպքում, երբ տնտեսությունը չունի արտադրանքի ծավալի, ծառայությունների ավելացման ներուժ, մեկ տարբերակ է ընդամենը մնում` հարկային դրույքաչափի ավելացում կամ հարկային բազայի ընդլայնում։ Հիմա իրենք պետք է հարկ բարձրացնեն, որովհետև իրականության մեջ Հայաստանի տնտեսությունը չի աճում։

Այստեղ արդեն գալիս է հարցը՝ ո՞ր հարկը բարձրացնենք, որ ընտրություններից անմիջապես հետո՝ քաղաքական տուրբուլենտությամբ պայմանավորված, հասարակական դժգոհությունների ալիք չբարձրանա, այսինքն՝ ունենանք դրան համարժեք պատասխան․ դա ակցիզային հարկն է։ Ակցիզային հարկն աշխարհի շատ կառավարություններ գրեթե միշտ հետևյալ կերպ են մեկնաբանում, որ դրանք ուղղված են առողջության վնասակար ապրանքների հարկելուն, և դրանով փորձում են կանխարգելել առողջությանը վնաս պատճառող արտադրանքի վաճառքը՝ ինչպիսին է ծխախոտը և ոգելից խմիչքները, ու հասարակական տրամադրությունները մեղմվում են»,- մանրամասնեց նա։

Ըստ տնտեսագետի՝ առայժմ բարձրացնում են ակցիզային հարկը, բայց շատ մոտ ապագայում ականատես կլինենք այլ հարկերի բարձրացման, իսկ դրա ազդեցությունը, բնականաբար, բացասական կլինի Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակի վրա, ժողովրդի կենսամակարդակի վրա՝  սկսած գյուղատնտեսությունից մինչև վերամշակող արտադրություն։

«Մի պայմանական միավոր ասեմ․ եթե, օրինակ, գյուղտեխնիկայի օրական ծառայության վճարը կազմում է 100 000 դրամ՝ որոշակի X քանակի հողատարածք մշակելու համար, ապա պայմանավորված ակցիզային հարկով` դիզելային վառելիքի սակագինը կբարձրանա և դա կդառնա, օրինակ, 120 000 դրամ։ Իսկ 20 000 դրամ հավելաճը նա  պարտադիր մտցնելու է գյուղատնտեսական արտադրանքի սակագնի մեջ, ինչը նաև, եթե փոխկապակցում ենք սպասվող թուրքական սահմանի բացման և թուրքական ապրանքով հայկական շուկան ողողելու հետ, ևս բարենպաստ պայման է ստեղծում թուրքական արտադրանքի՝ Հայաստանում անխոչընդոտ իրացման և Հայաստանի գյուղմթերքի, ընդհանրապես գյուղարտադրանքի իսպառ վերացման համար»,- նկատեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով նաև լոգիստիկ ծախսի ենթադրելի ավելացման հետևանքով հնարավոր գնաճը։

Ի դեպ, եթե այս նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, նոր դրույքաչափերը կսկսեն գործել հուլիսի 1-ից՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930