Փաշինյանի իշխանությունը չի հաղթել. ընտրությունները լեգիտիմ չեն. Մենուա Սողոմոնյան
Ազգային ժողովի ընտրությունը մինչև քվեարկության օրը՝ հունիսի 7-ը, արդեն իսկ կանխորոշված էր։ Այս ընտրությունները լեգիտիմ չեն, իսկ դրանց արդյունքներն արժանահավատ չեն։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «ՀայաՔվե» միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության արդյունքները։

«Ակնկալիքն այն էր, որ ընդդիմությունն ակնհայտորեն հաղթելու է, սակայն պետական շատ մեծ միջամտության, քաղաքական իշխանության կողմից պետության ամբողջ ռեսուրսների օգտագործման, խիստ անհավասար պայմաններ ստեղծելու, ընտրովի արդարադատություն իրականացնելու և այլնի հետևանքով չեղավ ընդդիմության հաղթանակը ֆորմալ առումով։ Սակայն նաև պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն հաղթել»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։
«Ռեվյու»-ի հյուրը հունիսի 7-ին «ՀայաՔվե»-ի կազմում դիտորդական առաքելություն է իրականացրել մարզային տարբեր ընտրատեղամասերում և ներկայացրեց թե՛ քվեարկության օրը, թե՛ նախընտրական շրջանում գործող իշխանությունների կողմից արված բացահայտ ընտրախախտումները։
Մենուա Սողոմոնյանն ընդգծում է, որ պետք է դուրս գալ ընտրակեղծարարության մասին տասնամյակներ շարունակ ձևավորված այն կարծրատիպային պատկերացումների շրջանակից, որ ընտրակեղծարարությունը միայն քվեատուփեր լցոնելն է։ Ըստ նրա՝ իշխանություններն այժմ գործադրում են ընտրությունները կեղծելու և դրանց ելքը կանխորոշելու ավելի ժամանակակից ու հմուտ տեխնոլոգիաներ։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ ընտրապայքարն իշխող ՔՊ կուսակցության և ընդդիմադիր ուժերի միջև անցել է խիստ անհավասար պայմաններում։ Սողոմոնյանի գնահատմամբ՝ հանրային տրամադրությունների և ընտրողի որոշման վրա էապես ազդել են ի վնաս ընդդիմադիր հիմնական ուժերի՝ քաղաքական իշխանության կողմից պետական ու վարչական ռեսուրսների ամբողջական գործադրումը, ընդդիմության նկատմամբ ընտրովի արդարադատություն իրականացնելը, ընտրակաշառքը՝ տարբեր ծրագրերի ու կենսաթոշակների տեսքով, օտար պետությունների արտաքին միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացին և գործող քաղաքական իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հասարակության ահաբեկումն ու մարդկանց պատերազմով վախեցնելը։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե այս ընտրություններով «փակում է» Արցախի հարցը։ Ընտրության մասնակիցների մեծ մասը փաստացի «ո՛չ» ասաց Արցախյան հարցը փակելուն։ Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ մեծ միջամտության, ահաբեկման, խաբելու, ընտրակաշառքի և այլնի միջոցով չկարողացավ ապահովել ընտրողների մեծամասնությունն իր օգտին։ Ո՛չ, ընտրությունները լեգիտիմ չեն, այսինքն՝ այս արդյունքները, որ գրանցվել են, չեն կարող լեգիտիմ լինել։ Այն, ինչ որ տեղի է ունենում հիմա, ես չէի ասի, որ պակաս ապալեգիտիմացնող ընտրախախտումներ են, քան այն, ինչ որ եղել է տասնյակ տարիներ առաջ։ Ընտրությունը մինչև քվեարկության օրն արդեն իսկ կանխորոշված էր։ Եթե չլիներ այս տեռորը, կունենայինք իշխանափոխություն»,- մեկնաբանեց Մենուա Սողոմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հարուցվող քրեական գործերին, գաղտնալսումներին, ընտրովի արդարադատությանը՝ Մենուա Սողոմոնյանը շեշտում է՝ այս ամբողջ ընթացքում չլսեցինք, որ Քննչական կոմիտեն կամ Հակակոռուպցիոն կոմիտեն գեթ մեկ անգամ գաղտնալսած լիներ ՔՊ-ի համար աշխատող որևէ գյուղապետի, համայնքապետի կամ դպրոցների վարչատնտեսական համակարգողների։

«Էդ ի՞նչ է, գյուղապետերն ու վարչատնտեսական համակարգողները կամ համայնքապետերը՝ ՔՊ-ականների մասին է խոսքը, կամ համայնքապետարանի աշխատողները, կոմունալի պետերը, պետական տարբեր ծառայողներ՝ բոլորը համատարած սրբեր ու օրինապաշտնե՞ր են։ Ես իմ աչքով եմ տեսել՝ ոնց են ուսուցիչներին, քաղաքապետարանի ծառայողներին բերում հանրահավաքի, որ կողքներով անցնում եմ՝ ամոթից գլուխները պահում են։ Բա էդ ո՞նց էղավ՝ ոչ մի Քննչական կոմիտե ոչ մի էդպիսի գաղտնալսում չարեց ու ոչ մի էդպիսի փաստ չարձանագրեց իշխանության ներկայացուցիչների հակաօրինական քայլերի մասին»,- հավելեց Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրության նախնական արդյունքներով հունիսի 7-ի քվեարկությանը մասնակցել է 1 մլն 477 հազար 736 ընտրող։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքների՝ ՔՊ-ն ստացել է ընդհանուր ձայների 49.8 տոկոսը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23.281 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 9.934 տոկոսը։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը կարող է հաղթահարել նաև ԲՀԿ-ն։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

