Բանակի առաջնային խնդիրն անվտանգային գործոն լինելն է. այն չի կարող դիտարկվել որպես քաղաքական «կարիքներ և պահանջներ» բավարարող
Հունիսի 9-ին մեր՝ «Փաշինյանը դրժել է իր հեղափոխական խոստումը՝ ԶՈւ-երը չպետք է քաղաքական գործոն լինեն. Ընտրական գործընթացների հետքերով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք նաև ԱԺ վերջին ընտրություններին բանակի մասնակցությանը՝ որպես քաղաքական գործոն և քվեարկության օրը զինվորներին ժամը 20:00-ից հետո տեղամաս տանելու դրվագներին:
Չենք անտեսել հունիսի 7-ին ժամը 20։00-ից հետո զինվորականներ ընտրատեղամասեր բերվելու տեսակադրերի առնչությամբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի օպերատիվ պնդումը, թե՝ անօրինական որևէ բան տեղի չի ունեցել:
«Երեկոյան 20։00-ից շուտ զինվորները եղել են ընտրատեղամասի դռան դիմաց՝ սպասելով իրենց հերթին, և այստեղ առաջացել է խնդիր՝ կամ փակել ընտրատեղամասի դուռը զինվորականների համար և չթողնել, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, կամ նրանց ներս թողնել»,- հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր նա՝ շեշտելով, որ այդ զինվորականները վաղուց սպասելիս են եղել ընտրատեղամասերի դիմաց և չեն կարողացել պարզապես ներս մտնել՝ պայմանավորված ընտրատեղամասում առկա հերթերով, և, որ նման խնդիր եղել է ընդամենը 2 ընտրատեղամասում։
Հունիսի 9-ին էլ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էր լրագրողների հետ զրույցում վստահեցրել, որ զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում: Այսինքն, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների՝ «կապ չունի՝ զինվո՞ր է, թե՞ հասարակ քաղաքացի, գտնվում է ընտրական տեղամասի տարածքում, նրան թույլատրվում է շարունակել իր սահմանադրական պարտականությունը»:
«Մեր զինծառայողներն ընտրական տեղամասի տարածքում են եղել սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,- ընդգծել էր Ասրյանը։
Հակադարձմանը, որ տեղամաս կա, որտեղ զինվորները ներս են մտել 20:00-ից հետո, ԳՇ պետը հորդորել էր՝ մնացած այլ հարցերն ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին։
Եվ մեկ էլ հունիսի 11-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրում և որոշում անվավեր ճանաչել 35/65 (Սյունիք, Ագարակ) և 10/51 (Նուբարաշեն) տեղամասերի քվեարկության արդյունքները:
«Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։
Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես թիվ 10/51 տեղամասում անճշտությունների գումարային չափ:
Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315 (հազար երեք հարյուր տասնհինգ) արձանագրվել են որպես թիվ 35/65 տեղամասում անճշտությունների գումարային չափ:
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո):
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն»,- նշվում է ԿԸՀ արտահերթ նիստի արձանագրության մեջ:
Նույն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է անում՝ նշելով.
«Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։
Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»:
Այս գրառումից հետո իշխանական պատգամավորներն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից համապատասխան «սքրիններ» են տեղադրում՝ զինվորների քվեարկությանն առնչվող:
Մինչդեռ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այս ամենն արվում է ԲՀԿ-ի ձայները գողանալու և խորհրդարան չթողնելու համար: Գուցե: Տվյալ դեպքում խնդիրը սա չէ, այլ այն, որ իշխանությունները կարող են 2-3 օրում անվավեր համարել այն, ինչ օրինական էին համարում:
Այսինքն, երբ լրատվամիջոցները տեսանյութեր էին հրապարակում, որ զինվորները ոչ թե տեղամասում են եղել ժամը 20:00-ի դրությամբ, այլ 20:00-ից հետո են մտցվել տեղամաս, երբ «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում էր, որ ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել, իշխանությունները պնդում էին, որ ոչ մի անօրինական բան չկա:
Ու մեկ էլ մի քանի օր հետո որոշվում է վերը նշված տեղամասերում նաև զինվորների քվեարկության արդյունքներն անվավեր անել և դրա մեղքը «գցել» ընդդիմության գրպանը:
Եթե ամեն ինչ օրինական է եղել, եթե զինվորների ուշ մտնելը տեղամաս, կամ կուտակումը օբյեկտիվ պատճառներ ուներ, ինչպես օրեր առաջ ներկայացվում էր, թեև կարելի էր հերթափոխը ճիշտ կազմակերպել, ապա ինչո՞ւ է հերթական անգամ բանակը քաղաքական խաղի բաղադրիչ դարձվում և անվավեր ճանաչվում նրանց քվեները:
Արդյո՞ք արդարացված է ընդդիմության դժգոհությանն ընդառաջ գնալը, երբ բանակի հեղինակության խնդիր կա, իհարկե՝ ոչ: Այսինքն, երկրորդ անգամ բանակի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի ականատես ենք լինում կարճ ժամանակում:
Եթե իշխանությունը պետք է սրան գնար, ինչո՞ւ դա չարվեց անմիջապես, ինչո՞ւ պատասխանատվություն չպահանջեցին համապատասխան հրամկազմից: Կարծում ենք՝ ամեն ինչ ակնհայտ է:
Ի դեպ, նշենք, որ Սոթքի տեղամասերից մեկում ևս զինվորներին առնչվող խայտառակ պատկեր էր ներկայացվել, բայց սրա մասին խոսք չկա, չեն էլ հասցրել ընտրել քվեարկության օրը տեղամաս բերված զինվորները: Իսկ 35/65 (Սյունիք, Ագարակ) և 10/51 (Նուբարաշեն) տեղամասերում, ըստ էության, պետք է վերաքվեարկություն լինի, և զինվորները նորից պետք է կտրվեն ծառայությունից և տարվեն քվեարկության՝ գուցե արդեն սահմանված ժամային սահմանում:
Թե որքանով ընդդիմադիր ինչ-ինչ ուժեր իրավունք ունեն բանակի և զինվորի անուն տալու կամ չտալու, դա դեռ պիտի քննարկվի, գուցե ոմանք չունեն: Բայց որ իշխանությունն իրեն վաղուց զրկել է դրա բարոյական իրավունքից, դրվագներն ու դեպքերը քիչ չեն:
Բանակը և զինվորը պետք է առաջին հերթին դիտարկվի երկրի անվտանգության ապահովման կարևոր գործոն, ոչ թե մանր-մունր քաղաքական խաղերին մասնակից դարձվեն, եթե նույնիսկ խնդիրը, ինչպես ներկայացվում է, ընդդիմության դժգոհությանն ընդառաջ գնալն է, եթե ամեն ինչ այնքան էլ դրան չի տանում:

