Սա ուղերձ է, որ գերիների հարցը միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ բանակցային թեմա չէ․ Սիրանուշ Սահակյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Արդյո՞ք պետք է ակնկալիքներ ձևավորել սույն բանաձևի շուրջ և ո՞ր դեպքում է հնարավոր հայ գերիների վերադարձը՝ 168amն այս հարցադրումներն ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանին։

Նախ նա արձանագրեց, որ թեև գործ ունենք Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների հետ, սակայն այն դեռևս օրենք դառնալու անհրաժեշտ փուլերը չի անցել և դեռ պարզ չէ, թե ինչ տեղի կունենա։

«Նշեմ, որ նախորդիվ քննարկումների ընթացքում շատ սահմանային մի քանի ձայնի տարբերությամբ այս նախաձեռնություններն իրենց տրամաբանական ավարտին չեն հասել, այսինքն` չեն դարձել օրենք։ Մյուս կողմից՝ նկատեմ, որ օրենք դառնալու համար նախ պետք է հաղթահարվի շեմը, լիագումար նիստում դրվի քննարկման, և Ներկայացուցիչների պալատը պետք է քննարկի, որից հետո պետք է Սենատում տեղի ունենա քննարկում և քվեարկություն։

Կարդացեք նաև

Մենք այստեղ չենք բացառում նաև ձևակերպումների վերանայում, և ամենակարևորը` ընդունումից հետո պետք է ստորագրվի նախագահի կողմից, և միայն այդ շեմերը հաղթահարելուց հետո այն կարող է դառնալ օրենք։

Իմ գնահատմամբ՝ սա առավելապես քաղաքական դիրքորոշում է, այլ ոչ թե նախաձեռնություն, որը միտված է իրավաբանորեն պարտադիր վարքագիծ սահմանել Ադրբեջանի իշխանությունների համար։ Այն նաև պատժիչ քայլ չէ, քանի որ նախագիծը չի պարունակում չկատարելու պարագայում պատժամիջոցներ նախատեսելու ընթացակարգ, իսկ Ամերիկայում բազմաթիվ դեպքերում այն համակցվում է պատժամիջոցների սպառնալիքների հետ, և այստեղ, օրինակ, սահմանվում է ինչ-որ օգնության սահմանափակում, պատժամիջոցներ պաշտոնյաների նկատմամբ, պարտավորություն պարբերաբար զեկույց ներկայացնել և այլն։

Սրանով հանդերձ՝ հարցը կարևոր է, քանի որ Կոնգրեսի մակարդակով դրվում է օրակարգ։ Սա ուղերձ է, որ գերիների հարցը միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ բանակցային թեմա չէ, այն միջազգային քաղաքական ճնշման ենթարկվող հարց է»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Նա նաև կարևորեց երկկուսակցական աջակցությունը՝ նկատելով, որ միակուսակցական նախաձեռնություններում ձայնային շեմերը հաղթահարելը բավականին բարդ է․ այս պարագայում՝ իրավիճակն արդեն իսկ հուսադրող է։

«Ու եթե այն ուղիղ չբերի գերիների ազատ արձակման, օրինակ, ընդունվի, բայց Ադրբեջանը խուսանավի դրա կատարումից, միևնույն է, այն շարունակում է մնալ՝ որպես դիվանագիտական լծակ, և ԱՄՆ պաշտոնյաները կարող են Ադրբեջանի հետ հանդիպումներում մշտապես հղում կատարել Կոնգրեսի դիրքորոշմանը և կարևորել երկկողմ հարաբերություններում այդ բանաձևերի դրույթների կյանքի կոչումը և նաև Ամերիկայի կողմից ընդունումը։

Սա, կարծում եմ` ճանապարհ կարող է բացել ամերիկյան քաղաքականությանը համադրվող քաղաքականություն վարող այլ երկրներում համանման օրինագծերի ընդունմանը՝ օրինակ, կարող է լինել Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և այլն, որոնք կարծես թե միասնական արտաքին քաղաքական կուրսեր են որդեգրում»,- հավելեց հայ գերիների ներկայացուցիչը։

Խոսելով առհասարակ Թրամփի՝ մեր տարածաշրջանում որդեգրած քաղաքականության համատեքստում գերիների վերադարձի հնարավորության մասին, եթե այդ հարցը չներառվեց, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրում, Սիրանուշ Սահակյանը մանրամասնեց․ «Կարծում եմ՝ 2 զուգահեռ պրոցեսներ է գնում։ Թեև խաղաղության համաձայնագրում այս կետը բացակայում է, սակայն ամերիկյան վարչակազմը նաև այս ճանապարհով վերահաստատում է իր ներգրավվածությունը խնդրի լուծմանը, ինչը կբարձրացնի վստահելիությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։

Եթե այս տարրն անտեսվի, ինչը ֆորմալ տեքստում անտեսված է, կարծում եմ՝ խաղաղության խոստումը դժվար իրագործելի, կենսագործելի կլինի։ Դա առավելապես կմնա ցանկության, երազանքի մակարդակում, սակայն ժողովուրդների համագոյակցության համատեքստում շոշափելի չեն լինի խաղաղության արդյունքները։ Դրա համար ես տեսնում եմ, որ կարծես թե համադրվող զուգահեռ քաղաքականություն է վարվում»։

Ի դեպ, նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսում բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է Բրեդ Շերմանը:

Հաղորդվում է, որ ներկայացուցիչ Շերմանը նաև պատանդների ազատ արձակումը որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի անմիջական մաս:

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,- նշել է նա։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930