
Պատմական հակառեկորդ. 18 մլրդ դոլար պարտքը՝ բանկերին

Վերջին 7 տարիներին իշխանությունները երկիրը բառացիորեն վերածել են վարկային գաղութի։ «Կոռուպցիայի դեմ պայքարի», «տնտեսական աճի» ու «բարեկեցության» վերաբերյալ բարձրագոչ խոսքերը են ասում, բայց չեն ասում, որ տնտեսությունը զարգացնելու, ներդրումներ բերելու, արդյունաբերական ներուժը ավելացնելու փոխարեն՝ քաղաքացուն ու երկիրը մխրճել են վարկային ճահճի մեջ։ Տարիներ, անգամ տասնյակ տարիներ են պետք այդ ճահճից դուրս գալու համար, եթե, իհարկե, դա էլ հաջողվի։
Հարյուր-հազարավոր քաղաքացիներ այսօր տառապում են բանկերի վարկերի տակ։ Արդեն գրեթե 300 հազար անհուսալի վարկ ունեցողներ կան։
Անհուսալի վարկ ունեցողները տարեցտարի ավելանում են, որովհետև վարկերն ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները։
Եթե 2018 թվականին քաղաքացիներին ու տնտեսությանը բանկերի տրամադրած վարկերը կազմում էին ընդամենը 2.8 տրիլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով համարժեք էր 5.8 մլրդ դոլարի, այսօր հասել է 7 տրիլիոնի։
7 տրիլիոնը ներկա փոխարժեքով գերազանցում է 18 մլրդ դոլարը։ Տնտեսությունն ու քաղաքացիներն այսօր այդքան պարտք ունեն բանկերին։
Այդ պարտքերի մեծ մասը գոյացել են վերջին 7 տարիներին։ 7 տարում բանկերի վարկերն ավելացել են 4.2 տրիլիոն դրամով կամ 11 մլրդ դոլարով։
Սա իսկապես պատմական ռեկորդ է։ Բայց այդպիսի ռեկորդներն իշխանություններին հպարտանալու առիթ չեն տալիս։
Ամենասարսափելին այն է, որ այդ վարկերը գնացել են ոչ թե տնտեսությունը զարգացնելու, նոր արտադրություններ ստեղծելու, նոր գործարաններ բացելու, այլ շատ հաճախ կենցաղային խնդիրներ լուծելու համար։
Մարդիկ երբեմն վարկ են վերցնում ոչ թե նոր արժեք ստեղծելու, այլ հաց գնելու, կոմունալները մարելու, երեխաներին հագցնելու համար։ Այդպիսին են հատկապես սպառողական վարկերը, որոնք վերցնում են գոյատևելու, առօրյա ծախսերը հոգալու նպատակով։
Սա ամենավտանգավոր ուղին է, որովհետև նմանատիպ պարտքերը հիմնականում տնտեսական էֆեկտ չեն ունենում, բացի այդ, մեծացնում են սոցիալական ճնշումը։
Ընտանիքները, որոնք միաժամանակ ունեն հիփոթեք և սպառողական վարկեր, իրենց եկամուտների զգալի մասն ուղղում են վարկային տոկոսները մարելուն։ Դա նշանակում է, որ խիստ սահմանափակվում է նրանց սպառողական ներուժը, նվազում է բազմաթիվ այլ անհրաժեշտ ծախսեր կատարելու կարողությունը, մարդիկ հայտնվում են մշտական ֆինանսական լարվածության մեջ։
Այսպիսի հասարակությունները սովորաբար ավելի խոցելի են դառնում տնտեսական ցանկացած ցնցման նկատմամբ։ Պատկերացրեք, որ վաղը Հայաստանը հայտնվի տնտեսական կամ ֆինանսական ճգնաժամի մեջ՝ իր սոցիալական հետևանքներով։ Նվազեն մարդկանց եկամուտները, իսկ վարկային ծանր բեռը շարունակի պահպանվել։ Շատերը կանգնելու են անձնական գույքով վարկերը փակելու փաստի առաջ։
Նման ճգնաժամերից ոչ մի երկիր ապահովագրված չէ, առավել ևս՝ Հայաստանը։ Վերջին տարիներին իշխանությունները մի շարք ոլորտներում այնպիսի բուրգեր են ստեղծել, որոնք անգամ թեթև ցնցումից կարող են փլվել՝ ներքաշելով ոչ միայն բազմահազար քաղաքացիների, այլև առանձին համակարգեր։ Ի՞նչ է լինելու հետո, դժվար է անգամ պատկերացնելը։
Քաղաքացիների վրա ծանրացած վարկային բեռը, միայն 1-2 վարկերի գծով, անցած 7 տարվա ընթացքում աճել է ավելի քան 3.8 անգամով։
7 տարի առաջ սպառողական ու հիփոթեքային վարկերը 840 մլրդ դրամի սահմաններում էին, հիմա հասել են 3.2 տրիլիոնի։
Այն ժամանակ քաղաքացիները բանկերին 1.7 մլրդ դոլարի պարտք ունեին, այժմ այդ պարտքը գերազանցում է 8.3 միլիարդը։ 7 տարում աճել է 6.6 մլրդ դոլարով։ Ամեն տարի գրեթե 1 միլիարդի վարկային բեռ են ավելացրել քաղաքացիների վրա։ Չնայած քաղաքացիների վարկային բեռը միայն հիփոթեքով ու սպառողական վարկերով չի սահմանափակվում։ Կան նաև այլ վարկեր, որոնք պակաս մեծ գումարներ չեն կազմում։
Եթե գոնե այս գումարները գնային տնտեսություն, նպաստեին տնտեսության զարգացումներին ու քաղաքացիների եկամուտների ավելացմանը, դեռ կարելի էր հասկանալ։ Բայց տնտեսությունը, առավել ևս՝ տնտեսության արդյունաբերական հատվածը, շատ քիչ բան է ստացել այս հսկայական գումարներից։
Յոթ տարում արդյունաբերությանն ուղղված վարկերն ավելացել են ընդամենը 94 մլրդ դրամով։
11 մլրդ դոլարից հազիվ 240 մլն դոլարն է գնացել արդյունաբերություն։
Այնպես չէ, որ արդյունաբերության մեջ այնքան ներդրումներ են կատարվել, այնքան ֆինանսական այլ հոսքեր են ապահովվել, որ այդ գումարների կարիքը չի եղել։ Եղել է, այն էլ ինչքան։ Անգամ պաշտոնական տվյալներն են վկայում, որ վերջին տարիներին իրական տնտեսությունից ներդրումների փախուստ է տեղի ունենում։ Ներդրողները հանում են իրենց միջոցներ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Պետական մակարդակով «ռեկետ» են իրականացնում ներդրողների նկատմամբ, հետո էլ բարձր ամբիոնների առաջ կանգնած՝ հպարտանում են, թե՝ տեսեք, փայ ենք մտել հայտնի ընկերություններում։ Չեն հասկանում, որ դրանով ոչ թե լավություն են անում հասարակությանը, տնտեսությանը, այլ վատություն։ Ներդրողները, որոնք պիտի գային տնտեսություն զարգացնելու, նոր արտադրություններ բացելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու համար, նման հայտարարություններից հետո զգաստանում են, ներդրումներ կատարելուց առաջ մեկ անգամ էլ ծանր ու թեթև են անում։
Այսքանից հետո տարակուսում են, որ Հայաստանում ներդրումներ չեն կատարվում։
Ներդրումներ չեն կատարվում՝ քիչ է, իրական տնտեսությանը վարկեր էլ չեն տրամադրում։ Հետևանքը տեսնում ենք՝ տնտեսության արտադրական ներուժը չի ավելանում։ Դրա փոխարեն՝ ինչպես պետությունը, այնպես էլ՝ հասարակությունն ապրում են վարկերի հաշվին։ Այն էլ՝ թանկացող վարկերի հաշվին։
Ի հեճուկս իշխանությունների ժամանակին արած այն պնդումներին, թե վարկերն էժանացել են ու շարունակելու են էժանանալ, վարկերը Հայաստանում գնալով թանկացել են։ 7 տարի առաջ 1 տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքները 12 տոկոսի սահմաններում էին, այսօր հասնում են 15 տոկոսի։
Սա նշանակում է, որ վարկառուների վարկային բեռը ոչ միայն անվանական արտահայտությամբ է ավելացել, այլև ծանրացել է՝ տոկոսների բարձրացման միջոցով։ Սրանով շատերը դարձել են շահույթի ապահովման առատ աղբյուր բանկերի համար, որին աջակցել ու օժանդակել են իշխանությունները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ