Մնաց՝ մեզ էլ տա ադրբեջանցիներին՝ պրծնի, կգնամ ընտրության, որ գոնե մի ձայն էս իշխանությունից տանեմ․ Հարցում

Տարբեր կազմակերպություններ վերջին շաբաթներին հրապարակային կամ փակ հարցումներ են իրականացնում՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, նախընտրական տեղաշարժերը գնահատելու, քաղաքական ուժերի դիրքավորումը հստակեցնելու համար։

Մինչ օրս հասանելի դարձած նմանատիպ բոլոր հարցումներում կարմիր գծով անցնում է անվտանգային ռիսկերի շուրջ քաղաքացիների մտահոգությունը։

Ավելին, անգամ IRI-ի 2026 թվականի փետրվարի հարցման համաձայն՝ «Ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրներ» կետն առաջին տեղում է։ Նկատենք, սա այն միջազգային ինստիտուտն է, որը ՔՊ-ին ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վստահության համեմատաբար բարձր տոկոս էր արձանագրել։

168am-ը պարբերաբար հարցման ձևաչափով զրուցում է քաղաքացիներ հետ, լսում նրանց մտահոգությունները, ակնկալիքները։ Այս անգամ փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվել ենք՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունե՞ն, և եթե՝ այո, ապա ի՞նչ են ուզում փոխել իրենց քվեով։

Կարդացեք նաև

Նկատենք, որ մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքացիները խոսում էին նաև խաղաղության ու անվտանգության մասին շեշտադրումներով։

«Ընտրություններին մասնակցելու եմ․․․ Ակնկալիքս է, որ երկրին խաղաղությունը լինի, ժողովուրդը կարողանա ապրի,- նշեց մի կին, որը զարմանքով հակադարձեց մեր դիտարկմանը, թե՝ ասում են, որ մենք արդեն իսկ խաղաղ երկրում ենք,- Վա՛հ, էդ ամենը խաբուսիկ բաներ են»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ մասնակցում է՝ ակնկալելով, որ ամեն ինչ կփոխվի։

Հստակեցմանը՝ ինչի՞ց է հատկապես դժգոհ՝ նա արձագանքեց․ «Ամեն ինչից»։

Թոշակների բարձրացման մասին իշխանությունների ներբողին տիկինը զայրույթով արձագանքեց՝ հիշեցնելով․ «Իմ թոշակը 64.000 դրամ է։ Ես մենակ եմ ապրում, ամենամեծ ծախսը կոմունալն է․ այս ամիս 40.000 դրամ եմ ծախսել, ի՞նչ է մնում տակը։ Շատ բան է ասել Նիկոլ Փաշինյանը։ Իրականությունն ուրիշ է․․․»։

Մեր հարցմանը մասնակից մի տղամարդ հույս հայտնեց, որ ընտրությունների միջոցով կփոխվի իշխանությունը։

Թե հատկապես ինչի՞ց է դժգոհ՝ մեր հարցին ի պատասխան՝ նա մտահոգ հավելեց․ «Ամեն ինչից, ինչի՞ց գոհ լինեմ․ մնացել է՝ մեզ էլ տա ադրբեջանցիներին, պրծնի»։

«Սամվել Կարապետյանին իշխանության տեսնելու ակնկալիքով», «Ուզում եմ ապրել անվտանգ, ապահով, տնտեսապես կայուն երկրում», «Ուզում եմ այս իշխանություններից ազատվել», «Իհարկե, պիտի գնամ ընտրության, որ գոնե մի ձայն էս իշխանությունից տանեմ»,- ընտրություններին մասնակցելու իրենց շարժառիթները հակիրճ ներկայացրին մի քանի այլ քաղաքացիներ։

Երիտասարդները հիմնականում խուսափում էին հարցերին պատասխանել, իսկ եթե համաձայնում էին զրուցել, նշում էին՝ չեն մասնակցելու ընտրություններին։

«Ինչո՞ւ» հարցին ի պատասխան՝ միայն մեկը համաձայնեց պարզաբանել տեսախցիկի առաջ․

«Չեմ կարծում, որ իմ քվեով ինչ-որ բան կփոխվի, բայց նախ կուզեի՝ ազգայինը պահպանվեր, ինչը հիմա շատ վտանգված է։ Արժեքներ կան, որ հային բնորոշ են, բայց այսօր չկան։ Կարծում եմ՝ դա իշխանությունից է գալիս։
Եթե երիտասարդությանը հայ լինելուց սկսել են կտրել, ինձ չի թվում, որ այդ նույն երիտասարդի 1 ձայնը կարող է ինչ-որ բան փոխել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս