Հայաստանը՝ «մաքսային պահեստ». Գևորգ Պապոյանը պայթեցրեց տնտեսական փուչիկը՝ արտահանման կեսը մերը չէ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս փորձելով գովաբանել իշխանության տնտեսական քաղաքականությունը, ակամայից բացահայտեց, որ Հայաստանից իրականացվող արտահանումների գրեթե կեսը հայկական ծագում չունի։ Այլ կերպ ասած՝ վերաարտահանումներն են։
Այլ երկրներից ներկրված ու Հայաստանի միջոցով արտահանված ապրանքները, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի տնտեսության հետ, բայց երևում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների մեջ՝ վերջին տարիներին թողնելով արտահանման ու տնտեսական «հեղափոխական» աճերի տպավորություն։
Վերաարտահանումները Հայաստանից ակտիվացան այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց համատարած տնտեսական սահմանափակումների տակ։ Իշխանությունները միշտ չէ, որ դա խոստովանում են, հատկապես, երբ պատժամիջոցներ կիրառող երկրներն էլ այն չնկատելու են տալիս կամ աչք են փակում, բայց փաստ է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներից հետո, վերաարտահանումները դարձել են մեր տնտեսության ու արտահանման անբաժանելի մասը։ Հայաստանի միջոցով այլ երկրներից մեծածավալ մատակարարումներ են իրականացվում՝ ինչպես ռուսական շուկա, այնպես էլ՝ ռուսական ապրանքների վերաարտահանումներ այլ երկրներ։
Դրա արդյունքում էր, որ Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները մի քանի տարի բարձր տեմպերով աճում էին։ Անցած տարի, իհարկե, անկում գրանցվեց, բայց դա չի նշանակում, թե վերաարտահանումներն իսպառ դադարել են։ Նախկինի նման, Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ոչ հայկական ծագման ապրանքների վերաարտահանում է իրականացվում, ինչը փաստում է նաև էկոնոմիկայի նախարարի գրառումը։
Դժվար է ասել, թե ինչի՞ վրա են հիմնված Գևորգ Պապոյանի հաշվարկները, բայց համարենք, որ դրանք ճիշտ են ու դրանց համաձայն՝ 2025թ. Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 462 մլն դոլարի հայկական ծագման ապրանք։ Այն պարագայում, որ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից իրականացվել է 8 մլրդ 395 մլն դոլարի արտահանում։
Եթե 4 մլրդ 462 միլիոնը հայկական ծագման ապրանքներ են, ապա ստացվում է՝ 3 մլրդ 933 միլիոնը կամ կեսից մի փոքր քիչը եղել են ոչ հայկական ծագման, այստեղից-այնտեղից բերված ու վերաարտահանված ապրանքները։ Այդ ապրանքները չեն արտադրվել Հայաստանում, Հայաստանի տնտեսության մեջ, բայց արտացոլված են Հայաստանից արտահանման ցուցանիշներում։
Դրա արդյունքում է անցած տարի Հայաստանից արտահանումը կազմել շուրջ 8.4 մլրդ դոլար։ Առանց դրա՝ գրեթե կիսով չափ պակաս կլիներ։
Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի դեմ միջազգային սանկցիաների կիրառումն էլ Հայաստանից որոշակի քանակությամբ վերաարտահանումներ իրականացվել են, բայց դրանց ծավալները մեծ չեն եղել՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի կարգի։ Օրինակ, 2021թ. Հայաստանից արտահանվել էին 3 մլրդ դոլարից մի փոքր ավելի ապրանքներ, որոնց մեջ՝ դատելով Գևորգ Պապոյանի հրապարակած տվյալներից, ոչ հայկական ծագման ապրանքները կազմել էին 424 մլն դոլար։ Արդեն անցած տարի 9.2 անգամ ավելի են եղել։ Դրանից առաջ՝ անհամեմատ ավելի շատ։ 2024թ. Հայաստանից իրականացված արտահանումների մեջ վերաարտահանումների բաժինը եղել է շուրջ 69 տոկոսը։
Ավելի քան 13.1 մլրդ դոլար ապրանքների արտահանումից գրեթե 9.1 միլիարդը հայկական ծագում չի ունեցել։ Հայաստանից արտահանված ապրանքների մեջ հայկական ծագում չունեցողները 222 տոկոսով գերազանցել են հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանմանը։
Այսպես են ստացվել արտաքին առևտրի այն ռեկորդային աճերը, որոնցով տարիներ շարունակ հպարտանում են Հայաստանի կառավարիչները։ Այդ աճերը Հայաստանի տնտեսության հետ կապ չեն ունեցել, բայց ներկայացվել են Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշներում։
Անցած տարի Հայաստանի՝ ինչպես արտաքին առևտուրը, այնպես էլ՝ արտահանումը մեծապես կրճատվեց։ Արտահանման անկումը կազմեց ավելի քան 36 տոկոս, չնայած, ինչպես տեսնում ենք, բավական մեծ ծավալի վերաարտահանումներ են իրականացվել։
Ինչպես նախկինում, դրանց մեջ մեծ կշիռ են կազմել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։ Խոսքն առաջին հերթին՝ հայտնի ոսկու վերաարտահանումների մասին է։ Ճիշտ է, անցած տարի նախկին քանակները չեն եղել, այնուհանդերձ այդ ապրանքների միլիարդների արտահանում-վերաարտահանում է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ 2.8 մլրդ դոլարից ավելի։ Նախորդ տարի 8 միլիարդից անցնում էր։ Ավելի քան 5 միլիարդով կրճատվել է, ինչն էլ հանգեցրել է Հայաստանից արտահանումների ավելի քան 36 տոկոս անկման։
Նախկինում, երբ դեռ ոսկու հայտնի վերաարտահանումները չկային, Հայաստանից թանկարժեք քարերի ու մետաղների, վերջին տարիների հետ համեմատած, չնչին արտահանում էր իրականացվում՝ ընդամենը 300-400 մլն դոլարի սահմաններում։ Օրինակ, 2021թ. կազմել էր 333 մլն դոլար՝ գրեթե 9 անգամ պակաս, քան անցած տարի, 24 անգամ պակաս, քան 2024թ.։
Դժվար չէ պատկերացնել, թե կարճ ժամանակում ինչ հսկայական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի արտաքին առևտրում՝ ոսկու վերաարտահանումներով պայմանավորված։
Արտաքին առևտրում նշանակալի է նաև, այսպես կոչված՝ մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների վերաարտահանման դերը։ Անցած տարի Հայաստանից այդ ապրանքների արտահանումը հասել է 1 մլրդ 324 մլն դոլարի։ Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը, Հայաստանից չնչին քանակությամբ այդպիսի ապրանքներ էին արտահանվում։ 2021թ. համեմատ, անցած տարի դրանց արտահանումը 22 անգամով ավելացել է։ Ու կրկին խոսքը հիմնականում այն ապրանքների մասին է, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Դրանց արտահանումն ավելացել է գերազանցապես վերաարտահանումների հաշվին։
Վերաարտահանումների արդյունքում է, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտուրը, այդ թվում՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը, կտրուկ աճել է։ Բայց այդ աճերը շատ դեպքերում առնչություն չունեն Հայաստանի տնտեսության ու հայկական ապրանքների արտահանման հետ, չնայած հաճախ փորձում են այդպես ներկայացնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



