Սպառողական վարկերի ակտիվացումը սպասելի էր՝ հաշվի առնելով մի կողմից՝ հիփոթեքի պասիվացումն ու բանկերում ազատ միջոցների ավելացումը, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ հիմա էլ քաղաքացիները ստիպված սպառողական վարկեր են վերցնում՝ հիփոթեքով ձեռք բերված բնակարանները վերանորոգելու ու կահավորելու համար, այդ ճանապարհով ավելի խորացնելով վարկային շուկայի ռիսկերը։ Հատկապես որ, սպառողական վարկերի բեռը շատ ավելի ծանր է, ու դրանով պայմանավորված ռիսկերն անհամեմատ ավելի մեծ են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
Կենտրոնական բանկը փետրվարի 13-ին հրապարակել էր «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որում նշված էր, որ ԿԲ-ն մտադիր է առաջիկա տարիներին ուժեղացնել հիփոթեքային և սպառողական վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։
Բանկերի վարկերի երկու ամենախոշոր հատվածները, որոնց բաժին է ընկնում վարկային ընդհանուր պորտֆելի գրեթե կեսը՝ հիփոթեքն ու սպառողական վարկերն են։ Դրանք վարկեր են, որոնք ծանրացած են քաղաքացիների վրա։ Թեև քաղաքացիների վարկային բեռը միայն այդ երկու շուկաներով չի սահմանափակվում։ Այն ավելի մեծ է և ընդգրկում է նաև այլ վարկային շուկաներ
2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:
Հիպոթեքի նման արագ աճը տաքացրել է շուկան։ Վերջին ամիսներին այստեղ նաև այլ գործոններ են ի հայտ եկել՝ կապված դրամի անսպասելի արժևորման հետ։