Կենտրոնական բանկն էլ է միացել իշխանության քաղաքական արշավին

Կենտրոնական բանկը պատրաստվում է իր «ներդրումն» ունենալ իշխանության քաղաքական օրակարգի սպասարկմանը։ Ընտրություններից 3 ամիս առաջ որոշել են նվազեցնել բանկերի միջնորդավճարները։

Խոսքը բանկային քարտերով կատարվող առևտրի ու այլ վճարումների ժամանակ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների մասին է։

Տարիներ շարունակ բանկերը բարձր միջնորդավճարներ են գանձում ՊՈՍ տերմինալներով ծառայությունների մատուցման համար, տնտեսավարողները տարիներ շարունակ բողոքում են բանկերի սահմանած բարձր միջնորդավճարներից, որոնք երբեմն հասնում են ընդհուպ 3-4 տոկոսի, բայց Կենտրոնական բանկն ընտրություններից առաջ նոր հիշել է, որ ունի կարգավորող լծակներ և կարող է միջամտել ու հարկադրել բանկերին՝ նվազեցնել բանկային քարտերով կատարվող առևտրային փոխանցումների միջնորդավճարները։

Կարծում եք, այս համընկնումը պատահակա՞ն է։ Իհարկե, նման պատահականությունների դժվար է հավատալ։

Կարդացեք նաև

Վերջին տարիներին իշխանություններն ամեն ինչ արել են բանկերին հարստացնելու համար։ Ներկայացրել են, թե տնտեսությանն ու քաղաքացիներին են օժանդակում, բայց իրականում օժանդակել են բանկերին։ Պետական բյուջեի միջոցներով սուբսիդիաներ տրամադրելով՝ բարձր վարկային պահանջարկ են ձևավորել, որից օգտվել են առաջին հերթին՝ բանկերը։

Վարկային պահանջարկն արհեստական բարձր պահելու հետևանք է, որ վարկերի տոկոսները չեն նվազում։ Դրանից բանկերը հսկայական շահույթներ են ստացել ու ստանում։ Բանկային համակարգի մաքուր շահույթներն անցել են տարեկան անգամ 1 մլրդ դոլարից, ինչը, Հայաստանի չափանիշներով, աստղաբաշխական գումար է բանկերի ու նրանց սեփականատերերի համար։ Բայց դրան բանկերը հասել են ոչ այնքան այն բանի շնորհիվ, որ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատանքի արդյունավետությունը, բանկային ծառայությունների որակը, համատարած նոր պրոդուկտներ են ներդրել, այլ վարկերի տոկոսներն ու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները բարձր պահելու միջոցով։

Ընտրություններից առաջ եկել է փոխհատուցման ժամանակը։ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է սահմանափակել անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների միջնորդավճարների չափերը։ Որոշ տնտեսավարողների համար առավելագույն սահմանաչափեր են դրվել, որից այն կողմ բանկերը չեն կարող գանձումներ կատարել փոխանցումների ժամանակ։

««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ և շուկայում աճող մրցակցության պայմաններում, քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեպքում, անկանխիկ վճարումների աճը չի հանգեցրել միջնորդավճարների նշանակալի նվազման:

Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել քաղաքականության միջամտությամբ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտների սպասարկումն իրականացնելու նպատակով»,- բանկային քարտերով կատարվող առևտրի միջնորդավճարների չափերի վրա սահմանափակում դնելն այսպես է պատճառաբանել Կենտրոնական բանկի խորհուրդը:

Մինչև 150 միլիոն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ՊՈՍ տերմինալներով քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր․ «Արմենիան Քարդ» վճարային համակարգի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույն շեմը սահմանվել է 0,5 տոկոս։ Միջազգային քարտային համակարգերի քարտերով իրականացվող գործարքների դեպքում էլ առավելագույնը սահմանաչափ է համարվել 0,9 տոկոսը։

Այն տնտեսվարողների համար, որոնց ՊՈՍ տերմինալներով իրականացված ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 հազար դրամը, սահմանվել են ֆիքսված առավելագույն միջնորդավճարներ՝ կախված գործունեության վայրից. Երևանում առավելագույն միջնորդավճարը մինչև 4600 դրամն է, մարզային քաղաքներում՝ մինչև 3 հազար դրամը, գյուղական բնակավայրերում՝ մինչև հազար դրամը։

Իր այս որոշումը ԿԲ խորհուրդը հիմնավորել է նրանով, որ կարևորում է փոքր և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների մատչելիությունը, ուստի շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու մրցունակ, թափանցիկ և ներառական վճարային միջավայր Հայաստանում։

Կենտրոնական բանկի այս քայլն, անշուշտ, կարող է թեթևացնել փոքր բիզնեսի ֆինանսական բեռը։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան․ եթե դա հնարավոր էր անել այսօր, ինչո՞ւ հնարավոր չէր անել մեկ, երկու կամ երեք տարի առաջ։ Ինչո՞ւ այդ նույն փոքր բիզնեսը տարիներ շարունակ պետք է վճարեր բարձր միջնորդավճարներ, որպեսզի բանկերը միլիարդավոր դրամների շահույթներ ստանային։

Նույն տրամաբանությամբ գո՞ւցե մի որոշում էլ պիտի ընդունեին վարկային տոկոսների վերաբերյալ, շեմեր սահմանեին, ստիպեին նվազեցնել տոկոսադրույքները։ Չէ՞ որ, բանկերը վարկային տոկոսներն էլ չեն նվազեցնում, չնայած վարկերի բարձր ակտիվությանը։ Եթե Կենտրոնական բանկն այսօր ընդունում է, որ շուկան ինքնուրույն չի ապահովել արդար սակագներ փոքր տնտեսվարողների համար, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի կիրառվում վարկային տոկոսադրույքների դեպքում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայտնի չեն, առավել ևս՝ մի տեսակ չեն բխում շուկայական գնագոյացման ու մրցակցային կանոններից։ Բայց դա չի խանգարել, որպեսզի ընտրություններից առաջ Կենտրոնական բանկի խորհուրդը սեփական որոշմամբ սպասարկի իշխանության քաղաքական օրակարգը։

Կենտրոնական բանկի խորհրդի այդ որոշման գինը 2 մլրդ դրամ է գնահատվում։ Հայտնի չէ, թե այն ինչի՞ հաշվին պիտի փոխհատուցվի։ Եթե նախկինում բանկերը չարաշահել են իրենց դիրքը և արհեստական բարձր միջնորդավճարներ են կիրառել, դրա համար պետք է պատժվեին։ Հակառակ պարագայում՝ պարզ չէ, թե ո՞վ պետք է վճարի այդ գինը։ Հազիվ թե վճարողը բանկերը լինեն։ Սրանից, մեկ այլ տեղում, միևնույն է՝ էլի հաճախորդներն են տուժելու։ Բայց այս փուլում, ընտրություններից առաջ, Կենտրոնական բանկի խորհուրդն էլ իր միջոցներով կսպասարկի իշխանության քաղաքական շահը՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան են մտածում փոքր բիզնեսի մասին։ Տարիներ շարունակ թողել են, որ փոքր բիզնեսի հաշվին բանկերը միլիարդներ աշխատեն, ընտրություններից առաջ դարձել են փոքր բիզնեսի պաշտպան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս