ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. Վենսը և ռուսական շահերը (մաս I)
Փետրվարի 9-11-ը Հարավային Կովկաս էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ սահմանափակվելով Հայաստան և Ադրբեջան այցելություններով և անտեսելով Վրաստանը: Փետրվարի 4-7-ը Երևանը շտապ կազմակերպել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, ամենայն հավանականությամբ, նման զուգադիպությունը պատահական չէ:
ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը տեղեկացրել է՝ Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ իր այցի մասին պայմանավորվել էր ընդամենը տասն օր առաջ, հավանաբար այն ժամանակ, երբ պարզվեցին ԱՄՆ փոխնախագահի ժամանման ժամկետները:
Այլ կերպ ասած` երկու այցերը կապված էին այնպես, որ Սիմոնյանի Մոսկվա կատարած ուղևորությունը միախառներ այն համաձայնագրերը, որոնք ծրագրել էր ստորագրել Հայաստանի վարչապետը Վենսի այցի ընթացքում: Ակնհայտ է՝ Փաշինյանն ու իր թիմն իզուր չէին վախենում Ռուսաստանի արձագանքից, քանի որ, անկախ ամեն ինչից, Մոսկվան շարունակում է մնալ Երևանի առանցքային առևտրային գործընկերը, և փոխհարաբերությունների բարդացումը հղի է տնտեսական բացասական հետևանքներով, առաջին հերթին՝ Հայաստանի համար:
ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի նախերգանքը
Այդ համատեքստում Սիմոնյանը պետք է ստանձներ շանթարգելի դեր՝ իր վրա վերցնելով հայ պաշտոնյայի նախորդ բոլոր հակառուսական արտահայտությունների մեղքը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի տարի շարունակ փորձում է Ռուսաստանը ներկայացնել գրեթե որպես Հայաստանի պայծառ ապագայի ճանապարհին գլխավոր խոչընդոտ. իբր Ռուսաստանն ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, իսկ փրկությունը՝ դեպի արևմուտք և Թուրքիա շրջադարձի մեջ է։
Սակայն հաշվի առնելով մոտեցող ընտրությունները և Հայաստանի վրա Ռուսաստանի ուժեղ տնտեսական ազդեցությունը՝ վերջինիս իշխանությունները Երևանի ընդհանուր արևմտամետ ուղեգծով փորձում են իրավիճակային կերպով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ստանալ հենց ՌԴ կենտրոնացած ամենամեծաթիվ հայկական սփյուռքի աջակցությունը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կրելու են սկզբունքային բնույթ։ Փաստորեն խոսքը հանրապետության ապագայի մասին է. կպահպանի՞ Փաշինյանի թիմը իշխանության հիմնական լծակների վերահսկողությունը՝ չնայած ԵՄ-ի կողմնակալությանը և պատմականորեն վիճահարույց աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանը դեպի Թուրքիա։
Սիմոնյանի այցին ընդառաջ Մոսկվայի հայկական սփյուռքի ղեկավարները բողոքի ակցիա են կազմակերպել Հայկական նրբանցքում գտնվող դեսպանատան մոտ՝ պահանջելով դադարեցնել ճնշումը հոգևորականների վրա, ինչպես նաև աջակցել են Գարեգին Բ կաթողիկոսին, որի հետ Փաշինյանը կոնֆլիկտի մեջ է: Բացի այդ հայ-ռուսական համագործակցության պաշտպանությանը նվիրված հասարակական կազմակերպության կայքում տեղադրվել է նախազգուշացնող հոդված այդ այցի իրական նպատակների մասին։
Փորձագետները նշում են՝ «հյուսիսից սպառնալիքների» մասին հայտարարությունները հայկական իշխանություններն օգտագործում են որպես ներքին և արտաքին քաղաքականության գործիք: Մասնագետների կարծիքով՝ Երևանի ներկայիս կուրսը չի կարելի բազմավեկտոր անվանել. որոշումները կոնյունկտուրային բնույթ են կրում և ուղղված են, առաջին հերթին, իշխանության պահպանմանը: Ընդ որում, ընդգծվում է՝ չնայած Ռուսաստանի հետ համագործակցության տնտեսական օգուտներին, հայկական ղեկավարությունը շեշտը դնում է Արևմուտքի հետ մերձեցման վրա։ Վերլուծաբանները կարծում են՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների հետագա սառեցումը ներկայիս քաղաքականության պահպանման պայմաններում անխուսափելի է, իսկ հնարավոր կարգավորումը կապված է Հայաստանի ներքին քաղաքականության փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:
Ռուսաստանի հավակնությունները Սիմոնյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայկական պատվիրակությանը հիշեցրել են երևանցի քաղաքական գործիչների վերջին հայտարարություններն իբր նախապատրաստվող «հյուսիսից հարձակումների», ՀԱՊԿ-ի կողմից «էքզիստենցիալ սպառնալիքի», ինչպես նաև երկու երկրների հանրային տարածքում «անվստահություն և թշնամանք սերմանող» ուժերի մասին: Ասել է թե՝ Մոսկվայում Սիմոնյանին հասկացրել են, որ նման հռետորաբանությունն իր հետևանքներն ունի։ Դիվանագիտական լեզվով սա հնչում է այսպես. «պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ի վնաս ավանդական դաշնակիցների հետ համագործակցության»։
Սիմոնյանի այցը լուսաբանեց նաև մեկ այլ թեմա՝ Երևանի հաշվարկված դիվանագիտական ռազմավարությունը՝ միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միությունում և ինստիտուցիոնալ մերձենալ Եվրոպական միության հետ: Հանդիպմանը Լավրովը, խոսելով Եվրամիության նկատմամբ ԵԱՏՄ – ի առավելությունների մասին, հիշեցրել է՝ 2015 թվականին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը 2,5 անգամ ավելացրել է իր ՀՆԱ-ն՝ 10,5 մլրդ դոլարից մինչև 26 միլիարդ դոլար, իսկ դեպի ԵԱՏՄ երկրների շուկաներ հայկական արտահանման ծավալն աճել է 13 անգամ։ Անդամակցությունն այդ միությանը, այն է՝ մաքսատան բացակայությունը, արգելապատնեշ միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի խոշոր շուկա, այս ամենը հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և պատճառ է հանդիսացել այն տնտեսական թռիչքին, որն այսօր նկատվում է երկրում։ Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճով երկրորդ տեղում է։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, թե որքան կկորցնի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում: Գազի եվրոպական գներին անցնելու դեպքում, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, երկրի տնտեսությունը կբախվի կանխատեսելի կոլապսի։ Գազի թանկացումն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա արտադրանքի, կոմունալ ծառայությունների և առհասարակ կյանքի արժեքի վրա, ինչը կհարվածի երկրի յուրաքանչյուր բնակչի։ Բացի այդ, հանրապետությունը կզրկվի Ռուսաստանի և մյուս անդամ երկրների կողմից մաքսային բոլոր արտոնություններից։ Հայաստանի քաղաքացիների վրա այլևս չեն տարածվի ԵԱՏՄ սոցիալական և հումանիտար արտոնությունները.դրանց թվում են և դիպլոմների ճանաչումը, և բժշկական օգնությունը, և Միության երկրներում աշխատանքի և ուսման համար հարմարեցման պարզեցված համակարգը:
Ի պատասխան Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԵՄ անդամակցության և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին մեկնաբանությանը՝ Սիմոնյանը, որ Երևանը դեռ չի ծրագրում դուրս գալ Եվրասիական ինտեգրացիայից և ակնկալում է գտնել բոլոր կողմերի համար շահավետ բանաձև: Սակայն, ըստ ամենայնի, նման համադրումը Երևանը պատրաստվում է պահպանել ոչ երկար՝ մինչև պայմաններ պատրաստվեն նվազագույն տնտեսական կորուստներով ԵԱՏՄ-ից դուրս գալու և հետագայում ԵՄ-ին միանալու համար։ Փորձագետներն ուղիղ ասում են՝ Հայաստանը ծրագրում է մնալ միության կազմում ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ դուրս գալու ժամանակ կորուստները նվազագույն չեն։ Իմ կարծիքով, դա գործընկերություն չէ, այլ գործընկերոջ օգտագործում:
Սիմոնյանը հերթական անգամ բարձրացրեց ՀԱՊԿ-ի թեման. «մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ չստացանք»: Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտին, ի պատասխան ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության/չմասնակցելու հարցում կողմնորոշվելու առաջարկին, Փաշինյանը կազմակերպությունից պահանջել էր նշել, թե որտեղ են անցնում իր երկրի սահմանները։ Հարցն, իրոք, պարզ չէ, և հազիվ թե դրան պետք է պատասխանի ՀԱՊԿ-ը, քանի որ Փաշինյանն ինքն է լուծել այդ հարցը, և թե որտեղ կանգ կառնի, հայտնի է միայն իրեն և Ալիևին։
Իսկ եթե Սիմոնյանը նկատի ունի 2022 թվականի սեպտեմբերը, երբ Ադրբեջանը շփման գիծը հատել էր Ջերմուկի շրջանում, ապա Հայաստանի կողմից հակամարտությանը ՀԱՊԿ-ի միջամտության համար Հանրապետության ղեկավարությունից նախ պահանջվում էր ռազմական դրություն և զորահավաք հայտարարել։ Հայաստանի իշխանությունների անգործությունը ցույց էր տալիս, որ իրենք իրավիճակն ընկալել են ոչ թե որպես «զինված հարձակում Հանրապետության վրա», այլ որպես սահմանային հակամարտություն։ Միևնույն ժամանակ, նրանք պահանջում էին հնարավորինս կոշտ քաղաքական գնահատական և ռազմական օգնություն Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ անդամների կողմից: Սակայն ՀԱՊԿ-ի դաշնակիցները արագ դադարեցված սահմանային հակամարտությունը չընկալեցին որպես զինված հարձակում։
Առանձին անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Մոսկվայի համար այս թեման ունի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական-խորհրդանշական նշանակություն։ Սիմոնյանը հայտարարել է եկեղեցու նկատմամբ հետապնդումների դեպքում անձամբ միջամտելու պատրաստակամության մասին, սակայն ընդգծել է, որ «հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերը կապված են բացառապես ենթադրյալ իրավախախտումների հետ»: Իմ կարծիքով՝, այս ամենն այնքան էլ այդպես չէ:
Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցը կարծես ժամանակ շահելու, լարվածությունը թուլացնելու և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մանևրելու տարածք ամրագրելու ձախողված փորձ լինի՝ չխզելով կապերը ոչ այս, ոչ այն կողմի հետ: Իրականում Հայաստանի խորհրդարանի խոսնակի անսպասելի այցը Մոսկվա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և միայն բարդացնում է երկրների միջև առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Երկու աթոռի վրա նստելու փորձը հետագայում կբերի բացասական արդյունքների, որոնց հիմնական հետևանքները կընկնեն հայ ժողովրդի ուսերին։
Միջուկային էէներգետիկա. գործարք Երևանում
Ջեյ Դի Վենսի շրջագայությունը Հարավային Կովկաս կարելի է անվանել արտառոց, քանի որ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահը այցելել է Հայաստան, իսկ Ադրբեջան նման կարգի քաղաքական գործիչ չի այցելել արդեն 18 տարի (2008թ. Դիկ Չեյնիի այցից ի վեր): Ըստ The Washington Post-ի՝ Վրաստանը չի ընդգրկվել Վենսի երթուղու մեջ, քանի որ «վերադարձել է Մոսկվայի ուղեծիր, փաստացի դադարեցրել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը», թեև նախկինում համարվում էր հետխորհրդային ամենաարևմտյան հանրապետություններից մեկը, որտեղ մայրաքաղաք Թբիլիսիում գլխավոր պողոտաներից մեկը կոչվում է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի անունով։
Այցի փաստն ակնհայտորեն մատնանշում է Հարավային Կովկասում Սպիտակ տան նոր առաջնահերթությունները։ Ամերիկյան ԶԼՄ-ները այցի գլխավոր նպատակն են համարել «Թրամփի ճանապարհի» (TRIPP) առաջխաղացումը, որը ռազմավարական տրանսպորտային միջանցք է, որը թույլ կտա շրջանցել Ռուսաստանն ու Իրանը: Սակայն այս թեման չի դարձել կենտրոնական։
Դիվանագիտական երթուղու առաջին կանգառը Հայաստանն էր։ Վենսի այցը Երևան հաստատեց վերլուծաբանների ենթադրություններն այն մասին, որ այն կկրի հակառուսական երանգ և նպաստելու է իշխող կուսակցության ընտրական ծրագրերին:
Նկատվում է կայուն և վտանգավոր միտում՝ արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչների այցերը Հայաստանում ներքաղաքական քարոզչության գործիք դարձնելը։ Այս անգամ Վենսի ժամանումը կոչված էր նպաստելու ԱՄՆ – ի՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու քաղաքականությանը, ինչի մասին է վկայում Վենսի և Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին «Համաձայնագիր 123» – ը։ Թուրքական Medya Günlüğü անկախ ինտերնետ-պարբերականի կարծիքով՝ սա փորձ է խզել Հայաստանի տեխնիկական և լոգիստիկ կապը Ռուսաստանի («Ռոսատոմի») հետ և կապել այն Միացյալ Նահանգների հետ։ Հիշյալ համաձայնագիրը ներառում է Հայաստանի ռազմավարական պարտավորությունը՝ գնել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք պետք է փոխարինեն Մեծամորի ԱԷԿ-ին։ Medya Günlüğü-ն արձանագրում է՝ «Համաձայնագիր 123»ը Հայաստանին դատապարտում է արևմտյան տեխնոլոգիաների հետագա 50 տարիների համար։
Այլ կերպ ասած՝ ամերիկացիները Հայաստանին փաստացի վաճառել են իրենց միջուկային ռեակտորները, որոնք ԱՄՆ-ում առայժմ մշակված են միայն նախագծերի մակարդակով, պարզ ասած՝ գոյություն ունեն «թղթի վրա»։ Մինչ այժմ ԱՄՆ – ն այս ոլորտում ոչ մի հաջողված նախագիծ չի ունեցել, և հերթական ձախողման դեպքում՝ այս անգամ Հայաստանում, դա հղի կլինի անկանխատեսելի բացասական հետևանքներով: Յուտայում NuScale Power Corp ստարտափը 2021 թվականին սկսեց կառուցել երկրի առաջին փոքր մոդուլային ռեակտորը (SMR)։ Այնուամենայնիվ, 2024 թվականին, այն բանից հետո, երբ ծախսերը բարձրացան 5 միլիարդ դոլարից մինչև մոտ 10 միլիարդ դոլար, նախագիծը փակվեց: Այսպիսով, Հայաստանը կդառնա փորձարարական և խիստ վտանգավոր փորձադաշտ սեյսմաակտիվ տարածաշրջանում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների գործարկման համար։
Միջուկային համաձայնագրի ստորագրման նման շտապողականությունը բացատրվում է Թրամփի նախագահական “Reactor Pilot Program” ծրագրի պայմաններով, որն իրականացնում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը 2025 թվականի մայիսին Թրամփի հրամանագրերից հետո։Մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը՝ ԱՄՆ-ի 250-ամյակը, նախատեսվում է մրցույթի հիման վրա ընտրել միջուկային ռեակտորների մշակման երեք լավագույն հայեցակարգերը, որոնց կտրամադրվի պետական ֆինանսավորում, որպեսզի ապահովվի երկրում տասը նոր միջուկային ռեակտորների կառուցումը մինչև 2030 թվականը։ Վերջերս կատարված հետաքննությունը ցույց տվեց՝ Թրամփի վարչակազմը գաղտնի վերաշարադրել է միջուկային կանոնները՝ կրճատելով շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները և թուլացնելով անվտանգության և պաշտպանության պահանջները: Նախագիծը արագացնելու համար կառավարությունը նոր կանոնները տարածել է փորձարարական միջուկային ռեակտորների ստեղծման ծրագրին մասնակցող ընկերությունների շրջանում, սակայն դրանք չի հրապարակել:
Փոփոխությունների են ենթարկվել հրամանները, որոնք սահմանում են «ռեակտորների շահագործման գրեթե բոլոր ասպեկտների պահանջները», մասնավորապես՝ անվտանգության համակարգերը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տարածքների պահպանությունը և վթարների հետաքննությունը: Նոր կանոնները թույլ կտան ավելի քիչ պաշտպանությամբ ռեակտորներ կառուցել։ Բացի այդ, աշխատողներին կարող են թույլատրվել ավելի երկար հերթափոխեր, այդ պատճառով նրանք կարող են սկսել ճառագայթման բարձր չափաբաժիններ ստանալ:
Քանի որ Թրամփի վարչակազմը զգալիորեն կրճատել է նոր սերնդի միջուկային ռեակտորների անվտանգության պահանջների ծավալը, ինչը հակասում է Միացյալ Նահանգների օրենքներին, դրանք (ռեակտորները) կփորձեն փորձարկել ԱՄՆ-ի սահմաններից դուրս, ինչպես, օրինակ, Հայաստանում։ Թե ինչով կարող է ավարտվել չստուգված մասնավոր ռեակտորների արագացված ներդրումը, որը հարմարեցվում է գեղեցիկ ամսաթվին, դժվար չէ պատկերացնել։
Թվում էր, թե հիշյալ տեղեկատվությունը պետք է հայկական կողմի մոտ ողջամիտ թերահավատություն առաջացներ ԱՄՆ-ի հետ նման համագործակցության վերաբերյալ։ «Ռոսատոմը» վաղուց արդեն Հայաստանին առաջարկում է կառուցել նոր ԱԷԿ (ինչպես խոշոր, այնպես էլ մոդուլային)։ Ընդհանուր առմամբ, փոքր ատոմակայանների ավելի քան 80 նախագիծ մշակվում է աշխարհի տարբեր երկրներում, բայց գործնականում գոյություն ունի ընդամենը երկուսը, երկուսն էլ՝ Ռուսաստանում: 2019 թվականից գործում է «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանը, որն առափնյա ցանցեր է մատակարարում 70 ՄՎտ (Պեվեկ քաղաք, Չուկոտկայի ինքնավար օկրուգ)։ Արդեն վեցերորդ տարին է, ինչ որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Եվ Ритм-200Н-ը նույն 55 ՄՎտ հզորությամբ ռեակտորն է, որն օգտագործվում է վերջին սերնդի ատոմային սառցահատների վրա, բայց ցամաքային տարբերակով կառուցվում է Յակուտիայում։
Այս հարցի վերաբերյալ առաջարկություններով հանդես է գալիս նաև Չինաստանը, այնտեղ նույնպես մոդուլային ԱԷԿ է կառուցվել, բայց սա փորձարարական նախագիծ է։ Բացի այդ, Չինաստանը դեռ չունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման իր սեփական տեխնոլոգիան: Ի տարբերություն ՉԺՀ – ի՝ «Ռոսատոմի» ստանդարտ պայմանագրերը ատոմային էլեկտրակայանների, այդ թվում՝ մոդուլային, կառուցման համար ուղեկցվում են միջուկային վառելիքի մատակարարման պայմանագրերով։ Այսպես, Ուզբեկստանում ռուս մասնագետների ուժերով ” Ритм-200Н 6 ռեակտորներում կառուցվում է ԱԷԿ Ջիզակի մարզում։
Սակայն հայկական իշխանությունները նախապատվությունը տվեցին ամերիկյան տարբերակին և համաձայնագիր ստորագրեցին Վենսի հետ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ առանց գիտական և հանրային քննարկումների և բոլոր առաջարկների մանրամասն ուսումնասիրության։
Բացի այդ, Հայաստանում ամերիկյան ոչ մի ներդրումների մասին խոսք չի գնում, որքան էլ դա ցանկանում է ներկայացնել ընտրողներին Հայաստանի ղեկավարությունը։ Սկզբում նույնիսկ Հայաստանի կառավարության թարգմանիչը սխալ էր թարգմանել ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը հանրապետության ատոմային էներգետիկայի ոլորտում ենթադրաբար 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին: Հայաստանի ընդդիմությունում համոզված են՝ թարգմանության սխալը կանխամտածված է եղել նախընտրական քարոզչության նպատակով։ Վենսը ավելի ուշ ուղղեց թարգմանությունը՝ հայտարարելով, որ հայերն ամեն ինչի համար կվճարեն իրենց բյուջեից (բայց նաև Փաշինյանին աջակցեց. «Գիտեմ՝ շուտով ընտրություններ են: Եվ եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա այն ունի»)։ ԱՄՆ-ն թույլ կտա միայն ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մինչև 9 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ատոմային տեխնոլոգիաներ, սարքավորումներ և վառելիք (ինչպես նաև 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքեր): Համապատասխանաբար, չստուգված մոդուլային ռեակտորների գնումը հայ հարկատուների վրա կնստի Հանրապետության տարեկան բյուջեի գումարը։ Հայաստանը կվճարի, որպեսզի ամերիկացիներն իր տարածքում փորձարկեն իրենց ատոմակայանները։
Միաժամանակ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն (Մեծամորում) համաձայնագիր են ստորագրել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին: Այն կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը, որպեսզի ապահովվի, եթե ամերիկյան SMR նախագիծը ձախողվի, փետրվարի 11-ին հայտարարել է ՀՀ վարչապետը՝ Վենսի մեկնելուց հետո:
Բացի «միջուկային» համաձայնագրի կնքումից, Վենսը հայտարարել է Հայաստանին 11 մլն դոլարի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին՝ ներառյալ V-BAT անօդաչու թռչող սարքերը: Սա Երևանին ամերիկյան ռազմական սարքավորումների մատակարարման առաջին խոշոր գործարքն է, որը, ըստ ամերիկյան փոխնախագահի, «կամրապնդի Հանրապետության պաշտպանական հնարավորությունները»:
Բացի այդ, կողմերը հաստատել են նաև ԱԻ և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը: Մասնավորապես, Վաշինգտոնը հավանություն է տվել Nvidia ընկերության արտադրության հզոր չիպերի մատակարարման արտահանման լիցենզիաներին՝ Հայաստանում Firebird ընկերության տվյալների կենտրոնի և արհեստական ինտելեկտի գործարանի կառուցման համար։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
Շարունակելի…



