Թվերով են ուզում կերակրել ժողովրդին. Ի՞նչ են թաքցնում պաշտոնական թվերը

Հնարավոր բոլոր հարթակներով վերջին օրերին իշխանության քարոզիչները գովազդում են անցած տարի տնտեսության ոլորտում կառավարության արձանագրած հերթական «հեղափոխական» աճերը։ Հնգամյա ծրագրի գերակատարումից են խոսում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է՝ խոստացել էինք միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, 7.9 տոկոս ենք ապահովել։ Ցուցանիշը գերակատարել ենք։

Մոռացել են, որ խոստացել էին ոչ թե 7, այլ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, արտաքին բարենպաստ միջավայրի պայմաններում էլ ապահովել միջին տարեկան 9 տոկոս տնտեսական աճ։

Ասել, թե արտաքին միջավայրը վերջին տարիներին բարենպաստ է եղել Հայաստանի տնտեսության համար, նշանակում է ոչինչ չասել։ Ցանկացած իշխանություն կերազեր այնպիսի արտաքին բարենպաստ միջավայր ունենալու մասին, որն ունեցել են Հայաստանի այս իշխանություններն առնվազն նախորդ 4 տարիներին։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված նպաստավոր միջավայրի մասին է։ Ու այդ պայմաններում կառավարությունը չի կարողացել կատարել իր տված խոստումը՝ ապահովել է ոչ թե միջին տարեկան 9 տոկոս, այլ՝ 7.9 տոկոս տնտեսական աճ։

Այդ աճի առյուծի բաժինը եղել է արտաքին միջազգային ուղիղ ազդեցությունը, որն արտահայտվել է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած արդյունաբերությունից, արտաքին առևտրից, վերջացրած ֆինանսներով։

Կարդացեք նաև

Անցած 4 տարիներին միայն Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով 15 մլրդ դոլարից ավելի գումար է եկել Հայաստան, մի քանի անգամ ավելի շատ, քան դրան նախորդող տարիներին։ Ֆինանսական ու հատկապես բանկային համակարգի բարձր աճերն առաջին հերթին այդ գումարների սպասարկման արդյունք են։

Վերաարտահանումների, առավել ևս՝ ռուսական ոսկու վերաարտահանումների ազդեցությունների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Արտաքին առևտրի ու արդյունաբերության այն աճերը, որոնք գևորգպապոյանները ներկայացնում են որպես ձեռքբերում՝ տնտեսական աճերի տեսքով, գերազանցապես այդ գործոնների հաշվին են։ Դրանք ստեղծված արտաքին բարենպաստ միջավայրի արդյունք են և ոչ թե՝ տնտեսության զարգացումների, նոր արտադրությունների ու տնտեսական հզորությունների ավելացման։

Բայց դա էլ մի կողմ թողնենք։ Հպարտանալուց առաջ՝ գոնե տեսե՞լ եք ձեր արձանագրած բարձր աճերի ու ընդհանրապես տնտեսության կառուցվածքը։

Աճերի մասին խոսելուց առաջ հիշեք, թե տարիներ առաջ ինչեր էր ասում ձեր կառավարության ղեկավարը։ Եթե չեք հիշում, հիշեցնենք. Ասում էր՝ մշակող արդյունաբերությունը 2008 թվականից հետո 2019 թվականին առաջին անգամ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում 12.1 տոկոսով դարձել է տնտեսության առաջատար ճյուղը, ու դա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում՝ «հետևաբար, այն քաղաքական արձանագրումը, որը ես արել եմ մշակող արդյունաբերության վերաբերյալ, ամբողջությամբ կատարված է»։

Հիմա բացեք ու տեսեք, թե այս հայտարարությունից 6 տարի հետո որքանո՞վ է կատարվել ձեր առաջնորդի ու ձեր կառավարության ղեկավարի քաղաքական արձանագրումը։

Մշակող արդյունաբերությունը, որը հանդիսանում է ցանկացած տնտեսության կմախքն ու առանցքային ճյուղը, անցած տարվա ձեր գովաբանած 7.2 տոկոս տնտեսական աճի պայմաններում զբաղեցրել է ՀՆԱ ընդամենը 11 տոկոսը։ Այն էլ՝ մեծապես ռուսական ոսկու վերաարտահանումների շնորհիվ։ Ոսկու վերաարտահանումներն էին, որ հնարավորություն տվեցին անցած տարի խուսափել արդյունաբերության ու հատկապես մշակող արդյունաբերության խորն անկումից։ Բայց դրանով մշակող արդյունաբերությունը ոչ ծաղկեց, ոչ էլ զարգացավ։

Ու այդքանից հետո, 2025թ. արդյունքներով, մշակող արդյունաբերության կշիռը Հայաստանի տնտեսության կառուցվածքում ընդամենը 11 տոկոս մասնաբաժին ունի։ Ավելի ցածր, քան ուներ 2019թ., նույնիսկ դրանից առաջ։

Սա է կառավարության տնտեսական քաղաքականության ձեռքբերումը։

Դեռ չենք ասում, որ կառավարության ծրագրով խոստացել էիք մշակող արդյունաբերության կշիռը 2021-2026թթ. հասցնել ՀՆԱ առնվազն 15 տոկոսին։

Ընդամենը 11 տոկոս է։

Այս մասին Գևորգ Պապոյանն ու ՔՊ-ական քարոզիչներն ինչ-որ չեն խոսում։ Փոխարենը՝ ինչ-որ փուչիկ աճերով են հպարտանում, որոնց տակ տնտեսական իրական արդյունք չկա։ Այդ պատճառով էլ այդ աճերի արգասիքը շարքային քաղաքացին չի զգում իր գրպանի պարունակության ու իր կենցաղի վրա։ Դրա պատճառով է նաև, որ աղքատությունը մեր երկրում գրեթե չի նվազում կամ շատ դանդաղ է նվազում։

Մշակող արդյունաբերության փոխարեն՝ Հայաստանի տնտեսության աճի հիմքը դարձել է շինարարությունն ու բանկային համակարգը։ Երկուսն էլ շատ չնչին ավելացված արժեք են ստեղծում տնտեսության մեջ, եթե նույնիսկ ստեղծում են։ Ֆինանսական ոլորտի կշիռը ՀՆԱ-ում մոտենում է մշակող արդյունաբերությանը։

Իսկ գիտե՞ք, թե ամենամեծ կշիռը ՀՆԱ-ում ո՞ր ոլորտն ունի՝ մանրածախ ու մեծածախ առևտուրը, ավտոմեքենաների ու մոտոցիկլետների նորոգումը։

Այդպես է, որովհետև Հայաստանը, ձեր ասած՝ տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելու փոխարեն, նստեցրել եք առևտրի ասեղի վրա։

Անցած տարվա 7.2 տոկոսանոց տնտեսական աճին ամենամեծ նպաստումը բերել է առևտուրն ու ծառայությունները։ 7.2 տոկոսից 4.3 տոկոսային կետն առևտրի ու ծառայությունների նպաստումն է։ Տնտեսության մյուս բոլոր ճյուղերի նպաստումը տնտեսական աճին եղել է ընդամենը 2.9 տոկոսային կետի չափով։ Ավելի քիչ, քան միայն առևտրինն ու ծառայություններինը։

Ընդ որում՝ այդ 2.9 տոկոսի մեջ էլ ամենամեծ բաժինը շինարարությանն է, որի տնտեսական արժեքը մեծ չէ, առավել ևս՝ արտահանման պոտենցիալն է զրոյին մոտ։ Շինարարությունը 7.2 տոկոսանոց տնտեսական աճին նպաստել է գրեթե 1.5 տոկոս տոկոսային կետով։

Իսկ ահա տնտեսության ամենակարևոր ու առանցքային ճյուղը, որը կոչվում է արդյունաբերություն, տնտեսական աճին նպաստել է ընդամենը 0.64 տոկսային կետով։ Անգամ 1 տոկոսի չի հասել։ Նույնը՝ գյուղատնտեսությունը. գյուղատնտեսության նպաստումը նույնիսկ ավելի քիչ է եղել՝ հազիվ 0.41 տոկոսային կետ։

Սրանք են կառավարության տնտեսական ու տնտեսական աճի «ձեռքբերումները»։ Դրանք վկայում են, թե ինչքան խոցելի է մեր տնտեսությունը, թե ինչպես են դատարկ թվերի հետևում Հայաստանի այսօրվա կառավարիչները փորձում թաքցնել տնտեսության խնդիրներն ու անմխիթար վիճակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս