
Հարմար պահի Նիկոլը «կքցի» Իրանին և Ռուսաստանին. դա բոլորիս համար ուղիղ ճանապարհ կլինի դեպի գերեզման. Բաքվում առևտուր է լինելու Հայաստանի հաշվին. Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանի ասած Խաղաղության պայմանագիրը խաղաղության մասին չէ։ Ադրբեջանի համար գոյություն ունի Միջանցքի պրոբլեմ։ Դա ստանալուց հետո մի քանի տարում Սյունիքը կմաքրեն։ Իսկ Ադրբեջանն ուզում է Սյունիքը վերցնել…
- Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդն ատում է Փաշինյանին և ՔՊ-ին։ Այս իշխանությունը վաղուց արդեն ադրբեջանցի է։ Նրանք ապրում, քնում, աշխատում են Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։ Ալեն Սիմոնյանը բացառություն չէ։ Նա պատմություն չկարդացած, նորմալ կրթություն չստացած մարդ է։ Այս իշխանությունը ապահովում է սարսափի մթնոլորտ, որ հետո Սյունիքում ինչ էլ լինի, մնան իշխանության։ Ալիևն էլ ասում է՝ Փաշինյան, խոսք ես տվել, կատարի՛ր։ Իսկ սա փակում է խոսակցությունը, որ Ալիևն ավելի չանկեղծանա ու չպատմի իրենց խոսակցության ողջ բովանդակության մասին։
- Եվրոպացի դիտորդներն այստեղ մնում են, որ հանկարծ իրենց փոխարեն ռուսները չգան։ Ֆրանսիան ու Իրանը Կապանում հյուպատոսություն բացեցին, Ռուսաստանին թույլ չի տալիս այս իշխանությունը։ Ո՞ւմ համար է Ռուսաստանն ուզում հյուպատոսություն բացել։ Բան է, չէ՞, հասկացնում Ադրբեջանին, որ Սյունիքը պիտի միշտ լինի Հայաստանի կազմում, Իրանի սահմանն էլ պիտի անխախտ լինի։ Փաշինյանը թույլ չի տալիս Ռուսաստանին հյուպատոսություն բացել, որովհետև Ալիևի հետ այլ բան է պայմանավորվել։
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի պաշտոնական բացատրությունը զավեշտալի է. Դիտորդները չունեն համապատասխան տեխնիկա գիշերային մոնիտորինգի համար, ինչպես նաև վախենում են մոլորվել և պատահաբար հատել սահմանը: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում. Իսկ ինչո՞ւ են նրանք ընդհանրապես եկել Հայաստան։ Դիտարկել սահմանի խաղաղ հատվածները և զեկուցել՝ «իրավիճակը կայուն է»: Թե՞ դա պարզապես քաղաքական ցույց է, որը գործնական իմաստ չունի:
- Ադրբեջանցիներն այդպես են՝ ձեռքդ տալիս ես, թևդ են կծում։ Այսպես է 1918թ.-ից։ Բաշ-Ապարանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում հաղթեցինք, մեր հաղթանակի հետևից չգնացինք, լկտիացան։ Նույնն էլ հիմա է։
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր ստորագրած, իբր Արցախը լուծարելու մասին հրամանագիրը նախ չեղարկել է։ Բացի դրանից, նա այդ հրամանագիրը ստորագրել է 2023թ․սեպտեմբերին՝ ոչնչացման սպառնալիքի ներքո, մինչդեռ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է Փաշինյանը դրանից մի տարի առաջ՝ 2022թ․ հոկտեմբերի 7-ին Պրահայում։ Արարատ Միրզոյանը չգիտի՞ այդ մասին։ Դա ի՞նչ հայտարարություն է։ Նարկոմա՞ն է, ի՞նչ է։ Էս ի՞նչ եք անում, Ադրբեջանին ե՞ք քծնում, լցրել եք տակնե՞րդ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել, այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն» ռադիոկայանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:
Արտգործնախարարությունից այդ հարցին պատասխանել են.
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և՝ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։
- Երբ Թուրքիան ու Ադրբեջանը կգրավեն Հայաստանը, Արևմուտքն «օֆ» չի անի։ Միակ «օֆ» անողը Ռուսաստանն է լինելու։ Չմոռանանք, որ Թրամփը խոսեց Էրդողանի հետ, շնորհավորեց նրան Սիրիան ամբողջովին գրավելու համար։ Հիմա Սիրիան պրոթուրքական տարածք է։ ԱՄՆ-ը Թրամփի այդ զանգով ցույց է տալիս, որ գոհ է, շարունակե՛ք մեկուսացնել Իրանին…
- Չի բացառվում՝ հետո պահանջեն՝ Հայաստանի տարածքից հարվածեն Իրանին։ Պետք է ուշադիր լինել՝ Եվրոպայից ինչ զենքեր են գալիս Հայաստան։ Առաջին իսկ հարմար պահին Հայաստանի այս իշխանությունները կգցեն Իրանին։ Եթե Փաշինյանը «քցի» Իրանին ու շարունակի «քցել» Ռուսաստանին, սա մեզ համար ուղիղ ճանապարհ կլինի դեպի գերեզման…
- Այս տարի առաջին անգամ Հայաստանում ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 40%-ը, երբ 2018թ.-ից առաջ 18% էր։ Սա աղետ է։ Նվազել է նաև երեխաների ծնունդը։ Ժողովրդագրական լուրջ սպառնալիքի առաջ ենք։
- Բաքվում Փեզեշքիանի ու Ալիևի միջև լինելու է առևտուր՝ Հայաստանի հաշվին։ Ալիևն ասելու է՝ իմ տարածքից Իրանի վրա չեն հարձակվելու, դու էլ չես խոսելու այլևս Զանգեզուրի միջանցքի դեմ։
- Էս կեղտից մաքրվելու համար ընդդիմությունը պետք է միավորվի. երբ մեր երկիրն օկուպացրել է ըստ էության ադրբեջանական իշխանություն, մեկ-երկու քաղաքական ուժը ոչինչ չեն կարողանալու անել։ Սա պիտի ընդդիմադիր դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերը հասկանան։ Առանց անուններ տալու՝ կոչ եմ անում բոլոր ընդդիմադիրներին՝ տղե՛րք, աղջիկներ, սրանցից պետք է ազատվել։ Մնացած հարցերը հետո կլուծեք։
- Այս իշխանությունները հոգեվարքի մեջ են։ Այսօր ՔՊ-ի մեջ կա մեծ ընդդիմություն՝ ընդդեմ Փաշինյանի քայլերի։ Մարդիկ կան՝ ասում են՝ էս ի՞նչ ես ասում։ ՔՊ-ում հո բոլորը տականք չե՞ն:
- Մի՛ խախտեք Ռուսաստան-Իրան ստրատեգիական գործընկերության ստատուս-քվոն։ Էս տարածաշրջանում այլ կերպ չի լինելու։
- Կիլիկիայից մի գիշերվա մեջ Աթաթուրքին հաճոյանալու համար ֆրանսիացիները փախան՝ հայերին թողնելով անպաշտպան։ Ինչո՞ւ պետք է Ֆրանսիան զորք բերեր՝ մեզ օգնելու համար։ Հայերս չենք ընդունում, որ առաջին հերթին պետք է ինքներս մեզ օգնենք։ Ոչ ոք, ոչ մի երկիր պարտավոր չէ օգնել մեզ, եթե ինքներս մեզ չենք օգնում։
- Եթե միավորվեն Հայաստանի 3 նախագահներն ու նրանց հարող ուժերը, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, միանշանակ կհաղթեն Նիկոլին։
- Ես չեմ մերժում իմփիչմենթի գործընթացը, բայց ես կարծում եմ՝ մենք էդ ժամանակը կորցրել ենք։ Դա կարող է լինել քաղաքական տարր՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ։
- Թրամփը խոսում է ԱՄՆ-ի ռեինդուստրիալիզացիայի մասին։ Սա քայլ է դեպի հետ։ ԱՄՆ-ը ծանր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների դեմ, և նրան պատասխանել է միայն Չինաստանը։ Հավանաբար չինական ղեկավարությունը մտածում է՝ ավելի լավ է հիմիկվանից նոր շուկաներ գտնեն։ Չինաստանը կարող է նաև սանկցիաներ դնել ամերիկյան ծառայությունների դեմ․ դա հզոր հարված կլինի։
- Իսկ ԱՄՆ-ը հաշվարկե՞լ է՝ բա որ Չինաստանը սկսի վաճառել ամերիկյան պա՞րտքը, ամերիկյան արժեթղթերը՝ 3-րդ երկրների, երկրորդական շուկայում… պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլինի… Այդ դեպքում կլինի դոլարի փլուզում, ինչն աղետալի կլինի ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար։
- ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն արդեն սկսված է։ Ամերիկացի տնտեսագետները պետք է արտահայտվեն, լռելը ելք չէ այս իրավիճակում։ Ես կարծում եմ՝ Թրամփի այս որոշումից կտուժի ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ամերիկան։
- Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացմամբ առաջացած այս իրավիճակը նախ կթուլացնի մեր տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին՝ Թուրքիային։ Ռուսաստանը ճեղքեր կգտնի ու դուրս կգա տնտեսական շրջափակումից։ Թուրքիայի համար միշտ հեշտ է եղել, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասին են օգնել իրեն, հիմա այդ վիճակը չէ։ Հայաստանը միանշանակ տուժելու է։ Ոսկի չկա, իսկ մեր շուկան սովոր չէ եվրոյի հետ աշխատել։ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) իրավիճակին համարժեք չի գործում։ Մի՛ նայեք, որ ԿԲ նախագահն ասում է՝ Հարվարդ եմ ավարտել, ընդամենը կուրսեր է ավարտել։ Այս իրավիճակից շահած դուրս կգան, կրկնում եմ, Ռուսաստանն ու Իրանը։
- Չինացիները միակ ուժն էին, որ կարող էին կառուցել Հյուսիս-Հարավի հյուսիսային հատվածը։ Դա այլևս չի կառուցվի։ Սրանք խոչընդոտներ են ստեղծում չինացիների կողմից առաջարկվող բոլոր նախագծերի համար: Արդյունքում, մենք զրկվում ենք ճանապարհից, իսկ Իրանի հետ մենք նորմալ ճանապարհ չունենք։
- Իրանը մի կողմից՝ կբանակցի Ամերիկայի հետ, մյուս կողմից՝ կպատրաստվի պատերազմին։ Բանակցություններ են ակսելու Իրանը և ԱՄՆ-ը՝ առանց միջնորդների, այնպես որ, 50/50 է, թե ինչ կլինի։
- Եթե այնուամենայնիվ պատերազմ սկսեն Իրանի դեմ, դա չի լինելու ցամաքային օպերացիա, հրթիռակոծելու են։
Մանրամասները՝ տեսանյութում։