Որ գայլին մի ոչխար տաս, ասես՝ կեր ու էլ չգաս, չի՞ գա. Արցախը տվեց, հետո Տավուշն են վերցնելու, Ջերմուկի սարերը, «Միջանցքը». Արցախից բռնի տեղահանվածներ

2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պատճառով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր շրջաններում հաստատված արցախահայերն ունեն տարբեր խնդիրներ։ Բռնի տեղահանված արցախցիներից շատ քչերը Հայաստանում ունեն տուն կամ աշխատանք։ Արցախահայերը փորձում են բնակարաններ վարձակալել Երևանին մոտ գտնվող բնակավայրերում՝ այդպիսով հույս ունենալով, որ գոնե մի աշխատանք կգտնեն՝ օրվա հացն ունենալու համար։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Մասիս խոշորացված համայնքում բնակվում են մոտ 20 հազար արցախահայեր։ Նրանց մի մասը Մասիս քաղաքում է ապրում, մյուս մասը՝ Մասիսի գյուղերում։

Մասիսի կենտրոնական հրապարակի այգին, արդեն 2 տարի է՝ դարձել է Արցախից բռնի տեղահանված տարեց մարդկանց հավաքատեղին, գալիս են այնտեղ, խոսում անցած-գնացած օրերի մասին, նարդի խաղում, մտովի տեղափոխվում Արցախ։

168.am-ի հետ զրույցում նրանք, խոսելով իրենց մտահոգող հարցերի մասին, առաջինն անդրադարձան ՀՀ օրվա իշխանության վարած քաղաքականությանն Ադրբեջանի հետ։ Նրանցից միայն 1-2-ը խոսեցին սոցիալական խնդիրների մասին, մնացածին մտահոգում էր Հայաստանի անվտանգությունը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցներից մեկը, ով նախկին զինվորական է և Արցախյան պատերազմների մասնակից, չի հավատում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ գնում է  խաղաղության։

«Կկվի պատմությունն է, ասում է՝ մի ձագը տամ, որպեսզի աղվեսը չգա։ Արցախը տվեց, հետո Տավուշն են վերցնելու, հետո Ջերմուկի սարերը կվերցնի, «Միջանցքն» էլ կվերցնեն ու կասեն՝ «մեր տարածքն է, հայն իրավունք չունի մտնելու»։ Սխալ արտահայտություն է՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», հակառակը՝ Արցախով էր Հայաստանը հզոր, դարպասը հիմա տվել է, դրանից հետո թուրքն ավելի է ոտքը մեկնելու։ Ինչպե՞ս կարելի է՝ հողակտորի մի մասը տան, որ մեզ չծեծե՞ն, սա սխալ քաղաքականություն է։ Չե՞ք տեսնում, Արցախից հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել։ Արցախով, մի կորպուսով, որ կար այնտեղ, ավելի ուժեղ կկարողանային Հայաստանը պաշտպանել»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, թե արցախցին պետք է մնար ու կռվեր Արցախում, մեր զրուցակցի մոտ այդ ամենն ուղղակի ծիծաղ առաջացրեց։

«Ես չեմ ասի, թե ով եմ ու ինչ եմ աշխատել, մեծամասնությունն ինձ ճանաչում է, ինձ չեմ գովաբանում։ «Նարշտար» կոչվող դիրքերից մեր տղերքը երբ գյուղ են իջել սեպտեմբերին, տեսել են, որ արդեն քաոս է գցվել մարդկանց մոտ, և նրանք գյուղը լքում են։ Մեկ ամբողջ օր կռվել են մեր տղերքը, մեկ տարի բլոկադայի մեջ գտնվող, տեսեք՝ ադրբեջանական «Յաշմային» ինչ են արել։ Ինչպե՞ս չեն կռվել, ուղիղ մեկ օր, 4 ժամ կռվել են, դրանից հետո, որ արդեն տղերքին պետք է հասնեին, տեսել են՝ մարդ չի գալիս, էլ ի՞նչ անեին այդ տղաները։ Բա 1992 թվականին ինչպե՞ս էին կռվում մեր տղաները, իմ տղերքը վազում էին 100 հոգու առաջ, չե՞ն կռվել։ Հայաստանը կանգնել ասում էր՝ «Ես ձեզ հետ գործ չունեմ, դուք գիտեք, Ադրբեջանն ու Ռուսաստանը, դուք իմ մարդիկ չեք», բա թուրքն ի՞նչ պետք է աներ»,- նշեց նա։

Այնուհետև շարունակելով միտքը՝ ասաց, որ ոչ մեկը պատերազմ չի ուզում, բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց այդ խաղաղությունը չպետք է փնտրես գլուխը կախ ու «չոքած» վիճակում։

«Մարդու հետ խաղաղություն պետք է կնքես, 100 տարի առաջ հայերն ի՞նչ էին արել, որ կոտորվեցին՝ ոչ մի բան։ Նայում են՝ քրիստոնյա ազգ են, ասում են՝ իսլամական պետությունում չպետք է գլուխները բարձրացնեն, մենք պետք է «խազյաինը» լինենք։ Հիմա Հայաստանն էլ սեպ է՝ ընկած իսլամական պետությունների մեջ, պետք է հզոր մեջք  ունենանք, հզոր մեջքն էլ բանակն է, որի բյուջեն կրճատում են։

Պապիկս, պապիկիս պապն Արցախում է հուղարկավորված, այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախն Ադրբեջանինն է։

Հիմա, որ գայլին մի ոչխար տաս, ասես՝ կեր ու էլ չգաս, չի՞ գա։

Մեր միակ փրկությունը հայության համախմբումն է, Ալիևը գնում է, Պակիստանից մարդ է բերում, որ այստեղ կռվեն, իսկ սրանք ասում են՝ սա ղարաբաղցի է։

Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանն էլ, Սարգսյանն էլ, հա, իրենք էլ են վատ քաղաքականություն վարել, բայց գոնե երկիր ենք ունեցել, այսպես չի եղել։ Այս մարդն Ալիևի շողքից վախենում է, ասում՝ եկ, մի քաղաք էլ տամ»,- շեշտում է նա։

Մեր զրուցակիցը չցանկացավ ներկայանալ ու կեսկատակ-կեսլուրջ բացատրեց.

«Չեմ ուզում անունս տամ, վաղն էլ իմ հետևից գան»։

Արցախից բռնի տեղահանված կանանցից մեկն իշխանություններից իր Արցախն է ուզում, քանի որ Հայաստանում նույնիսկ մի «հավաբուն» չեն տվել, որպեսզի ապրի։

«Հայաստանի Կառավարությունից եմ պահանջում, եթե Կառավարություն կա, եթե չկա, ուրեմն՝ Արցախը թող վերադարձնեն, մենք գնանք ապրենք։ Մենք պահանջում էինք Արցախի միացումը Հայաստանին, չենք պահանջել, որ մեզ հասցնեն այս վիճակին»,- ասաց նա։

Բռնի տեղահանված արցախցիներից մեկն էլ հակիրճ ասաց. «Մեզ ծախել են, մեր մեծամեծները մեզ ծախեցին»։

Մեր զրուցակից տարեց արցախցիներից մեկը, ով Խորհրդային տարիներին Արցախում ադրբեջանցիների հետ ապրել է կողքի կողքի, վստահ է՝ Արցախ վերադառնալու են, եթե ոչ՝ ինքը, ապա՝ իր հաջորդ սերունդները։

«Ապագայի հարց է, Արցախ պիտի վերադառնանք, բայց ես չէ, մի քանի սերունդ անցնի, կգնան, այդպես եմ կարծում։

Ես Ադրբեջանի հետ խաղաղությանը չեմ հավատում, ինչպե՞ս հավատամ, որ այսպես հայաթափեցին Արցախը»,- նշում է նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս