Տեր հայր, կասե՞ք. Աստված ինձ պատժո՞ւմ է
Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան

«Մենք պիտի ավելի շատ վախենանք Աստծուց հեռանալուց: Մարդ արարածի համար մեծագույն պատիժն Աստծուն կորցնելն է: Կարելի է ասել՝ դրանից մեծ պատիժ չկա: Եթե մարդ Աստծուն կորցնում է իր մեջ, այնտեղ դժոխքն է, չարն է: Մեր մեծերն ասում են, եթե Աստված մարդուն ցանկանում է պատժել, նրա միտքն է վերցնում, իսկ անմիտ մարդն ամեն ինչ կարող է անել ի վնաս իրեն և իր շրջապատին: Մենք ցավոք շատ անգամ առնչվում ենք այս երևույթին»:
Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան

«Աստված նախևառաջ սիրող հայր է: Նա ոչ թե պատժում, այլ հանդիմանում է, ավետարանական խոսքի համաձայն, թե Հայրը խրատում է իր զավակին: Նա հանդիմանում է, որ իր զավակը գա փրկության ճանապարհի վրա: Աստված, որպես ահեղ դատավոր, կներկայանա Իր երկրորդ գալստյանը: Այժմ մենք ունենք մեր կյանքի ժամանակը՝ որպես առիթ հանդիմանություններից դասեր քաղելու, փրկության ճանապարհի մեջ հաստատվելու և քայլելու»:
Տեր Շահե քահանա Հայրապետյան

«Աստված սեր է: Եվ մարդուն դրեց դրախտում, որ վայելի դրախտը, մի՞թե դա պատիժ էր: Մարդն իր սխալի պատժառով ընկավ վայրիվերումների մեջ, հիվանդացավ: Աստված այնքան սիրեց մեզ, որ Իր Որդուն ուղարկեց խաչի վրա, որ մենք ազատվենք պատժից:

