Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել․ չգիտեմ՝ դրա տակից ո՞նց է դուրս գալու․ Հարութ Ուլոյան

«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։

«Եթե Ադրբեջանն իբրև թե հակված է դեպի խաղաղություն, ապա հենց օգոստոսի 8-ի հռչակագրում այդքան հակահայկական դրույթների մեջ գոնե մի դրույթ պետք է լիներ, որով անհապաղ ազատ կարձակվեին Բաքվում պահվող պատանդները։ Նրանք պատանդ են Ադրբեջանի ձեռքում։ Քանի նրանք ազատված չեն, փաստաթղթերը ձևական բնույթ են կրելու, առավել ևս, Ադրբեջանի պահանջների ներքո։ Փաշինյանն ասում է՝ տեսեք, ոչ մի փամփուշտ չի կրակվում, մեկ տարի մի քանի ամիս խաղաղ ապրում ենք, և դա ներկայացնում է իբրև փաստ՝ խաղաղությունը հաստատված է, և ինքն իրեն այնպիսի թակարդի մեջ է գցել, որ չգիտեմ՝ դրա տակից ո՞նց է դուրս գալու։ Եթե, ասենք, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, առավել ևս՝ 2026-ի ընտրություններից հետո եթե սահմանային մի ընդհարում լինի, Փաշինյանի այդ ողջ խոսույթը ջուրն է լցվելու։ Այսինքն՝ ինքն իրեն կապել է Ալիևի կողմից իրականացվող քաղաքականության հետ։ Եթե Ալիևը վաղը-մյուս օրը որոշի, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ փոքր զինված հարձակում է հրահրում, Փաշինյանն ի՞նչ է ասելու դրանից հետո։ Պարզ է, որ գցելու է հայկական կողմի վրա, փորձելու են ներկայացնել, որ հայկական կողմն է սադրել կամ նախաձեռնել, ամբողջը դրան է տանում»,- ասաց հրապարակախոսը։

Նա նկատեց, որ, այդպես կոչված, անկլավների հարցը Փաշինյանը փորձում է ներկայացնել հայկական կողմի ձեռքբերում՝ նշելով, թե Արծվաշենը վերադարձվելու է, և շեշտեց՝ Փաշինյանը թող խոսի այդ հայտարարության հակառակ կողմի մասին՝ ի՞նչ է դրա դիմաց ինքը տալու Ադրբեջանին:

Կարդացեք նաև

«Բացի այդ, եթե խոսում է Արծվաշենը վերադարձնելու մասին, թող խոսի՝ ոնց է ապահովելու հայերի վերադարձը Արծվաշեն։ Պարզ է՝ ինչ է լինելու․ Ալիևը խոսում է փախստականների վերադարձի մասին ընդհանուր Հայաստան, Փաշինյանը խոսելու է Արծվաշեն հայերի վերադարձից, հակառակ պարագայում, եթե Արծվաշենը փաստացի վերադարձնելու են Հայաստանին, այնտեղ ոչ մի հայ չի ապրելու, կներեք, ո՞ւմ է պետք է այդ տարածքը, եթե դրա դիմաց Ադրբեջանին տալու ենք կարևոր նշանակություն ունեցող տարածքները։ Իհարկե, նրանք դա կապում են կոմունիկացիաների հետ, որ այնտեղով ճանապարհներ են անցնում, բայց ճանապարհները, իհարկե, կարելի է վերակառուցել, բայց նրանք գալու են, խորանան ՀՀ տարածքում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Անդրադառնալով ՔՊ-ի այն քարոզչությանը, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում՝ նկատեց՝ հենց ՔՊ-ն է վախեցնում պատերազմով:

«Իրենք ինչ քաղաքականություն իրականացրել են 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, այդ բոլոր զիջումներն իրականացրել են՝ պատերազմով վախեցնելով։ Հիշեք Տավուշի 4 գյուղերը, երբ Փաշինյանը հայտարարեց, որ եթե չվերադարձնենք, պատերազմ կսկսվի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ էլ ասում էին, թե ընդդիմությունը ցանկանում է դրանից հրաժարվել, իսկ եթե հրաժարվի, պատերազմ կսկսվի։ Նոյեմբերի 9-ը ո՞վ ոչնչացրեց․ հենց այն իշխանությունը, որը հայտարարում էր, թե իրենք են իբր դրա ջատագովը։ Ամբողջ 21 թվականի քարոզչությունն այդ տրամաբանության մեջ իրականացրին, հետո հենց իրենք էլ հրաժարվեցին դրանից»,- եզրափակեց Հարութ Ուլոյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս