Հայաստանի իշխանության ամենամեծ բաժնետերը. դիվիդենտի վճարումը սկսված է
Մինչ Հայաստանն ամբողջ թափով ընկղմվում է նախընտրական թոհուբոհի մեջ, Հայաստանի շուրջ իրադարձությունները զարգանում են ավելի մեծ տեմպերով: Դա կենսականորեն անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ընտրություններում իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը կախված է հենց արտաքին գործընթացներից ու դրանցում ներգրավված դերակատարներին բավարարելու կարողությունից:
Պատահական չէ, որ միայն անցած շաբաթ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հետևից հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանների հետ, որոնց հետևեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, TRIPP-ի աշխատանքները համակարգող պաշտոնյայի այցը Հայաստան: Երկրում, որում մի քանի ամիս անց որոշվելու է իշխանության հարցը, բոլորը փորձում են իրենց մասնաբաժինը ստանալ այդ գործընթացից՝ աջակցության դիմաց պահանջելով զիջումներ և զիջումների դիմաց առաջարկելով աջակցություն:
Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում, սակայն, ամենաակտիվը ներգրավված է Ադրբեջանը: ՔՊ-ն իր ողջ ընտրական կամպանիան կառուցելու է կեղծ «խաղաղության» թեզի հիման վրա, իսկ դա ամենաշատը կախված է Ադրբեջանից: Եթե, օրինակ, ընտրություններից առաջ Ադրբեջանն անգամ մի քանի սահմանային միջադեպ հրահրի, իշխանության ողջ նախընտրական կամպանիան կփլվի հաշված ժամերի ընթացքում:
Հետևաբար՝ մինչև հաջորդ տարվա հունիս հայ-ադրբեջանական սահմանի հանգստությունն Ալիևի ուղղակի աջակցությունն է լինելու Փաշինյանին, ինչը նշանակում է նաև, որ «խաղաղության» վաճառքով իշխանությունը պահպանելու դեպքում այդ իշխանության ամենամեծ բաժնետերը լինելու է հենց Ադրբեջանը: Իսկ դրա համար Հայաստանի իշխանությունն արդեն իսկ սկսել է վճարել:
Վերջին շաբաթներին իշխանությունն ակտիվորեն զբաղվում է «Արծվաշենի վերադարձի» քարոզչությամբ, ինչն իրականում նշանակում է, այսպես կոչված, անկլավների փոխանակում մեզանից վաղուց օտարված Արծվաշենի հետ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը հարավի ու հյուսիսի հետ կապող երկու ռազմավարական ճանապարհների ուղիղ մեջտեղում՝ Վայոց ձորում ու Տավուշում, հայտնվելու են «ադրբեջանական բնակավայրեր»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանը կապող ճանապարհներին ադրբեջանական գյուղերը, շատ մեծ հավանականությամբ, ենթադրելու են այդ ճանապարհներով անցնող տրանսպորտային միջոցների ադրբեջանական վերահսկողություն՝ որևէ ձևակերպմամբ: Հատկապես այդ՝ ճանապարհների վերահսկողության բաղադրիչն ունի՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ՝ խորհրդանշական իմաստ:
Ադրբեջանի հետ ԱՄՆ-ում փաստաթղթի նախաստորագրումից հետո Ալիևը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր ամբիոններից խոստացավ՝ ադրբեջանցիները Հայաստանով անցնելիս որևէ հայ իրավապահի, սահմանապահի հետ չեն առնչվի, որևէ հայի երես չեն տեսնի, դրա փոխարեն՝ հսկողությունը կիրականացվի հատուկ սարքավորումներով և/կամ միջազգային կազմակերպության միջոցով: Իր այս պահանջը բավարարելուց հետո Ալիևը թարմացրեց «անկլավների» վերադարձի հարցը, ինչը, ի թիվս այլ դրսևորումների, կարող է նշանակել, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով եթևեկելիս ոչ միայն տեսնելու են ադրբեջանցիների, այլ շատ հավանական է՝ անցնելու են որևէ անվան տակ նրանց կողմից տեղադրված հսկիչ կետերով:
Արդյունքում՝ Ադրբեջանը ստանում է ոչ միայն Հայաստանի ճանապարհներով անխոչընդոտ երթևեկելու ու վերահսկողության չենթարկվելու, այլ նույն Հայաստանի տարածքում հայկական տրանսպորտային միջոցները վերահսկելու հնարավորություն:
Եվ սա «պատմական խաղաղության» դիմաց տրամադրված ընդամենը կանխավճարն է: Ամբողջական վճարում կկատարվի ընտրություններից հետո:
Հարություն Ավետիսյան

