Բաժիններ՝

Զելենսկին պատրաստ է աշխատել ամերիկյան առաջարկի շուրջ՝ ուղղված ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 20-ի երեկոյան ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է աշխատել ամերիկյան նոր առաջարկների շուրջ։

Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ շատ «լուրջ զրույց» է ունեցել Պենտագոնի պատվիրակության հետ, և ամերիկյան կողմը ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու իր առաջարկները։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, որը չի խաթարի երկրի ինքնիշխանությունը և չի ստեղծի նախադրյալներ ռուսական նոր ներխուժման համար։

«Ես ուրվագծել եմ մեր առանցքային սկզբունքները, և մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կաշխատեն այդ առաջարկների շուրջ՝ համոզվելու, որ այդ ամենն անկեղծ է։ Մենք որևէ կոշտ հայտարարություն չենք անելու։ Մենք պատրաստ ենք հստակ և ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մեր բարեկամներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում», – նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ առաջիկա օրերին ակնկալում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք լիովին գիտակցում ենք, որ Ամերիկայի ուժը և Ամերիկայի աջակցությունը կարող են իսկապես մոտեցնել խաղաղությունը, և մենք չենք ուզում կորցնել դա», – նշել է Զելենսկին։Նա հավելել է, որ ըստ տարբեր գնահատումների, որոնք «լիովին անաչառ են», Ռուսաստանն ամբողջ տարվա ընթացքում փորձել է հետաձգել իր դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և ժամանակ շահել՝ շարունակելով պատերազմը։

Զելենսկին հավաստիացրել է, որ ամբողջ ուժով կլծվի պատերազմն ավարտելու գործին։

Օրերս արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ իրենց աղբյուրներին հղումով գրել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման դիմաց:

Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս