Փաշինյանի վախերն այնքան մեծ են, որ կոմպրոմատներ ունի իր բոլոր թիմակիցների դեմ. Թաթուլ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում Սյունիքի մարզն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի զգալի մասն օկուպացվելու է Ադրբեջանի կողմից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ խոսելով Վաղարշապատի ավագանու և հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրությունների մասին։

«Սա պլանավորված գործողություն է, մենք պետք է փոխկապակցված նայենք այս ամենին՝ մեկ ընդհանուր համատեքստում։ Դրա մեջ մտնում է և՛ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, և՛ «Թրամփի ճանապարհը» կամ հաղորդակցությունների բացելը։ Ադրբեջանը չի հրաժարվելու, իրենց բառապաշարով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից, նրանք արդեն ունեն տարածքային ղեկավարներ։ Պատկերացրեք, եթե 100 հազար ադրբեջանցի մուտք գործի Սյունիքի մարզ։ Մի փոքր ընդհարում կլինի, հետո շարունակությունը լինելու է այն, որ Ադրբեջանն իր զորքն է բերելու՝ «ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու» համար, և եղավ ամբողջությամբ օկուպացված Սյունիք։ Աստված մի՛ արասցե, 2026 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք այսպիսի պատկեր. Սյունիքը չի լինելու, Արարատի որոշ հատվածը, Սյունիքի հետ միասին, մինչև Երասխ, անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո, Գեղարքունիքի բավական մեծ հատված՝ մինչև Սևանա լիճը, անցնելու է Ադրբեջանին, Տավուշի 50-60 տոկոսը կանցնի Ադրբեջանին։ Այս վիճակն է դառնալու Հայաստանի ապագա պատկերը նիկոլական իշխանության պայմաններում»,- կանխատեսում է Թաթուլ Պետրոսյանը։

Այս հեռանկարը հաշվի առնելով՝ հասարակական-քաղաքական գործիչը հիշեցնում և ընդգծում է, որ 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններն աշխարհաքաղաքական մեծ նշանակություն են ունենալու և կարող են վճռել Հայաստանի ճակատագիրը։ Հետևաբար, կոչ է անում բոլոր այն կուսակցություններին և ուժերին, որոնք ներքուստ գիտակցում են, որ չեն հաղթահարելու ընտրական շեմը, միավորվել ավելի խոշոր ընդդիմադիր ուժերի հետ և այդպիսով թույլ չտալ իրենց ձայների փոշիացում։

Կարդացեք նաև

Գեներալը շեշտում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերընտրվելը 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն Ադրբեջանի և Թուրքիայի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է, և ոխերիմ հարևանները ջանք չեն խնայելու Փաշինյանի իշխանությանն աջակցություն ցուցաբերելու հարցում։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն էլ, շատ լավ հասկանալով, որ «խաղաղության» իր կեղծ օրակարգն ու «նախկիններ-ներկաներ»-ի ծեծված տեքստերն այլևս արդյունք չեն տալիս, ընտրություններին ընդառաջ անցել է անթաքույց ու անվերահսկելի բռնաճնշումների բոլոր ընդդիմախոսների նկատմամբ՝ «դիմակավորված շոուների», ապօրինի ու անօրինական խուզարկությունների, ձերբակալությունների միջոցով փորձելով վախի մթնոլորտ ձևավորել երկրում։

«Սրանք, որպես փոքրոգի, խղճուկ սուբյեկտներ, ուզում են տեսնել այդ տեսարանները։ Պատկերացնո՞ւմ եք, որ սրանք այս նկարահանումներն անում և ցուցադրում են Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին։ Սա է նրանց նպատակը՝ վախի մթնոլորտ մտցնել ժողովրդի մեջ։ Եվ տեսեք՝ ինչպիսի պաշտպանվածություն ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցիները պղծելով պտտվում է՝ Օհանավանքում, Թալինում, Վայոց ձորում։ Անվտանգության ինչպիսի հզոր մեխանիզմներ են կիրառվում. ոչ միայն իր պետական պահպանության ուժերն են, այլև ոստիկանությունն է այնտեղ գտնվում։ Նիկոլ Փաշինյանի վախերն այնքան մեծ են, որ նա բավական լուրջ հսկողության տակ է պահում նաև իր թիմակիցներին. բոլորի վերաբերյալ, այս բառն օգտագործենք, «կոմպրմատերիալներ» («կոմպրոմատ») ունի պահած։ Դա ցույց է տալիս նույնիսկ ՔՊ-ականների ելույթների ժամանակ նրանց վախվորած պահվածքը, հատկապես՝ Եկեղեցու հետ կապված։ Շատերը փորձում են խորշել, շատերը փորձում են չպատասխանել, բայց այն վախը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքում կան կոնկրետ նյութեր իրենց նկատմամբ, ստիպում են վախվորած շարունակել մինչև վերջ պաշտպանել Նիկոլի շահերն իրենց ելույթներում»,– հավելեց արդարադատության գեներալը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս