Երաժշտություն լսելը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը 

Նոր հետազոտությունը պարզել է, որ կյանքի ուշ շրջանում պարբերաբար երաժշտություն լսելը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը․ գրում է Euronews-ը։

Ավստրալացի հետազոտողների ​​խումբը վերլուծել է 70 տարեկան և բարձր ավելի քան 10,800 մեծահասակների տվյալներ և պարզել, որ պարբերաբար երաժշտություն լսող մեծահասակների մոտ դեմենցիայի առաջացման հավանականությունը 39 տոկոսով ավելի ցածր է նրանց համեմատ, ովքեր երաժշտություն քիչ են լսում կամ ընդհանրապես չեն լսում։

Նշվում է, որ մշտապես երաժշտություն լսող մարդկանց մոտ ոչ միայն նկատվել է դեմենցիայի ավելի ցածր ցուցանիշ, այլև ճանաչողական խանգարումների առաջացման 17 տոկոս նվազում, բարձր ճանաչողական ցուցանիշներ և առօրյա իրադարձությունները հիշելիս օգտագործվող դրվագային հիշողության բարելավում։

Հետազոտությունը պարզել է, որ երաժշտական ​​գործիք նվագելը նույնպես կապված է ուղեղի առողջության հետ․ այս դեպքում դեմենցիայի առաջացման ռիսկը նվազում է 35 տոկոսով։

Այնուամենայնիվ, ուսումնասիրության հեղինակները զգուշացրել են, որ ստացված արդյունքները դիտարկողական բնույթ ունեն և դեռևս չեն հանդիսանում գիտական ապացույց։

Նշվում է, որ դեմենցիայի առաջացման դեպքերը շարունակում են աճել ամբողջ աշխարհում․ առկա տվյալներով՝ աշխարհում ավելի քան 57 միլիոն մարդ՝ շուրջ 9.8 միլիոնը Եվրոպայում, ունի այս հիվանդությունը։

Ալցհեյմերի հիվանդության միջազգային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի գրանցվում է դեմենցիայի ավելի քան 10 միլիոն նոր դեպք։
ABC media

Տեսանյութեր

Լրահոս