Բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ է՞լ է Փաշինյանը խնդիր տեսնում. Ո՞ր դրվագն է վտանգում օրակարգը

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկնել է բանակին ուղղված անօրինական հրամանը:

ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք

«Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու՝ կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև, ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում:

Տեսեք, Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պետք է ուժային սցենարով փորձենք լուծել: Այսինքն՝ պետք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային սցենարով պետք է լուծես: Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով:

Կարդացեք նաև

Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է: Բայց մենք ասում ենք՝ մեր օրակարգում նման հարց չունենք և չենք ունենալու»:

Այս տարվա փետրվարին 168.am-ը հոդված էր հրապարակել՝ «ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանի խոստովանությունը և ոչ օրինական հրամանը» վերտառությամբ:

Սրա համար հիմք էր հանդիսացել Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածը, որտեղ նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:

Ինչպես նկատել ենք մեր հոդվածում, սա նշանակում է՝

– Ներկա դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ,

– Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ 29.743 քկմ տարածքային ամբողջականությունը, հատկապես, երբ Ալիևը մի առիթով հայտարարել է, որ չի պատրաստվում իր զորքը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքներից:

– ՀՀ իշխանությունները չեն կարողացել պահպանել միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքը, կամ թույլ չեն տվել ՀՀ զինված ուժերին կատարել իրենց սահմանադրական պարտականությունը և պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը,

Հայաստանը միակողմանի է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և փաստացի ստացվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է 86.600 քկմ-ից ավելի տարածք,

– Նիկոլ Փաշինյանը սակարկման է դրել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, և առանց այն վերականգնելու, պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այսինքն, դրա վերականգնումը խաղաղության բանակցություններում նախապայման կամ պայման չէ:

Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինքն էր հայտարարել. «Համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Իսկ Ադրբեջանից միշտ հասկացրել են, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր վերջնական տարբերակով, եթե երկու երկրների միջև պետական սահմանի հաստատման խնդիր կա, գործընթացն ավարտված չէ:

Եվ դեռ հարց է՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում արդյո՞ք ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ-ն վերադարձվելու է Հայաստանին, կամ այդ տարածքի որքա՞ն մասն է Հայաստանի վերահսկողության տակ անցնելու նորից:

Այստեղ չպետք է մոռանանք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում Ադրբեջանին դեռ տարածքներ են տրվելու, այն դեպքում, երբ դեռ պարզ չէ ավելի քան 200 քկմ ՀՀ օկուպացված տարածքի ճակատագիրը:

Ի դեպ, դեռ պետք է քննարկվի, թե ինչու չեն կանխվել 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումները, կամ՝ ինչու չեն ձեռնարկվել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքով և «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված միջոցառումները։ 

Իսկ ներկա պահին, կրկնում ենք, փաստացի ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքը 29.743 քկմ չէ, եթե ընդունենք Փաշինյանի հոդվածում նշված ձևակերպումը:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նկատել է. «Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ՝ միլիմետրի տարբերությամբ, սահմանի վրա, իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չէ»:

Արցախի առաջին պատերազմից հետո 30 տարվա ընթացքում դիրքային փոփոխություններ են եղել, և հենց այս իրողությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է հասներ նախքան 2021 թվականին ադրբեջանական ներխուժումը, ինչո՞ւ չէ՝ մինչև 2020թ. դեկտեմբերը եղած իրավիճակին, ինչը չի կարողացել անել:

Հիշեցնենք, որ 2021-2022 թվականներին ՀՀ իշխանությունը գոնե հրապարակավ պահանջում էր, որ ադրբեջանական զորքը հետ քաշվի ելման դիրքեր, և նոր միայն բանակցային գործընթացում սկսեն խաղաղության հաստատման բուն աշխատանքներին: Բայց փաշինյանական դիվանագիտությունը կամ Փաշինյանը քաղաքական գործիքակազմով չկարողացավ սրան հասնել:

Եվ երբ Ալիևը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում իր զորքը հետ քաշել, այս պահանջը ՀՀ իշխանությունն անմիջապես մոռացավ:

Եվ հիմա, երբ Փաշինյանն արգելում է բանակին մտնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և օկուպացված տարածք՝ վստահեցնելով, որ սահմանազատման գործընթացով կարողանալու է վերականգնել օկուպացված տարածքները, ծիծաղելի է, հատկապես, երբ Տավուշում պիլոտային և ոչ անօրինական սահմանազատման գործընթացի արդյունքում հայկական կողմը տարածքներ, դիրքեր է կորցրել, բայց չի վերադարձրել խոստացած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հողատարածքները:

Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այս դիտարկման հետ, կարող է հրապարակել՝ ի՞նչ է ստացել Ադրբեջանը Տավուշում սահմանազատման արդյունքում, և ի՞նչ՝ Հայաստանը, կամ՝ ով ինչ է վերադարձրել:

Նշենք, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում Տավուշից զորքի հետքաշման և խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում շեշտել էր. 

«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»: Արդյո՞ք չկա տարընթերցում կամ դրա համար հիմք:

Իսկ Ադրբեջանը սահմանազատման առաջին փուլ համարում է 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհահատվածի հանձնումը, երբ նաև Փաշինյանի որոշմամբ տեղի էր ունեցել Սյունիքից զորքի միակողմանի հետքաշում:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե անօրինական հրամաններ է տվել ՀՀ զինված ուժերին, և մեզ ոչ մի կերպ չի հաջողվել պարզել՝ արդյոք ՀՀ ՊՆ-ում կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում գրավոր հրաման կամ արձանագրություն կա՞ այս մասին, ինչի՞ հիման վրա է զորքը հետ քաշվել, արդյո՞ք Փաշինյանն ուներ նման հրամանի իրավունք:

Դեռ հարց է՝ արդյո՞ք Սյունիքի շուրջ տեղի ունեցած խորհրդակցությունները ձայնագրվել են: Ինչո՞ւ ենք սա շեշտում:

2023 թվականի մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունով Տավուշի «անկլավների» հանձնմանը և հերթական անգամ մեղադրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, թե՝ «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»:

«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի,- շեշտել էր Փաշինյանը, որից հետո նա շարունակել էր,- Մեր քաղաքական թիմի անդամներն ասում էին, որ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք է ձայնագրվեն, նաև հեռախոսային բոլոր խոսակցությունները: Ինչի՞ չի դա արվել, և այլն, և այլն: Դե, ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, արձանագրվել, այլապես շատ մարդիկ շատ բաներ խոսալու ոչ մի տարբերակ չէին ունենա»:

Ի՞նչ է ստացվում՝ նման կարևոր քննարկման կամ խոսակցության փաստական ապացույց Փաշինյանը չունի՞, գուցե ունենալը ձեռնտո՞ւ չէ, իսկ գուցե ունի, բայց դրա հրապարակումն իրե՞ն ձեռնտու չի: Ո՞վ գիտի, գուցե մի օր աղավաղված այս քննարկումից էլ «սլիվներ» լինեն, այնպես, ինչպես ԱԽ գրասենյակն էր արել և աղավաղված հրապարակել 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ, իսկ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել իր ամբողջական ելույթը, հատկապես, երբ ԱԽ-ն արդեն գնացել էր փակ հանդիպմանը հնչեցված խոսակցության գաղտնազերծմանը: Բայց Նիկոլ Փաշինյանը դրան այդպես էլ չգնաց:

Մյուս կողմից, չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ ֆեյսբուքյան որոշ գրառումներ Նիկոլ Փաշինյանը խմբագրել էր, գուցե որոշ բաներ էլ հեռացրել են: Բայց այս պահի դրությամբ բանակին հերթական հրամանները տրվում են հրապարակային:

Բանակի կերպափոխման հայեցակարգը չի՞ բխում Փաշինյանի խաղաղության օրակարգից

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նշում է, որ «Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը», այսինքն, ռազմական որևէ սցենար չպետք է դիտարկվի:

«Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն և, իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում»,- շարունակել է Փաշինյանը:

Վերադառնալով բանակի կերպափոխման հայեցակարգին և դրան առնչվող Նիկոլ Փաշինյանի ձևակերպմանը՝ հավելենք, որ 168.am-ը գրել է, որ «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում է կատարվել հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի, որտեղ չկան սպառնալիքների հստակ գնահատականներ, և, թե որտեղից է այն գալիս: Ամեն դեպքում, հայեցակարգում առաջարկվում է.

ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

– պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում,

– ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում,

– հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում,

– զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում,

– ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում և այլն:

Այսինքն, փաստաթղթի հեղինակներն այն կարծիքին են, որ ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:

Այս եզրահանգման ՀՀ պաշտպանության նախարարությունը եկել է տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:
Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանի խաղաղության օրակարգում չի տեղավորվում անգամ հակառակորդին, այսպես ասած, զսպել և սանձահարել չառաջարկող բանակի կերպափոխման հայեցակա՞րգը…

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վերջին օրերին էսկալացիայի տրամաբանության մեջ տարածված տեղեկատվությանը և դրա նպատակին՝ նշելով, որ՝ «նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի»:

Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումները և դրա շուրջ վերջին օրերի ակտիվությունը տեղավորվում է խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի տրամաբանության մեջ, դա արձանագրել ենք, բայց հարցը՝ կողմերից ո՞վ ինչ խնդիր է լուծում և որքանո՞վ էին այս օրերին Փաշինյանն ու Ալիևը սինխրոն գործում, կամ՝ փաստաթուղթը ստորագրելու անընդհատ հիշեցված պատրաստակամության մեջ ո՞ր մասն էր կատակ, ո՞ր մասը՝ լուրջ:

Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, և գուցե Ալիևն ավելի լավ է ճանաչում նրան, դրա համար էլ Փաշինյանի ֆեյսբուքյան համապատասխան գրառումներն ադրբեջանական լրատվամիջոցներն առաջիկա ժամերին ակտիվությամբ չընդունեցին: Իսկ այն, ինչի մեջ երկիրը ներքաշել է Նիկոլ Փաշինյանը և ինչի մեջ դեռ կարող է ներքաշել, բնավ էլ կատակ բան չէ:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հիշատակված հարցազրույցում կրկնել է, որ էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով:

Բայց փաստ է, որ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն այս պահին 29.743 քկմ-ից էլ փաստացի պակաս է:

«Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար, այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը և նրա իրագործումը»,- շարունակել է Փաշինյանը՝ առանց մանրամասնությունների:

Իր հերթին՝ երեկ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը լրագրողներին ասել է. «Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Գրիգորյանը չի բացառել էսկալացիայի հնարավորությունը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է լռել՝ ինչ մեթոդների կարող է դիմել Ադրբեջանը՝ հետաձգելու խաղաղության համաձայնագրի ստորագրությունը ներկա տեսքով, նրան հետաքրքրում է, որ Հայաստանը գնում է խաղաղության, և ՀՀ ԶՈՒ-ն պիտի գործի այդ տրամաբանության մեջ և չփորձի ապահովել գոնե 29.743 քկմ տարածքային ամբողջականությունը: Եվ ոչինչ, որ ՀՀ գործող սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Եվ մինչև Փաշինյանը բանակին հրահանգում է գործել ՀՀ սահմանադրությունից դուրս, Ալիևն իր երկրի զինված ուժերի առաջ խնդիր է դրել՝  գործել 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ:

168.amը գրել է, որ 2024 թվականի տարեվերջին տրված Ալիևի հրամանում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է հրամանում:

Չմոռանանք, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Փաշինյանը լավ գիտի՝ «1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը վերանայել էր 2025 թվականի ռազմական բյուջեի նախագիծը և որոշել, որ այն ոչ թե կրճատվելու, այլ զգալի ավելացվելու է՝ մոտ 20 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս