Ձեռքներդ հեռու հերոսների վրայից. իշխանամերձ բլոգերը որոշել է 44-օրյայում զոհված ՀՀ ազգային հերոսին մեղադրել Հադրութը չպահելու մեջ

Վերջերս տարակուսում էի՝ անդրադառնա՞լ այս խայտառակ դրվագին, թե՞ ոչ, քանի որ այն առնչվում է 44-օրյա պատերազմում զոհված Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին: Նախկինում ինչ-ինչ արձանագրումներ եղել են, սակայն այն շրջանցել ենք՝ չցանկանալով, որ իր անունն ավելորդ անգամ շրջանառվի: Սակայն որոշեցի ամեն դեպքում կարճ անդրադարձ կատարել, և դա իր հիմնավորումն ունի:

Եվ այսպես: Ապրիլի 30-ին աչքովս ընկավ Նիկոլ Փաշինյանի մերձակա բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումը, որտեղ նա Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին մեղադրում է Հադրութը թողնելու համար՝ առանց մարտի, և մեկ այլ հրամանատարի՝ Կարեն Հայրապետյանին:

Իմ համապատասխան գործողություններից հետո գրառումը հեռացվել է, բայց ինչու եմ անդրադառնում այդ դրվագին, քանի որ այնտեղ նշվում է, որ այս տեղեկությունը տեղ է գտել 44-օրյա պատերազմի մասին իր գրքում, պատկերացնում եք, չէ՞, 44-օրյայի մասին ով է գրում, իսկ ռազմական նախկին ղեկավարությունը լռում է, պետական գաղտնիքի մասին սկզբունքից խոսում, իշխանությունները քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն ցանկանում հրապարակել:

Կարդացեք նաև

Ինչևէ, երբ կարդացի այս զառանցանքը Վահագն Ասատրյանի հասցեին, ում շատ լավ եմ ճանաչել, առաջին բանը, որ հիշեցի, նրա մայրիկի՝ տիկին Սիմա Պետրոսյանի մի առիթով «Եռաբլուրում» ինձ պատմածն էր, որտեղ, մասնավորապես, նշում էր

«Երբ արդեն Հադրութում էր, ամսի 11-ի (հոկտեմբեր.- Մ.Պ.) գիշերվա մեր խոսակցությունը… երկար խոսեցինք, հոգնած էր, բայց խոսում էր, պատասխանում հարցերիս: Ասեց՝ «մամ, Հադրութում եմ, Հադրութ չեն կարող մտնել, դիրքերը ես երկարացնում եմ, խորացել եմ, ամեն ինչ նորմալ է»: Ոգևորված էր, ամսի 11-ին ինքը ադրբեջանական «Յաշմային» էր խփել, մեծ վնասներ տվել: Առաջին անգամ ասեցի՝ որդիս, ընտանիքդ կարոտել է քեզ՝ կինդ, տղաներդ, ասեց՝ մամ, Սիմաշս, չեմ կարող գալ, հնարավոր չի թողնել զորքին և գալ: Ես գիտեի, որ Ադրբեջանն ուզում է նրան ոչնչացնել, որտեղ որ բռնեն, ամբողջ նրանց ռացիաները…»:

ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ինչից հետո, ըստ էության, իր ստորաբաժանումը բարոյապես «ոչնչացվել է»: Նույն օրը զոհվել են նաև փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը, նույն ժամանակում զոհվել է նաև մայոր Լևոն Ավետիսյանը:

Վերադառնանք Բաղդասարյանին, ով միաժամանակ իր գրքում գրել է, թե իբր «Հադրութի վերաբերյալ տեղեկատվության 95 տոկոսն Արծրուն Հովհաննիսյանին տվել են կեղծ, և հենց այդ ստով սպանեցին մեր հատուկջոկատայիններին»: Այստեղ, իհարկե, իշխանամերձ բլոգերը չի շրջանցել Պեգովին՝ մեղադրական տոնով:

Եվ ոչինչ, որ նույն Պեգովը 44-օրյայի ժամանակ ոչ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ էր, այսպես ասած՝ տալիս-առնում, այլև Արծրուն Հովհաննիսյանի: Ավելին, Արայիկ Հարությունյանի տված ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանն ավելի արժանահավատ էր համարում, քան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանինը:

Բացի այս, ոչ մեկ անգամ գրել ենք, որ օտարերկրյա լրատվամիջոցները, կասկածելի բլոգերները, իշխանամերձ շրջանակները պատերազմի ժամանակ մուտք են ունեցել պատերազմական հատվածներ, մինչդեռ հայաստանյան լրատվամիջոցները սահմանափակում ունեին անգամ ունեցած հավաստի տեղեկությունը հայտնելու: Այստեղ հարկ է մեկ այլ դրվագ էլ հիշել:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ նշելով. «Հրամանատարի հետ»:

Այսինքն, հոկտեմբերի 9-ին կամ դրանից առաջ գործողությունների պլան է գծվում, իսկ հոկտեմբերի 10-ին ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվում է առանձին գնդի հրամանատարի պարտականություններից և դրսևորում անփույթ վերաբերմունք: Համենայնդեպս, պատերազմից հետո այս մեղադրանքով է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվում:

Իսկ ինչո՞ւ է հրաժարվում Յայլոյանը գնդի հրամանատարի պարտականություններից, միգուցե Արցախի հարավային հատվածների, Հադրութի շրջանի տեղանքին ծանոթ չի՞ եղել, ինչպես պահանջում են մարտական գործողությունները, ի վերջո, Յայլոյանը Երևանից է մեկնել Արցախ ծառայության, դրանից առաջ ծառայել է Մեղրիում: Իսկ գուցե ա՞յլ խնդիրներ են եղել:

Ինչևէ, որոշ ժամանակ անց, ինչպես հայտնել ենք, 44-օրյային առնչվող քրեական գործի շրջանակում մեղադրվող գնդապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Իսկ գնդապետին առաջադրված մեղադրանքը չի խանգարել նրան, որ իր ծառայությունը շարունակի ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում, իսկ հետո նրան պաշտոն է վստահվում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում, նա համարվում է Սուրեն Պապիկյանի մտերիմներից:

Վերադառնանք Վահագն Ասատրյանին, որի նման հրամանատարները շատ չեն լինում, և հիմա կասկածելի անցյալով ինչ-որ բլոգեր որոշում է Հադրութը կորցնելու մեղավոր գտնել, և դրա պատասխանատվությունը դնել լավագույն հրամանատարներից մեկի վրա, ով զոհվել է՝ հայրենիքը պաշտպանելու ժամանակ, ի դեպ, դեռ պետք է նաև նրա մահվան հանգամանքները հասկանալ, քանի որ նա եղել է թշնամու թիրախում, իսկ պատերազմի դաշտում հայկական կողմից թշնամու հետ համագործակցողներ են եղել:

Պետք է մի օր մանրակրկիտ քննվի նաև Հադրութի հետ կապված ցանկացած դրվագ, ի դեպ, ինչպես Շուշիի դեպքում, Հադրութի կորուստը ևս տարբեր ժամանակներում փորձել են տարբեր մարդկանց գրպանը գցել իշխանությունները:

44-օրյայի էջը փակված չէ, մի օր ցանկացած դրվագ ռազմական և իրավական քննության պետք է ենթարկվի: Իսկ մինչ այդ մենք պետք է պաշտպանենք մեր հերոսներին «կեղտոտ ձեռքերից», ինչպես նրանք են մեզ պաշտպանել պատերազմի դաշտում:

Մենք չպետք է անտարբերությամբ հետևենք, թե ինչպես են այսօր վարկաբեկվում մեր դե յուրե և դե ֆակտո հերոսները, որովհետև իրենք միայն իրենց հարազատներինը չեն: Դեռ այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031