Փաշինյանը «հաստատեց» Գրիգորի Խաչատուրովի կալանավորման պատճառը. նա պատրաստ է վարելահողերի դիմաց Ադրբեջանին հանձնել Տավուշի գյուղերը

Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին:

Փաշինյանը պատրաստ է Տավուշի գյուղերի հանձնմանը

«Ազատություն»- Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է նաև պահանջ, որ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան՝ նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել, հիմա օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞:

Նիկոլ Փաշինյան- Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունը օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել:

Կարդացեք նաև

«Ազատություն»– Եթե պատրաստ է, մենք պատրա՞ստ ենք:

Նիկոլ Փաշինյան– Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:

Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

Մենք պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա:

Նախ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխեն էր գնացել 2023 թվականի փետրվարի կեսերին:

Այցի շրջանակում Մյունխենում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Մյունխենյան այս հանդիպումից մեկ ամիս հետո (որի մասին Փաշինյանը հիշատակել է «Ազատության» հետ հարցազրույցում)՝ մարտի 16-ին, փողերի լվացման մեղադրանքով և «ժամկետանց» և անհեթեթ գործով կալանավորում են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, որի դեմ Փաշինյանի գիտությամբ տարբեր մեթոդներով արշավ վաղուց էր սկսվել, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որովհետև խանգարում էր Տավուշի հետ կապված փաշինյանական, ադրբեջանական պլաններին:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թվականի փետրվարին 15-ին, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ 

«Հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, և ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի գործընթացը միկրոհեղափոխությունների»,- քննարկման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը՝ խոստանալով հաջորդ անգամ խոսել միկրոհեղափոխությունների նշանակության մասին ղարաբաղյան գործընթացում, որն ինքը նախաձեռնել է:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման տրամաբանության մեջ Ֆեյսբուքում ներկայացրել էր կետեր, որի 4-րդ կետում նշվում էր. «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրոհեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում»:

Եվ եթե այդ ժամանակ «միկրոհեղափոխություն» տեսանք Արցախի հարցի շուրջ, ապա պատերազմից հետո և այսօր կարող ենք ենթադրել, որ արդեն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը «մեկ-երկու գործողություն» կամ «միկրոհեղափոխություն» ասելով՝ նաև նկատի է ունեցել ՀՀ-ի սահմանների հետ «չլուծված» հարցը, մասնավորապես՝ Տավուշի հետ կապված:

Իսկ օրերս «Հրապարակը» թերթը հրապարակել էր ինչ-որ սպայի գրություն, որտեղ նա հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովից ժամանակին ստացել են հրաման՝ «անհրաժեշտության դեպքում, հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել տավուշյան սահմանագիծը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ այդ ժամանակ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Սակայն 2021-ի մայիսի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի արած ֆեյսբուքյան գրառումը ստիպեց ենթադրել, որ, ըստ էության, Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, որն արդեն, կարելի է ասել, «թղթի վրա է»:

Մեկ օր հետո՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Մինասյանի գաղտնազերծումը:

«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում, և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասել էր նա:

Մասնագետների կարծիքով, եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու:

Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, այս դեպքում մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը լեզվական վրիպում և սայթաքում է թույլ տալիս՝ ասելով. «…մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար…», և միայն հետո է խոսում դրանց պատկանող վարելահողերի մասին:

Լրագրողն իր հարցում ևս այս ձևակերպումն է օգտագործում՝ հղում անելով պաշտոնական Երևանին. «…Երևանն ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել….»:

Պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն Փաշինյանի լեզվական այս սայթաքումը, ընդամենը կարող ենք ենթադրություններ անել, բայց մի բան հստակ է՝ Փաշինյանի այսօրինակ լեզվական սայթաքումները թանկ են նստում մեզ վրա:

Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, առիթ է տալիս նաև Տավուշի հատվածից հայելային հետքաշման համար, որքան էլ հայտարարի, որ այն միայն խաղաղության պայմանագրից հետո է լինելու, եթե անգամ այդ ժամանակ սա լի է վտանգներով: Այսինքն, Փաշինյանը պարարտ հող է ստեղծում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների և այնուհետ միակողմանի զորքի հետքաշման, կամ էլ ինչ-որ հատվածներ ՀՀ զինված ուժերից վերցնելու և հանձնելու սահմանապահ ուժերի վերահսկողությանը: Այսինքն, տավուշյան թևում հնարավոր են ինչ-որ սադրանքներ, և հենց այս ամենի տրամաբանության մեջ է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի մեկուսացումը:

2016թ. Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, 2020թ. պլանները փոխվեցին

Ի դեպ, 168.am-ը՝ «2016թ. Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, 2020թ. պլանները փոխվեցին. «Հայկական ժամանակի» հոդվածն ու գեներալի դեմ արշավը» վերտառությամբ հոդվածում ուշագրավ ակնարկներ էր արել նաև հուլիսյան մարտերի և Գրիգորի Խաչատուրովի հեղինակությանը վնասելու համատեքստում, որը դուրս է մնացել ուշադրությունից:

Մենք հիշեցրել էինք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում 2016-ին տպագրված՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածը:

2016 թվականի հուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Օրեր անց «Հայկական ժամանակը» վերոհիշյալ հոդվածում գրել էր.

«Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Յուրի Խաչատուրովի տեղակալ»:

Այսինքն, շեշտը դրել են ոչ թե նրա վրա, որ Սերժ Սարգսյանն Օնիկ Գասպարյանին նշանակել է ԳՇ պետի տեղակալ (2017-ին նա նշանակվեց ԳՇ պետի առաջին տեղակալ), այլ փորձել են ինտրիգ մտցնել՝ գեներալ Օնիկ Գասպարյանին ազատել են հանուն Յուրի Խաչատուրովի որդու՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը և զրուցակից ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ըստ էության, կասկածի տակ էին դրել նրա մասնագիտական կարողությունները:

«Եվս մի կարևոր հանգամանք. երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»,- 2016 թվականի հուլիսյան այս հոդվածում գրել էր «Հայկական ժամանակի» հոդվածագիրը:

Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրացրել էր.

«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:

Հուլիսյան մարտերից առաջ, դրա ընթացքում և հետո արդեն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզոր կարողությունների մեջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը համոզվեցին՝ արձանագրելով դիրքային լրջագույն հաջողություններ, և, որ Տավուշի անվտանգությունը հուսալի ձեռքերում է, բայց արդեն վաղուց պլանները փոխվել էին:

Գեներալների գործելու ժամանակը

Եվ ոչինչ որ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշի մասին կետով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը:

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին նույն ժամանակահատվածում հիշեցրել էր. 

«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Ավելի ուշ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էր արձագանքել Օնիկ Գասպարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս մեղադրանքին:

«Հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»,-  yerevan.today-ի հետ զրույցում մանրամասնել էր Տիրան Խաչատրյանը:

Այսօր, փաստորեն, Տավուշի հարցը դարձյալ օրակարգում է, և նոյեմբերի 9-ի հայտարարությունից տավուշյան կետը «հանող» Փաշինյանն այսօր պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերն ինչ-ինչ վարելահողերի դիմաց:

Գրիգորի Խաչատուրովն այս պահին կալանքի տակ է, հետաքրքիր է՝ երբ այս վտանգը մոտ լինի, ինչպե՞ս իրենց կդրսևորեն գեներալները՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, ինչո՞ւ չէ՝ նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Այսօր նրանց քննություն հանձնելու ժամանակն է…

Տեսանյութեր

Լրահոս