
Ադրբեջանի բանակը գործելու է Ալիևի՝ 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կոլեգիայի նիստ է հրավիրել, որտեղ ներկայացվել է գերատեսչության 2024 թվականի հաշվետվությունը:
Մասնավորապես, խոսելով բանակաշինության ոլորտում և զինված ուժերում իրականացված բարեփոխումների և Ադրբեջանի նախագահի՝ բանակի առջև դրված խնդիրների մասին, Հասանովը հատուկ ընդգծել է ռազմական հզորության կարևորությունը՝ միջազգային հարթակում Ադրբեջանի հեղինակության բարձրացման և տարածաշրջանը համաշխարհային ուժային կենտրոնի վերածելու գործում:
Այնուհետև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հաջողությամբ շարունակվում են երկրի տարածքային ամբողջականության ու ռազմական անվտանգության ապահովման, ինչպես նաև՝ բանակի մարտական կարողությունների ու մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ հիշեցնելով ադրբեջանական զինանոցը նորագույն տեխնոլոգիաներով արտադրված սպառազինության ժամանակակից համակարգերով համալրելու մասին:
Այս համատեքստում Զաքիր Հասանովը հայտնել է, որ հաշվետու տարում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները մասնակցել են ավելի քան 20 երկկողմ և միջազգային զորավարժությունների:
Ինչ վերաբերում է 2025 թվականի համար նախատեսված միջոցառումներին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մասնավորապես, հանձնարարականներ է տվել «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին մարտական հերթապահության կազմակերպման», և «հակառակորդի գործունեության կամ գործողությունների շարունակական դիտարկման և վերահսկողության ուժեղացման» հետ կապված:
Ընդ որում, Զաքիր Հասանովը կոլեգիայի մասնակիցներին ասել է, որ իր պահանջները բխում են երկրի ղեկավարի այն հրամանից, որի համաձայն՝ Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի, քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին: Ուստի, նրա խոսքով, այս տարի հատուկ ուշադրություն են դարձնելու իրենց զինված ուժերի ստորաբաժանումների մարտական պատրաստվածության և անձնակազմի պրոֆեսիոնալիզմին առնչվող հարցերին, և պետք է առավել բարձր մակարդակով կատարեն վերադասի առաջադրած խնդիրները:
168.am–ը գրել էր, որ 2024 թվականի տարեվերջին տրված Ալիևի հրամանում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:
«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է հրամանում:
Մենք նշել էինք նաև, որ 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հայտարարելով՝ Ալիևը ներքին և արտաքին լսարանի համար ուժի ցուցադրության հերթական հնարավորությունն է ստեղծում, հատկապես, երբ թուրքական կողմից ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում Թուրքիայի շնորհիվ է հաղթել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը վերանայել էր 2025 թվականի ռազմական բյուջեի նախագիծը և որոշել, որ այն ոչ թե կրճատվելու է, այլ զգալի ավելացվելու՝ մոտ 20 տոկոսով:
«Ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտության նոր օջախների ի հայտ գալը, մեր շուրջ պատերազմները և լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են մեզ անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է: Եվ եթե մենք պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»,- սեպտեմբերին ադրբեջանական խորհրդարանում շեշտել էր Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի բանակի մարտական կարողություններն ավելանում են, և, որ իրենց զինված ուժերն այսուհետև ևս շարունակելու է զինվել պատշաճ մակարդակով:
Հիշեցնենք, որ Ալիևը ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը կամ նոր սահմանադրություն մշակելն այսօր արդեն դիտարկում է՝ որպես խաղաղության պայմանագրի կնքման պայման, և որը Նիկոլ Փաշինյանը մտադիր է կատարել, ինչին ևս մանրամասն անդրադարձել ենք, բայց կա նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման հարց, այնպես որ՝ Հայաստանի դեմ հարձակման հնարավորությունը ոչ ոք չի չեղարկել, հատկապես, եթե հաշվի առնենք ադրբեջանական սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ առկա տարածքային պահանջները, ինչի մասին հենց Նիկոլ Փաշինյանն է խոսել:
Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նա նշել էր.
«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»: