Պաշտպանության նախարարի հետ վոթսափային զրույցը ձայնագրելու Փաշինյանի «լրագրողական» և կաբինետում հույժ գաղտնի» զրույցները չձայնագրելու «ինստիտուցիոնալ» որոշումը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը «կոնտրքայլ» է կատարել և իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է իբր սկանդալային տեսանյութ:
Տարածված տեսանյութի վերջում տեղադրվել է Փաշինյանի և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի հաղորդագրությունը՝ թվագրված 2021, նոյեմբերի 14:
Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ առավոտյան ժամը 9:38-ին Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում` «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա», որից հետո ժամը 16:12-ին երևում է Փաշինյանի տեքստը՝ «ո՞ւր եք», 16:39-ին Փաշինյանը գրել է՝ «անպատասխանատու բան ստացվեց», 16:40-ին բաց թողնված զանգ: Այնուհետև տեսանյութում 18:01-ին երևում է Կարապետյանի պատասխանը՝ «լավ», իսկ 18:26-ին Փաշինյանն ասում է՝ «լուրջ խոսակցություն պետք է ունենանք, 18:58-ին էլ հավելում՝ «պիտի բացատրություն տաք հանրային՝ ինչ է տեղի ունեցել»:
Հիշեցնենք, որ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից որոշել է հեռացնել, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նախկին նախարարն իրեն զեկուցել է, որ «սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»:
Կարապետյանն էլ իր արձագանքում նշել է, որ նոյեմբերի 14-ին չէր կարող Փաշինյանին որևէ բան զեկուցել, քանի որ նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում:
«Այնտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի: Բացի դրանից, մենք ունեինք խնդիր զենքի գնման, որոշ տեսակների ներկրման դեպի Հայաստան, հիմնականում խոսքը հարվածային անօդաչու սարքերի մասին է: Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցելու մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին: Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, որը մնացել էր Պաշտպանության նախարարի տեղը՝ որպես այդ օրը նախարարի ֆունկցիաներ կատարող»,- հայտնել է նա:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, չենք կարող ասել, քանի որ սա Կարապետյան-Փաշինյան վոթսափային խոսակցության մի փոքր մաս է, հատկապես՝ Արշակ Կարապետյանի ձայնագրության հատվածը: Բայց ելնելով ներկայացվածից և այն փաստից, որ փաշինյանական «սլիվում» բացակայում է հարցը՝ ինչին ի պատասխան է Կարապետյանն ասում, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և իրենց մոտը որտե՞ղ է՝ Դուբայո՞ւմ, կարող ենք փաստել, որ առնվազն տարածված տեսանյութում Փաշինյանը ոչինչ էլ չի ապացուցում: Միաժամանակ, այս ամենն ի ցույց է դնում այն խայտառակ իրողությունը, որ եղել է և կա, և այն, որ Փաշինյանը ձախողվել է՝ որպես գերագույն հրամանատար և ղեկավար, ավելի ճիշտ՝ նա երբեք էլ այն չի եղել և մնացել է դիմացինի հանդեպ կոմպրոմատներ հավաքող լրագրող: Երկրորդ՝ երկրի ղեկավարն ու պաշտպանության նախարարը շփվել են WhatsApp-ով, չի բացառվում, որ այսօր էլ նույն վիճակն է, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է Սուրեն Պապիկյանին այս տարբերակով հրամաններ տալիս, այլ Պապիկյանն էլ հրամանատարների հետ է նույն տարբերակով շփվում: Ուրախ կլինենք, եթե սխալվենք առնվազն Պաշտպանության նախարար-հրամանատարներ շփման առումով:
Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում ոչ մի բան զարմանալի չէ, զարմանալին դրա վրա զարմանալն է:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ զանգահարում էր առաջնագծի տարբեր տեղամասեր և տալիս հարցեր, որոնց պատասխանելով՝ կարող էր ռազմական գաղտնիք բացահայտվել:
Նիկոլ Փաշինյան– 5-րդ պաշտպանական շրջա՞ն:
– Զինվոր- Այդ հարցին չեմ կարող պատասխանել:
Նիկոլ Փաշինյան– Ո՞նց է մարտական վիճակը, եղբայր:
Զինվոր– Լավ է:
Նիկոլ Փաշինյան- Դուք որտեղի՞ց եք:
Զինվոր– Շիրակի մարզ:
Նիկոլ Փաշինյան- Իսկ հիմա սենյակում, որ խոսում ենք, էլ ով կա:
Զինվոր- Չեմ կարող ասել:
Նիկոլ Փաշինյան- Բայց կա՞ն էլի մարդիկ:
Զինվոր- Չեմ կարող ասել:
Նիկոլ Փաշինյան- Հպարտ եմ, որ մարտական, ռազմական գաղտնիքները ճիշտ պահում եք:
Այսինքն, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այստեղ ընդունում է, որ ուղիղ եթերում, հրապարակայնորեն փորձում էր ռազմական, մարտական գաղտնիքներ «կորզել», գուցե զինվորին ստուգելու համար:
Վերադառնանք Արշակ Կարապետյանի դեմ «կոմպրոմատին» և Փաշինյանի՝ դիմացինի հետ շփումները նման կերպ անմահացնելու սովորությանը:
2023 թվականի մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունով Տավուշի «անկլավների» հանձնմանը և հերթական անգամ մեղադրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, թե «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»:
«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի,- շեշտել էր Փաշինյանը, որից հետո նա շարունակել էր,- Մեր քաղաքական թիմի անդամներն ասում էին, որ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք է ձայնագրվեն, նաև հեռախոսային բոլոր խոսակցությունները: Ինչի՞ չի դա արվել, և այլն, և այլն: Դե, ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, արձանագրվել, այլապես շատ մարդիկ շատ բաներ խոսալու ոչ մի տարբերակ չէին ունենա»:
Ի՞նչ է ստացվում՝ նման կարևոր քննարկման կամ խոսակցության փաստական ապացույց Փաշինյանը չունի՞, գուցե ունենալը ձեռնտու չէ՞, իսկ գուցե ունի, բայց դրա հրապարակումն իրե՞ն ձեռնտու չի: Ո՞վ գիտի, գուցե մի օր աղավաղված այս քննարկումից էլ «սլիվներ» լինեն, այնպես, ինչպես ԱԽ գրասենյակն էր արել և աղավաղված հրապարակել 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ, իսկ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել իր ամբողջական ելույթը, հատկապես, երբ ԱԽ-ն արդեն գնացել էր փակ հանդիպմանը հնչեցված խոսակցության գաղտնազերծմանը: Բայց Նիկոլ Փաշինյանը դրան այդպես էլ չգնաց:
Հավելենք, որ Սյունիքից զորքի հետքաշման և Գորիս-Կապան ճանապարհահատվածի Ադրբեջանին հանձնելու շուրջ 2020 թվականի դեկտեմբերին ևս քննարկումներ են եղել, 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում՝ ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:
Արդյո՞ք այս քննարկումների ձայնագրությունները կան, թե՞ դրանք Կառավարությունում դարձյալ Նիկոլ Փաշինյանի կաբինետում են տեղի ունեցել, որտեղ տեղի ունեցած խոսակցությունները, ըստ Փաշինյանի, չեն ձայնագրվել: